Պուտինը չի շնորհավորել Թրամփին. Կրեմլը հերքում է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքում է, որ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնապես շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Ոչ արժանահավատ տեղեկություններ են», - ասել է Պեսկովը ռուսական լրատվամիջոցներին։ Կրեմլի ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել «Верстка» պարբերականի հրապարակումը, որը նոյեմբերի 6-ին հայտնել է, թե, ըստ աղբյուրների, Ռուսաստանի իշխանությունների և էլիտայի ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորել են Թրամփին ոչ թե պաշտոնական զանգով, այլ «ծանոթների միջոցով».
Խորհրդարանում «Верстка»-ի բարձրաստիճան զրուցակիցը պնդում է, որ շնորհավորանքներ են փոխանցել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, Պետդումայի և Դաշնության խորհրդի խոսնակներ Վյաչեսլավ Վոլոդինը և Վալենտինա Մատվիենկոն։ Կրեմլին մոտ կանգնած «Верстка»-ի աղբյուրը հայտնել է, որ ոչ պաշտոնական շնորհավորանքները փոխանցվել են ՌԴ ԱԳՆ-ի միջոցով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը։
Կարծիքներ