«Խեղճ հայվանն ի՞նչ անի»

«Խեղճ հայվանն ի՞նչ անի»

Հասանք նրան, որ նիկոլապաշտ հանրությունն իր կուռքի բացթողումները, սխալներն ու մյուս բացասական երեւույթներն արդարացնելու համար մտածի, թե «խեղճ հայվանն ինչ անի»: Սա արդեն վերջն է՝ երեք տարի առաջվա «դուխով» Նիկոլի վերջը: Սա կրկնակի վերջն է՝ մտածողության ու նույնիսկ նիկոլապաշտ հանրությանը հատուկ չմտածողության ամեն չափից դուրս: Ես չեմ պատկերացնում որեւէ այլ երկիր, որտեղ հասարակության որեւէ հատված սեփական երկրի ղեկավարին նման բնորոշում տա: Այն էլ այն հատվածը, որ երեք տարի առաջ ուղղակի պաշտում էր նրան, չորս ամիս առաջ էլ ձայն է տվել, չնայած պատերազմում կրած խայտառակ պարտությանը: Ավելի քան երեք տարի ես քննադատում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքականությունը, եթե դա կարելի է քաղաքականություն անվանել: Սակայն երբեք չեմ մտածել, որ նրան կարելի է բնութագրել «խեղճ հայվան» բառակապակցությամբ: Վերը նշված բնութագրման «խեղճ» հասկացությունն էր արդեն ոչ ընդունելի՝ ուր մնաց, թե դրան գումարվեր «հայվան»-ը: Եթե նախկին «դուխով» Նիկոլը մի փոքր արժանապատվություն ունենար, գլուխը կառներ ու կփախչեր: Եթե մի քիչ էլ դրան գումարվեր համարձակություն, ինքն իրեն վերջ կտար: Բայց, ինչպես տեսնում ենք, նա չունի ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը: Բայց նա ուրիշ բան ունի՝ ունի անսահման իշխանատենչություն:

Չնայած հանուն արդարության պիտի ասվի, որ Նիկոլին բնորոշող՝ ավելի հաճախ հանդիպող արտահայտությունը, սակայն, ոչ թե «խեղճ հայվան»-ն է, այլ «խեղճ եթիմ»-ը: Պատկերացնո՞ւմ եք նախկին «դուխով»-ի փոխարեն թեկուզ «խեղճ եթիմ» գրությամբ գլխարկը գլխին. ես, անկեղծ, չեմ պատկերացնում: Բայց դա, պատկերացնենք, թե ոչ՝ իրականություն է: Փաստորեն, խայտառակ պարտության ու Իլհամի ձեռառնոցների ֆոնին Նիկոլն այնքան է խոնարհվել մարդկանց առաջ, որ մտավոր բոմժերի (դրա մասին առանձին հոդված եմ գրել «Հրապարակի» համար) մոտ այդ խոնարհվելն առաջացրել է «խեղճի» տպավորություն: Դրան, բնականաբար, գումարվել են նախկիններին «բոբո» ներկայացնելու նիկոլական ջանքերը, եւ արդյունքում ստացվել է պետության ղեկավարի նկատմամբ նիկոլապաշտների այդպիսի վերաբերմունքը:

Կասկածում եմ՝ նման բան ասողները կամ գրողները կցանկանայի՞ն, արդյոք, իրենց տանտիրոջ դերում տեսնել թեկուզ եւ «խեղճ եթիմի» նման մեկին: Բայց, չգիտես ինչու, մեր ընդհանուր տանտիրոջ (հիշենք «Հայաստանն իմ օջախն է…» նիկոլական կարգախոսը) պարագայում դա նորմալ են համարում: Դա կարելի է բացատրել պետական մտածողության բացարձակ բացակայությամբ, սակայն, ամեն դեպքում, այն նորմալ երեւույթ չէ: Ու ցավալի է, որ դա վերաբերում է հենց մեր ժողովրդի բավական մեծ զանգվածին: 

Լավ, ենթադրենք, թե քչից-շատից հասկանում ենք Հայաստանի վարչապետի նկատմամբ մտավոր բոմժերի այդպիսի վերաբերմունքի պատճառը: Իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին որքանո՞վ է այն հաճելի: Քիչ թե շատ գրագետ անձի համար նման վերաբերմունքը պետք է որ բավական տհաճ լիներ: Եվ նա ամեն ինչ պետք է աներ, որպեսզի փոխվեր այդ վերաբերմունքը: Բայց մենք տեսնում ենք, որ նա ոչինչ չի անում, որպեսզի այն փոխվի: Թե՞ չի անում հենց գիտակցորեն, քանի որ Փաշինյան Նիկոլի դեպքում ամեն ինչ արդարացված է, եթե այդ «ամեն ինչը» նպաստում է վերջինիս իշխանության պահպանմանը: Եվ ցանկանանք մենք դա, թե ոչ, հայաստանյան իրադարձությունները զարգանում են հենց նշված տրամաբանությամբ: Վերջինիս եռամյա վարչապետության ընթացքը եւ հատկապես հետպատերազմյան իրադրությունը հենց դրա վկայությունն է: Իսկ եթե մենք չենք ցանկանում դառնալ այդ «խաղի» մասնակիցը, ապա Փաշինյան Նիկոլը պետք է հեռացվի ճիշտ այնպես, ինչպես գրավեց իշխանությունը: