Ռուսաստանը փոխում է ՏԻՄ համակարգը

Ռուսաստանի Պետդուման նախապատրաստում է տեղական ինքնակառավարման մասին օրենքի նոր նախագիծ, որը թեեւ ենթադրում է երկաստիճան համակարգի պահպանում, սակայն առաջին մակարդակի մունիցիպալիտետները՝ քաղաքային կամ գյուղական, լուծարվում են, եւ անցում է կատարվում տեղական ինքնակառավարման միաստիճան համակարգի։ Չնայած, վերլուծաբանների կարծիքով` ոչ բոլոր դաշնային սուբյեկտների սրտով է այդ պրոցեսը, սակայն հատկապես դժգոհ է Թաթարստանը:
Թաթարստանի եւ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի շուրջ հավաքված, այսպես կոչված, «պայմանական կոալիցիային» որոշակի զիջումներ, թերեւս, Կրեմլը կանի, քանի որ Թաթարստանը բավականին յուրահատուկ դիրք ունի Ռուսաստանի ռեգիոնալ համակարգում եւ կարողանում է որոշ դեպքերում կենտրոնական իշխանությունից զիջումներ կորզել։ Այս անգամ էլ թերեւս այդպես կլինի։ Իսկ, ընդհանուր առմամբ, նոր ՏԻՄ համակարգը ներդնելիս առաջնայինը կենտրոնաձիգ իշխանության ուժեղացումն է եւ տեղերում կառավարելիության մակարդակի բարձրացումը։ Թեեւ պաշտոնապես հայտարարվում է, որ փոփոխություններն արվում են ծախսերի ռացիոնալացման համար, Կրեմլի այս քայլը վերլուծաբանները համարում են բավական լավ մտածված քայլ՝ կենտրոնական իշխանությանը հակադրվելու ունակ մարմինների լիկվիդացում։ Բանն այն է, որ, ռուսական օրենսդրության համաձայն, տեղական ինքնակառավարումը սահմանադրական ինստիտուտ է, որը նաեւ համարվում է քաղհասարակության (ռուսական ընկալմամբ) կարեւոր մարմին եւ «ներքեւների նախաձեռնողականության» հարթակ։
Սա նշանակում է, որ նույնիսկ ներկայիս ռուսական պետական-իշխանական համակարգի պայմաններում այն կարող է հակադրվել կենտրոնին։ Ուստիեւ արդեն այժմվանից կրեմլյան ստրատեգները փորձում են անել հնարավորը՝ այն չեզոքացնելու եւ հնազանդեցնելու համար։ Այս ամենի մեջ ուշագրավ է նաեւ այն, որ այս փոփոխություններն իբրեւ թե ներդրվելու են ռեգիոնների կողմից, սակայն իրականում դա լինելու է կենտրոնի ցուցումը, որն իրականացվելու է ֆեդերալ ֆինանսավորման միջոցով։
Առնվազն 45 ռեգիոնում, ըստ ՌԴ Կոմկուսի տվյալների, այս «բարեփոխումներն» առաջանցիկ կերպով արդեն իրականացվել են՝ «Կենսական ենթակառուցվածքներ» ազգային ծրագրի շրջանակում։ Ու հիմա, երբ օրենսդրական սինխրոնացումն էլ կատարվի, գործընթացն ամենակարճ ժամկետում՝ «հարվածային տեմպերով» կավարտվի։
Կարծիքներ