Ուսանողները՝ քաղաքական եւ անձնական կրքերի հորձանուտում

Ուսանողները՝ քաղաքական եւ անձնական կրքերի հորձանուտում

Շիրակի պետական մանկավարժական համալսարանում կրքեր են բորբոքվել, ուսանողությունը պառակտվել է, թշնամանքի մթնոլորտ է ձևավորվել որոշ մարդկանց նեղ անձնական շահերի պատճառով։ Բուհը տարիներ շարունակ ունեցել է ուսխորհուրդ, որը պարբերաբար դեռևս նախկինների ժամանակ իր կանոնադրությունը ներկայացրել է կրթության նախարարությանը, որպեսզի այն հաստատեն, սակայն տեխնիկական պատճառներով չեն գրանցել։ Սակայն թավշյա հեղափոխությունից հետո ինչպես բազում բուհերում, ուսխորհրդին զուգահեռ ձևավորվել է սորոսական հովանավորչությամբ գործող «Ռեսթարտ» խմբավորում։ 2800-ից ավել ուսանող ունեցող բուհում «Ռեսթարտում» ընդգրկված է մոտ 70 ուսանող, վերջիններս ստեղծել են նոր ուսանողական խորհրդարան ու հայտարարում են, որ հենց իրենք են լեգիտիմ ուսխորհուրդը։ Մարզից ահազանգեր ենք ստանում, որ բուհում երկու խորհուրդները ամենօրյա կոնֆլիկտի և հակամարտության մեջ են։ Ուսանողները իրենց բուն գործառույթը  թողած՝ հակամարտում են միմյանց դեմ։ Օրերս նոր խորհուրդը նաև հայտարարություն տարածեց հերթական ընդհարման մասին, որից նաև պարզ դարձավ, որ իրենց կանոնադրությունը արդեն իսկ ընդունվել է ՇՊՀ ուսանողական նոր Ընդհանուր ժողովի կողմից և ուղարկվել ԿԳՄՍ նախարարություն՝ հաստատման։ 

Նրանք հայտնում էին, թե հին ուսխորհրդի պարագլուխների կողմից խոչընդոտվել է ՇՊՀ նոր ՈւԽ նախաձեռնող խմբի թվով 40 ուսանողների տեղաշարժը և իրազեկման ակցիան Շիրակի պետական համալսարանի առաջին կուրսեցիների շրջանում։

Միևնույն ժամանակ զգուշացնում էին, որ ՇՊՀ-Ի նոր ուսանողական խորհրդի ձևավորման պրոցեսը «բացառապես իրավական դաշտում է»։

«ԿԳՄՍ նախարարությանը կոչ ենք անում տեր կանգնել այս իրավիճակին, հեղափոխության արժեքների և արդարության ու ճշմարտության համար պայքարող ուսանողներին մենակ չթողնել վարչական լծակներ ունեցող հանցագործների հետ դեմ առ դեմ, ովքեր բուհը քայքայել են այս տարիների ընթացքում և սերունդներ են փչացրել։․․․Հեղափոխությունը նոր է սկսվում»,-  եզրափակել էին նրանք հայտարարությունը ։

Մենք տեղեկացանք, որ ուսանողական ռեսթարտի կուրացիան իրենց ձեռքն են վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ու «Ասպարեզ» ակումբի ղեկավար, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Իսկ որն է այս մարդկանց շահը կամ նպատակը։ Ինչպես հայտնի է, բուհի հոգաբարձուների խորհրդում ուսխորհուրդներն ունեն 25 տոկոս ներկայացվածություն, ևս 25 տոկոս ներկայացվածություն էլ ունեն բուհի գիտխորհրդի կազմում, իսկ սա նշանակում է, որ առանց նրանց հավանության, օրինակ, հնարավոր չէ բուհի ռեկտոր ընտրել։

Բանն այն է, որ ՇՊՀ-ում առաջիկայում ռեկտորի ընտրություն է սպասվում, նշված անձինք ցանկանում են ուսխորհրդի միջոցով տապալել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ընտրությունը, ամեն ինչ անել, որպեսզի վերջինս չդառնա ռեկտոր։ Սահակյանը, հիշեցնենք, նախկինում բավական ջերմ հարաբերություններ ուներ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից տարածքային բաժնի պետ Սահակ Սահակյանի հետ։ Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո սահուն անցում կատարեց հեղափոխականների ճամբար, և ասում են՝ քրոջ որդու՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամ Կարեն Պետրոսյանի ջանքերով նշանակվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Թե ինչու են դեմ Երվանդ Սերոբյանի թեկնածությանը, դա էլ նախապատմություն ունի։ 
Դեռևս այս տարվա սկզբին Սերոբյանի տղային՝ Ժորա Սերոբյանին նշանակեցին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում։ 

Սակայն մինչ նշանակումը նա մասնակցել էր մրցույթին, և ավելի քիչ միավոր հավաքել, քան երկրորդ թեկնածուն՝ Աշոտ Կուրղինյանը, ով Նազելի Բաղդասարյանի մտերիմն է։ Պատգամավորն այս նշանակման դեմ մինչև անգամ ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ մարզպետին մեղադրելով թայֆայական մտածողության մեջ, ով հանուն այդ գործոնի  իր մտերիմին տնօրենի պաշտոնում է նշանակել, երբ իրականում հաղթել է այլ թեկնածու․«Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու, մենք այս ամենին վերջ ենք դրել և դուք պատասխանատվություն եք կրում ձեր ցանկացած որոշման համար»,- ասում էր Բաղդասարյանը։ Հիմա, ըստ լուրերի, նա որոշել է վրեժխնդիր լինել և տապալել Ժորժիկ Սերոբյանի հոր ընտրությունը։ Արդյունքում խժդժություններ ու պառակտում է մտել ուսանողության շրջանում։

Երեկ՝ ԱԺ հայտարարությունների ժամին, Նազելի Բաղդասարյանը անդրադարձավ ՇՊՀ-ում տիրող իրավիճակին, բայց այն փորձեց այլ հունով տանել։Նազելի Բաղդասարյանը հայտարարեց՝ Շիրակի պետական համալսարանից ահազանգ է ստացել, որ խոչընդոտվում է ուսանողների ազատ կամարտահայտման իրավունքը․«Ահազանգի հենքում նշվում էր, որ որոշակի քաղաքական ուժերի կողմից քաղաքական կոնտեքստ պարունակող տեսանյութերը փորձում են ուղղորդել և տարածել ուսանողների շրջանում»։

Պատգամավորն այս գործընթացը մտահոգիչ համարեց և հիշեցրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարություններն այն մասին, որ ուսումնական հաստատությունները պետք է լինեն ապաքաղաքական։

Բաղդասարյանը հրավիրեց  Հոգաբարձուների խորհրդի անդամների, նախարարության ուշադրությունը այս իրավիճակին, ասաց՝ ակնկալում է լսել նաև ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարի կարծիքը։

«Թույլ մի տվեք ձեզ ներքաշել քաղաքական դաշտ և օգտագործել որպես գործիք»,-այսպիսի կոչով դիմեց Բաղդասարյանը ուսանողներին՝ չբացառելով, որ ուսանողներին առաջիկայում կփորձեն ներքաշել Գյումրիում սպասվող քաղաքական գործընթացների մեջ։ Մենք պարզեցինք, որ հին ուսխորհրդի որոշ ներկայացուցիչներ իրենց ֆեյսբուքյան էջերում «կիսվել» են  Ռուբեն Մխիթարյանի՝ իշխանություններին քննադատող հայտնի հոլովակներով, իսկ Ռուբենին ընկալում են որպես միքայելմինասյանական ազդեցության տակ գործող անձնավորություն։ Սակայն ոսանողները մեզ հետ մասնավոր զրույցներում ասացին, որ պատգամավորը, ըստ էության, խնդիրը տեղափոխում է նախկինների դաշտ, որպեսզի հաջողությամբ իրագործի իր ծրագիրը։

Լսեցինք նաեւ Նազելի Բաղդասարյանին՝ նախ խնդրեցինք պարզաբանել՝ ինչ նկատի ուներ, երբ հորդորում էր ուսանողներին քաղաքական որոշ ուժերի ձեռքին «գործիք» չդառնալ․«Ես այդ մասին վկայող ահազանգեր ունեմ, գրառումներ, որտեղ ինձ նշել են, այո, մեկը քաղաքական բովանդակության տեսանյութերի տարածման մասով էր, բայց որի մասին ես այս պահին չեմ ցանկանում խոսել»։ Մեր ճշտող հարցին՝ խոսքը Ռուբեն Մխիթարյանի տեսանյութե՞րն են, պատգամավորը չպատասխանեց։ Ինչ վերաբերում է նոր ուսխորհրդին աջակցելու անձնական շահագրգռվածությանը, որ ցանկանում է թույլ չտալ, որ Երվանդ Սերոբյանը ռեկտոր դառնա, իշխանական պատգամավորն ասաց․«Կարծում եմ՝ ուսանողները որևէ մեկի աջակցությունը չունեն, այստեղ խնդիրն էլ չի դրվում ինչ որ մեկի պաշտոնավարման կամ չպաշտոնավարման հետ կապված, որովհետև եթե մարդիկ ելույթս լսել են, դրա շեշտը լրիվ այլ դաշտում է՝ որևէ քաղաքական խաղի մեջ չներգրավվել։ Ի վերջո, ինչ կապ ունեն անձերը, ինչ կապ ունի ռեկտորը, կուրացիան։ Իսկ անձնական հարաբերությունների հետ կապված խոսակցություները դավադրությունների տեսություն են»։