Ֆրանսիացիներին խաբել են` կեղծ հայտարարության տակ դրել նրանց անունները
«Հրապարակը» երեկ անդրադարձել էր Ֆրանսիայում «նոր»՝ «Հայ դատի կազմակերպության» տարածած հայտարարությանը, որով կամակերպությունը դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հայաստան զորախումբ ուղարկելու խնդրանքով: Հայտարարությունը ստորագրել են ֆրանսիացի 122 հայտնի գործիչներ, քաղաքապետեր եւ փոքր թվով հայեր:
Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին եւ հայաստանյան ընդդիմությանը. «Իրավիճակը բարդացնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահների վերաբերմունքը, որը պետք է ներկայացնի ծագումով հայերին Ֆրանսիայում, բայց աջակցում է Փաշինյանի կառավարությանն ընդդիմացողներին (շատ փոքրամասնություն` Հայաստանում), իսկ ընդդիմությունը հրաժարվում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրերի հիման վրա երկու երկրների սահմանների վերաբերյալ որեւէ համաձայնությունից եւ եւ չի վարանի նպաստել զինված հակամարտության վերսկսմանը (բայց ի՞նչ արդյունքի համար․ անշուշտ՝ աղետալի)»:
Հայտարարության տակ ստորագրողների թվում հայտնի ֆրանսիացիների անուններ կան, այդ թվում` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, որոնք գործընկերային շատ լավ հարաբերություններ ունեն Մուրադ Փափազյանի հետ եւ անգամ Փափազյանի ուղեկցությամբ այցելել են Հայաստան ու Արցախ: Մեր երեկվա հրապարակման մեջ Մուրադ Փափազյանը մի քանի խոսք էր ասել, որ Մակրոնին դիմելը եղել է իրենց գաղափարը, ոմանք այդ գաղափարը գողացել են: Ըստ ամենայնի, այս նամակի հետեւում երեւում են սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի «ականջները», ով զբաղված է սփյուռքը պառակտելով եւ մերժվել է հատկապես ֆրանսահայ համայնքի կողմից: Մենք մի քանի հարց էլ ուղղեցինք Մուրադ Փափազյանին:
- Այս «նոր»՝ «Հայ դատի կազմակերպության» տարածած հայտարարության տակ այնպիսի մարդիկ են ստորագրել, որոնց հետ Դուք ունեք բավականին լավ գործընկերային հարաբերություններ: Ինչո՞ւ են այդ մարդիկ միացել նման հայտարարությանը, որի մեջ ոչ դրական լույսի տակ եք ներկայացվում ե՛ւ Դուք, ե՛ւ հայաստանյան ընդդիմությունը, ե՛ւ CCAF-ը:
- Իրենք չեն ստորագրել այդ տեքստի տակ: Այդ 122 անդամներին մենք ենք հավաքել, եւ նրանք մեր հայտարարության տակ են ստորագրել: Մենք կոչով դիմել ենք նախագահ Մակրոնին՝ Հայաստան զինվորական ուժ ուղարկելու համար, որպեսզի կասեցնեն Ադրբեջանի ագրեսիան: Այդ նամակի տակ ստորագրել են 122 ֆրանսիացի ազդեցիկ քաղաքական գործիչներ, ազդեցիկ մարդիկ, ընտրված անձինք, որպեսզի այդ կոչին ուժ տրվի: Դա տեղի է ունեցել մի քանի շաբաթ առաջ: Այդ նորաստեղծ կազմակերպությունը, որը բաղկացած է երեք-չորս հոգուց, գողացավ այդ 122 անձանց անունները եւ դրեց իրենց թղթի տակ՝ այդ մարդկանց համար անսպասելի: Նշանակում է, իրենք ստի մեջ են, տպավորություն ստեղծելու համար, թե այդ մարդիկ իրենց հայտարարության տակ են ստորագրել: Այս կեղծիքի համար հնարավոր է դատական ընթացք սկսվի, եթե 122-ից գոնե մեկ-երկու հոգի դիմի դատարան, որ իրենց ստորագրությունը դրվել է ուրիշ տեքստի տակ, կեղծվել է: Սրանք անլուրջ մարդիկ են, որոնց լավ ենք ճանաչում, որոնք Հայաստանի իշխանությունների գործիքն են, գործակալներն են եւ մասնակցում են սփյուռքի պառակտմանը: Նրանք չեն ուզում ուժեղ սփյուռք: Այս կազմակերպությունը դեռ չծնված՝ մահացավ կեղծիքի մեջ:
- Իսկ Դուք զրուցե՞լ եք այդ գործիչների հետ: Կա՞ն մարդիկ, ովքեր կդիմեն դատարան:
- Չեմ խոսել, չգիտեմ, նոր է այս իրականությունը: Մենք չենք քաջալերում, դա իրենց գործն է: Այս մանիպուլյացիան շատ տգեղ էր:
Կարծիքներ