Դիվանագիտական ոլորտի վարկաբեկումը սկսել են Արա Այվազյանին վատաբանելուց

Դիվանագիտական ոլորտի վարկաբեկումը սկսել են Արա Այվազյանին վատաբանելուց

Հունիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը խոչընդոտել է հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք: Դա հիմնավորեց այսպես․ «Այվազյանը մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները չունենք»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Արա Այվազյանը չէր կարող վտանգել միջազգային գործընկերների մոտ իր հեղինակությունը եւ չէր հանդգնի ակնհայտորեն ստել, առավել եւս՝ դեմ գնալ Փաշինյանին: Ընդ որում, իմանալով, որ այդ քարտեզներն արդեն իսկ փոխանցվել են կամ շուտով փոխանցվելու են: Որեւէ ողջախոհ մարդ (եթե չունի հոգեկան շեղումներ), նման քայլի պարզապես չէր գնա: Ավելին՝ միայն այն փաստը, որ Արա Այվազյանի որդին 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին որպես զինվոր եղել է ամենաթեժ կետում, իսկ իմքայլականները մի քանի սելֆի արեցին Գորիսի տարածաշրջանում, եւ այդպես էլ ՔՊ ջոկատը չհասավ Արցախ ու չմասնակցեց ռազմական գործողություններին, բավական է հասկանալու համար, որ Գրիգորյանը ստում է:

Այս 3 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի խոսքերում այնքան սուտ, կեղծիք, իրարամերժ եւ հակասական խոսքեր են հնչել, որ հայ հասարակության մտածող մասն անմիջապես գլխի ընկավ, որ կառավարությունն է թաքցրել ԱԳ նախարարից, թե իրականում ինչ են բանակցում ադրբեջանցիների հետ, եւ հենց այդ թաքցնելու պատճառով են, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացրել ոչ միայն նախարարը, այլեւ նրա բոլոր 4 տեղակալները: ԱԳՆ վերնախավի այս աննախադեպ հրաժարականները վկայում են այն մասին, որ ականապատման քարտեզների փոխանցման եւ դրանք հայ ռազմագերիների հետ փոխանակելու հարցում առկա են լուրջ խնդիրներ եւ անհամաձայնություններ: Ինչո՞ւ:

Հանրության մտածող հատվածը՝ ներառյալ նրանք, ովքեր իրենց հայտնի պատճառով օրեր առաջ ընտրել են Փաշինյանին (իսկ նրանց մեջ, անշուշտ, կան նաեւ մտածող, ազնիվ մարդիկ), չեն կարող չկասկածել եւ իրենք իրենց չհարցնել՝ իսկ գուցե Արա Այվազյանը միակ սկզբունքային մա՞րդն էր կառավարությունում եւ այդ իսկ պատճառով համաձայն չէր ադրբեջանցիներին հանձնել այն, ինչը հանձնելու կարիք չկա՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված է՝ բոլոր ռազմագերիներն ու պատանդի կարգավիճակ ունեցող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: 

Վստահ եմ, որ Ա․ Այվազյանն իր միջազգային գործընկերներին բացատրել է, որ Ադրբեջանը չի իրականացնում նոյեմբերի 9-ին ստանձնած իր պարտականություններն ու նոր նախապայման է առաջ բերում ռազմագերիներին վերադարձնելու համար, ինչը նախատեսված չէ եռակողմ հայտարարությամբ: ԱԳ նախարարը կարող էր մտածել՝ եթե ռազմագերիների ամեն խմբաքանակի հետ Ադրբեջանը նոր նախապայմաններ ներկայացնի, ապա շատ հավանական է՝ հերթը գա Հայաստանի ինքնիշխանության զգալի կորստին, Հայաստանի կողմից հավելյալ զիջումներին, եւ, առհասարակ, եթե մենք ամեն անգամ պետք է բանակցնենք այս հարցով, ապա այդ դեպքում ինչո՞ւ ենք ընդհանրապես վկայակոչում նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Եվ այսօր, երբ մենք արդեն տվել ենք շուրջ 97 հազար ականների տեղադրման վայրերի քարտեզները՝ փոխարենը վերադարձնելով 18 ռազմագերի, ապա մնացածին ինչպե՞ս ենք վերադարձնելու, ի՞նչ ենք տալու, եւ զիջումների այս շղթան մինչեւ ե՞րբ է շարունակվելու:

Փաստորեն, իշխող ուժն ընդունում է, որ անընդունակ է հետամուտ լինել իր ստորագրած փաստաթղթի իրագործմանը, այնինչ հայկական կողմը կատարել է իր բոլոր պարտավորվածությունները՝ վերադարձրել է բոլոր ռազմագերիներին (նույնիսկ 2015-ին Քարվաճառում երեխա եւ խաղաղ բնակիչներ մորթած Գյուլիեւին եւ Ասկերովին է տվել), զորքերը դուրս է հանել բոլոր տարածքներից (նույնիսկ այն տարածքներից, որտեղ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական զորքերը որեւէ լուրջ առաջխաղացում չէին ունեցել, ջախջախվել էին եւ չէին էլ կարողանա գրավել Արցախի բարձրավանդակի այդ հատվածը): 

Հետեւաբար՝ Արա Այվազյանն ընդամենը աշխարհին փորձել է բացատրել, որ Ադրբեջանն արհեստականորեն օրակարգ է մտցնում քարտեզների հարցը, որպեսզի, նախ, մեղմի իր վրա սաստկացող ճնշումներն ու փորձի հավասարեցնել կողմերին՝ ասելով, թե «տեսեք, հայերն էլ քարտեզները չեն տալիս», իսկ ամենագլխավորը՝ իր իսկ ստանձնած պարտավորությունը կատարելու համար հավելյալ բան ստանա այս իշխանություններից:

Արմեն Գրիգորյանի հայտարարությունն ամոթալի, բարձրաստիճան պաշտոնյային ոչ սազական արարք է։ Իշխանությունը նման հայտարարություններով ծաղրում է իր ընտրազանգվածին՝ հիմարի տեղ դնում: Իսկ իրենց չընտրած քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ ԱԳ նախկին նախարարին վատաբանելու փորձ անելով՝ նոր հարձակում են պատրաստում հայ դիվանագետների վրա՝ արտաքին գործերի համակարգում սպասվող աղմկահարույց նշանակումներին ընդառաջ՝ փչացնելով ու վարկաբեկելով հայրենի դիվանագետների կերպարը: