Ասում են՝ քանի որ արցախցի եք, իրավունք չունենք ձեզ հանրային որեւէ պաշտոն տալ

Ասում են՝ քանի որ արցախցի եք, իրավունք չունենք ձեզ հանրային որեւէ պաշտոն տալ

Արցախից բռնի տեղահանված հազարավոր մարզիկներ, մարզիչներ, մրցավարներ իրենց մասնագիտությամբ աշխատանք դեռ չեն գտել։  Նախօրեին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ զրուցել էինք, թե ինչ է անում ԿԳՄՍՆ-ն արցախցի մարզիչների համար։ Նա հավաստիացրել էր, որ ոչ մի լավ մարզիչ դրսում չի մնալու՝ ներգրավվելու է Հայաստանի մարզական կյանքում, որոշներն արդեն տեղավորվել են աշխատանքի, շատերն էլ եթե ոչ մինչեւ տարեվերջ, ապա հաջորդ տարի կտեղավորվեն։ 
Սակայն Արցախի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը պնդում է՝ ԿԳՄՍՆ-ն ընդհանրապես ոչինչ չի անում, ավելին՝ արցախցիների դիմումներին պատասխանում է. «Դուք պետական կառավարման համակարգում չեք կարող զբաղեցնել հանրային ծառայության պաշտոն»։  

Արմեն Պետրոսյանը, ով զբաղեցրել է ԱՀ կրթության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչի պաշտոնը, 15 տարի աշխատել է Արցախի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես կիոկուշին կարատեի մարզիչ, մարզական ձեռքբերումների համար 9 անգամ պարգեւատրվել է հանրապետության նախագահի կողմից, տեղահանությունից հետո, իր ընկերներից շատերի պես, դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Նույնիսկ չգիտեմ՝ այդ դիմումները հասցեատերին հասնո՞ւմ են, թե՞ ինչ-որ բաժնի կողմից տրվում է արձանագրային պատասխան, որը բոլորի համար նույնն է։ Որպես պատճառ՝ բերվում է այն, որ 070 անձնագրով, այսինքն մեր՝ Արցախի Հանրապետության անձնագրով քաղաքացիներն իրավունք չունեն զբաղեցնելու հանրային պաշտոններ, բայց ես գիտեմ ու ճանաչում եմ տասնյակ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց անձնագրերը նույն իմ անձնագրից են, բայց իրենք զբաղեցնում են այդ պաշտոնները»,-նկատում է զրուցակիցս։ Թե ում նկատի ունի, ասում է․ «Այդ մարդիկ հիմա էլ են զբաղեցնում բարձրաստիճան պաշտոններ, մի՞թե Անվտանգության խորհրդի քարտուղարը չուներ Արցախի անձնագիր, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Էդվարդ Ասրյանը չունի՞, եւ բազմաթիվ այլ գնդապետներ, փոխգնդապետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ծառայում են ՊՆ-ում, ուժային կառույցներում, մի՞թե նրանք այդ անձնագրից չունեն։ Հետո՝ ինչո՞ւ մեր քաղծառայության դասային աստիճանները չեն պահպանվում այստեղ, չէ՞ որ մենք նույնպես քննություն ենք տվել, մասնակցել մրցույթների, հաղթել ենք, նշանակվել պաշտոնների։ Մենք անցել ենք ճանապարհ, որը պետք է հարգվի, իսկ մարզական առումով, ասեմ՝ Հայաստանի Հանրապետության մենապայքարային մարզաձեւերի հավաքական թիմերի կորիզը միշտ էլ կազմել են արցախցիները։ Եղել են դեպքեր, երբ Հայաստանի հավաքականները կազմված են եղել միայն արցախցիներից, եւ ամենից շատ արդյունքները հենց արցախցիներից են եղել»։

Մի հանգամանք եւս, որը մատնանշում է Արմեն Պետրոսյանը․ «Դա ՀՀ քաղաքացիությունն ընդունելն է, որպեսզի մենք կարողանանք զբաղեցնել այն պաշտոնները, որոնք մեր կոչումներին ու որակավորումներին համապատասխանում են, բայց այդտեղ կա մի հանգամանք, որը մեծ վտանգ է իրենից ներկայացնում, որովհետեւ եթե դուք տեսել եք այն դիմումը, որը պահանջում են քաղաքացիություն ստանալու համար, ապա այնտեղ կա մի կետ, որտեղ մեզ ստիպում են ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ ամրագրված է, որ մենք չենք հանդիսանում որեւէ պետության քաղաքացի։ Այսինքն՝ փորձում են, որ արցախցիները հենց իրենց ձեռքով, իրենց ստորագրությամբ մերժեն Արցախը, ինչը թակարդ է, ծուղակ մեզ համար։ Հիմա դա ինչքանո՞վ է ճիշտ, իսկ եթե պետությունն իրոք ուզում է արցախցիների համար որեւէ լավ բան անել, ապա ինքը պետք է ճկուն քաղաքականություն ցուցաբերի եւ հենց ինքը հրաժարվի այս տեսակ գործելակերպից եւ չպահանջի արցախցիներից, որ նրանք ինչ-որ բանից հրաժարվեն։ Արցախցիներն ինչի՞ց հրաժարվեն՝ իրենց մանկությունի՞ց, իրենց գերեզմանների՞ց, իրենց անցյալի՞ց, փաստացի 30 տարի գոյություն ունեցած Արցախի անկախ հանրապետությունի՞ց։ Մենք այդքանից հրաժարվենք՝ ինչի՞ համար»։

Պետրոսյանն ընդգծում է․ «Այսինքն՝ եթե կարճ ու կոնկրետ ձեւակերպենք խնդիրը, ապա ԿԳՄՍՆ-ն մեզ պատասխանում է՝ քանի որ արցախցի եք, իրավունք չունենք ձեզ հանրային որեւէ պաշտոն տալ։ Սա է խնդիրը, մնացածը լոլոներ են, քանի որ ինչքան պատասխանը երկար է, այնքան հեռու է իրականությունից, իսկ կարճ-կոնկրետ՝ եթե արցախցի ես, պաշտոն չես ստանալու։ Բացի դրանից, մեզ ընդառաջ գալու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի օրենք, որով Արցախի Հանրապետության բոլոր կոչումները, դասային կարգերը, որակավորումները համապատասխանեցվեն ՀՀ-ի այդ նույն դասային որակավորումներին ու կոչումներին հավասար, որպեսզի մարդիկ կարողանան իրենց կյանքի վաստակով, ձեռքբերումով համապատասխան գործի ընդունվեն։ Ինձ թվում է՝ հայ ազգին պատիվ չի բերում, որ վաստակավոր կոչումներ, գիտական աստիճաններ, բարձր որակավորումներ ունեցող մարդիկ լինեն շատ ցածր պաշտոններում ու շատ ցածր աշխատանքի, որն այստեղ կատարում են միայն արտագնա հնդիկները եւ այլ ազգի ներկայացուցիչները»։

Որեւէ զանգ կամ հանդիպման առաջարկ չեն ստացել նաեւ իրենց գործընկեր ֆեդերացիաներից, ու դա ունի մի պատճառ․ «Ինչո՞ւ այստեղի մարզական կազմակերպությունները, ֆեդերացիաները խզել են կապը․ որովհետեւ արցախցի մարզիկն Արցախում եւ Արցախի մարզիկն այստեղ՝ դրանք լրիվ տարբեր բաներ են։ Արցախի մարզիկն Արցախում եղել է ֆինանսական եկամտի եւ փիառի աղբյուր հայաստանյան ֆեդերացիաների համար, այսինքն՝ ցանկացած ֆեդերացիայի համար պատիվ էր Արցախում մասնաճյուղ ունենալը։ Չկա Արցախ, չկա նաեւ եկամտի աղբյուր՝ անդամավճարների, մրցումների, քննությունների, գոտիների տեսքով, այլ կերպ ասած՝ չկա եկամտի աղբյուրը, չկա փիառը, որ, տեսեք՝ մենք էլ ունենք խումբ Արցախում։ Նույնիսկ շրջափակման ընթացքում մենք կարողացել ենք հարյուրավոր երեխաների համախմբել եւ Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպել մեծ ֆլեշմոբ ու դրանով մեր ձայնը բարձրացրել ենք աշխարհի առաջ, որպեսզի աշխարհահռչակ անվանի մարզիկները, մարզիչները, սպորտսմենները եւս օգտագործեն իրենց ձայնը՝ բարձրացնելու Արցախի հարցը համաշխարհային հարթակում։ Մի շարք պետություններում գործող միջազգային տարբեր ֆեդերացիաները միանգամից արձագանքեցին մեր ֆլեշմոբին՝ տեղադրելով այն իրենց էջերում, բացի Հայաստանի ֆեդերացիաներից։ Զարմանալի է, բայց՝ փաստ, որ հայաստանյան ֆեդերացիաներից ոչ մեկը բլոկադայի ժամանակահատվածում մեր իրականացրած միջոցառումներին, ֆլեշմոբերին, մրցումներին, ցուցադրական ելույթներին իրենց էջերում չի էլ անդրադարձել։ Ավելին ասեմ՝ Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը հայ ազգի ամենատիտղոսակիր մարզիկն է, որը կիոկուշին կարատեի ամենաբարձր վարկածով աշխարհի քառակի չեմպիոնն է, բազմաթիվ անգամ բարձրացրել է Հայաստանի ու Արցախի դրոշները միջազգային տարբեր հարթակներում, եւ ինձ համար վիրավորական է, որ նման մարզիկը ստանում է հրավեր Իտալիայից, Իսպանիայից, Նորվեգիայից եւ այլ տեղերից, որ գնա այնտեղ բնակվի ու դասընթացներ անի, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունից որեւէ աշխատակից նույնիսկ չի հարցրել, թե ինքը ո՞ղջ է մնացել պատերազմում, թե՞ ոչ։ Անգամ չեն առաջարկել, որ գոնե մի մարզադպրոցում մեթոդիստ կամ դասախոս աշխատի, քանի որ ավարտել է Երեւանի ֆիզկուլտինստիտուտը»։

Այդուհանդերձ, Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիան շարունակելու է իր աշխատանքը Հայաստանում։ «Մենք ամեն գնով պահպանելու ենք մեր ֆեդերացիան՝ որպես առանձին միավոր, նաեւ դիմելու ենք միջազգային ֆեդերացիային, որպեսզի մենք ունենանք առանձին բռենչ՝ առանձին ներկայացուցիչ, որը, ամենայն հավանականությամբ, կլինի աշխարհի չեմպիոն Արթուր Առուշանյանը՝ մեր ֆեդերացիայի գործող նախագահը։ Էլի կլինենք հայաստանյան գործող ֆեդերացիա, բայց՝ պահպանելով Արցախի անունը, եւ կփորձենք ընդլայնել մեր խմբերը, ինչը կլինի նաեւ աշխատանք մեր մարզիչների համար։ Անկախ ամեն ինչից՝ պետք է մեծ ջանք թափենք, որպեսզի նորից կարողանանք համախմբել երեխաներին մեր շուրջ եւ փորձենք մեկնարկ տալ մեր աշխատանքին, իսկ մենք Արցախում ունեինք ավելի քան 300 աշակերտ։ Դեռ միայն ինձ է հաջողվել մեկնարկ տալ, գտնել մարզադահլիճ եւ սկսել աշխատանքը։ Դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին, որի շնորհիվ մեզ անվճար տրամադրվել է մարզադահլիճ, իմ դիմումից ժամեր անց հարցին տրվեց դրական լուծում»։  

Նոյեմբերի 20-ից սկսած, Արմեն Պետրոսյանը թիվ 17 դպրոցի մարզադահլիճում բոլոր արցախցիների համար անցկացնելու է անվճար մարզումներ, որի նպատակը, բացի մարզական, ֆիզիկական ներգրավվածությունից եւ ուսուցումից, նաեւ արցախյան բարբառը պահպանելն է, որը, ըստ նրա, ազգային նպատակ է․ «Ես կարատեի միջոցով համախմբելու եմ Արցախի երեխաներին, առօրյա շփում ապահովելով՝ պահպանելու եմ մեր բարբառը, միաժամանակ զբաղվելու եմ նրանց ֆիզիկական դաստիարակությամբ»։