Եթե նախկինում առաջին փորձը տղամարդկանց մոտ էր, այսօր աղջիկների միջավայրում է շատացել

Երկրում աճող թմրանյութերից կախվածության և բուժման մեթոդների շուրջ զրուցել ենք ՀՀ ԱՆ Կախվածությունների Բուժման Ազգային Կենտրոն և «Life and recovery» վերականգնողական կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանի հետ։
- Թմրանյութերի օգտագործումը, դրանից կախվածության դեպքերը խիստ աճել են: Ձեր կարծիքով որոնք են պատճառները։
- Դժվար է ասել, աճը եղել է օգտագործման հետ, թե բացահայտված թվերն են շատ։ Թմրանյութերից կախվածության թիվը տարեց տարի ավելանում է, բայց կարող եմ ասել, որ բուժման ցանկություն հայտնողների թիվն էլ է ավելացել, ինչը ցույց է տալիս, որ թմրանյութերից կախվածության թիվը ավելանում է, և սրանք արդեն բացահայտված դեպքեր են։ Պետք է ընդունենք, որ բարձր է պրոպագանդան, վաճառքը, նաև սոցցանցերի միջոցով՝ տարբեր խմբեր ձևավորելը, որի շնորհիվ ձևավորվում են խմբեր։ Պրոպագանդայի ձևերից մեկը կարելի է ասել նաև երգերն են՝ երգի միջոցով մարդիկ ոգևորվում են, և այս փաստի հետ ես առնչվում եմ հիվանդների հետ շփվելու ընթացքում։ Սա կարող է սովորական մարդու համար լինել նորմալ՝ պրիմիտիվ երևույթ, բայց երգը կարող է դառնալ թմրանյութ օգտագործելու պատճառ, իհարկե ոչ բոլոր երգերը։ Երգերը կարող են հանդիսանալ նաև չարաշահման միջոց։
- Ձեզ համար պարզ է, մեր հասարակության ո՞ր խմբերի մոտ է տարածված թմրանյութերից կախվածության դեպքերը, և կա՞ն ինչ որ խմբեր, որոնք վստահաբար չեն օգտագործում թմրանյութ։
-Ասել, որ կա ինչ որ խումբ, որ չի օգտագործում սխալ է։ Այսօր մեծ տարածում ունի սոցիալական բոլոր խմբերի մոտ թմրանյութերից կախվածությունը։ Ասել, այսինչ ընտանիքի երեխան կամ անդամը չի օգտագործի, քանի որ նրանք ապահովված են ամեն ինչով` կրթված են, իսկ մյուս ընտանիքում, որ կան սոցիալական, կենցաղային խնդիրներ և տան անդամները չունեն բավարար կրթվածություն, ուրեմն այս ընտանիքի կամ նույն սոցիում ունեցող ընտանիքում չկա, մյուսում կա սխալ է՝ սա ավելի շատ կարծրատիպային մտածողություն է, որը մեզ մոլորեցնելու է, և մենք չենք կարողանալու ամողջովին բացահայտել օգտագործողների տվյալները։ Նույնը կարող եմ նշել հոգեբանական տեսանկյունից՝ կրկին կապ չունի, որ մեկը կարող է աչքի ընկնել ավելի կայուն վարքով, մյուսը` ոչ, և մենք ենթադրենք, որ ոչ կայուն հոգեբանություն, վարքագիծ ունեցող մարդը պոտենցիալ թմրանյութերից կախվածություն ունի, իսկ մյուսը` ոչ։ Տարբեր խմբերի մոտ կարող է լինել օգտագործվող նյութի տարբեր որակներ, տեսակներ։ Պետք է նշեմ թիրախային տարիքը՝ դեռահասության շրջանն է, որտեղ երեխան միջավայրից վերցնում է այն, ինչ նրան առաջարկում են։ Թմրանյութ սկզբնական շրջանում երեխան կարող է ստանալ որպես հյուրասիրություն, որը կարող է լինել շարունական այնքան ժամանակ, միչև երեխայի մոտ կձևավորվի կախվածություն, որը հետագայում կարող է դառնալ հյուրասիրողի համար պոտենցիալ գնորդ՝ վաճառող, նոր խմբեր ձևավորվեն: Եվ պետք է նշեմ, որ այսօր, այդ թմրանյութերի որակը այնքան ցածր են, որը շուտ կախվածություն է առաջացնում, և դժվարացնում է նաև հետագայում բուժումը։ Եթե երեխան հայտնվել է այս ծուղակում, այստեղ մեծ դեր ունի ընտանիքը, որը կարող է և՛ օգնել և՛ վնասել։ Ընտանիքը՝ ծնողները, պետք է բաց լինեն իրենց երխաների հետ, և բացահայտելու դեպքում ոչ թե քննադատեն, մեղադրեն, պատիժներ սահմանեն, այլ փորձեն ճիշտ ճանապարհով տանեն բուժման։ Եթե մենք քննադատում ենք, պատիժ ենք սահմանում, պետք է հաշվի առնեք, որ այդ պահին, թմրանյութերից կախվածություն ունեցողի մոտ բարձր է ինքնագնահատականը, բայց ցածր է դատողություններ անելու կարողությունը, և ինքը ավելի ագրեսիվ է։ Փորձը ցույց է տալիս, որ թմրանյութ օգտագործողների 99%-ը առաջին փորձից հասկանում է սխալը, բայց վախենում է խոսել ընտանիքի անդամների, ծնողների հետ, և հեշտությամբ վերադառնում է նույն միջավայրը։
- Անզեն աչքով, հնարավո՞ր է տարբերել թմրանյութերից կախվածության ունեցողին՝ պահվածքով, խոսքով, շարժումներից։
- Չափանիշները շատ են, բայց, ինչպես հոգեբանական խնդիրները, այնպես էլ կախվածությունը բնորոշում ենք տարիքի հետ պայմանավորված վարքագծով, օրինակ՝ դեռահասության տարիքում մեկուսացվածությունը, որը առաջին փուլում ծնողներին կարող է դուր գալ, և մեկնաբանեն՝ ինչ լավ է ամեն օր տանն է երեխաս, ոչ մի տեղ չի գնում, բայց վերջում պարզվում է՝ երեխան խաղային կամ թմրանյութերի կախվածություն ունի, և չի ցանկանում բացահայտել։ Երեխաների մոտ կարող է լինել նաև հիմնական գործունեության տատանումները, օրինակ՝ չի ցանկանում գնալ դպրոց՝ սովորել, շփվել իր միջավայրում։ Ծայրահեղ ակտիվությունը և ծայրահեղ պասիվությունը կարող է խոսել նույն երևույթի մասին։ Հույզերը կարող են բնորոշ լինել, բայց արտահայտման ձևը բնորոշ չի լինում, և սա միայն թմրանյութ օգտագործելու պատճառ չի, այլ՝ կարող է լինել հոգեբանական տարբեր խնդիրների արդյունք, և պետք չէ միանգամից կարծել` թմրամոլ Է։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել տվյալ իրավիճակում հայտնված մարդուն, պետք է ստեղծեն միջավայր, որտեղ, ոչ թե կմեղադրեն, և մյուս կողմն էլ կարդարանա, որ ինքը չի օգտագործել, այլ պետք է մտահոգությունից ելնելով՝ կարեկցելով հարցնել՝ ի՞նչ է կատարվում քեզ հետ, ինչով կարող եմ օգնել, եթե վատ ես զգում, կարող եմ ուղեկցել բժիշկի, եթե ասես ինչ առողջական գանգատներ ունես։ Բայց այս մոտեցումն էլ չպետք է լինի շատ կպչուն, քանի որ երբ շփվում ենք հիվանդի և ընտանիքի մեկ այլ անդամի հետ, որին կոչում ենք՝ փոխկախյալ, քանի որ ինքն էլ արդեն կարող է ունենալ հոգեբանական տարբեր խնդիրներ, որը արտահայտում է արդեն որպես հիվանդություն, որը կարող է խանգարել բուժվողի հետագա բուժման արդյունքների վրա։
- Այսօր ի՞նչ կառույցներ կան, պետական թե մասնավոր, որ այս խնդրով զբաղվում են, և ինչ ծառայություններ են մատուցում, վճարովի՞ է, թե՞ անվճար այս բուժումը։
- Առաջինը․ ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Կախվածությունների կանխագելման» կենտրոնն է, որը համալիր ծառայություններ է մատուցում՝ անվճար։ Եթե այցելուն որոշում է գալ, և ցուցում կա, նրան մեր մոտ բուժելու համար անվճար է, աշխատում են տարբեր մասնագետներ, բայց ծառայությունը չի ներառում սնունդ, այն հոգում է կամ հիվանդը, կամ հիվանդի բարեկամը։ Կարող է տարբեր հանգամանքներով պայմանավորված լինել վճարովի, սա այն դեպքում, երբ հիվանդը ցանկանում է անանուն մնալ, ցանկանում է առանձին սենյակում մնալ, կամ այլ երկրի քաղաքացի է։ Խնդրով զբաղվող այլ կառույցներ էլ կան, որոնք գործում են հասարակական հիմունքներով, որոնցից է «Կյանք վերականգնող» կենտրոնը, որտեղ ծառայությունները վճարովի են։
- Նման խնդիր ունեցողների քանի՞ տոկոսն է վերականգնվում կամ այլ կերպ ասած բուժվում։
- Կախվածությունների ոլորտը ամենաբարդն է՝ աշխարհով մեկ, բուժումից հետո վերականգնվում են բուժվողների 3%-ը։ Հիվանդների 99%-ը երբ նոր է սկսում բուժումը, վստահեցնում է, որ այլևս նույն կյանքով չի ապրելու, և ինքը, այդ պահին չի ստում, ինքը հավատում է իր ասածին։ Բայց շատերի մոտ չի հաջողվում բուժվել։ Երբ դու հիվանդ ես, թեկուզ ֆիզիկական, քեզ նոր կենսակերպ են առաջարկում, ասելով՝ արա սա, նա, և դու կբուժվես, բայց կախվածությունների ոլորտում բժշկի, այլ մասնագետների առաջարկվող նոր կենսակերպը երկարաժամկետ է, ֆիզիկական խնդիր չէ, որ շուտ բուժվես՝ գնաս տուն, և այստեղ է, որ հիվանդը չի ընդունում նոր կենսակերպով ապրելու երկարաժամկետ բուժումը։ Նաև կան դեպքեր, երբ բուժում ստացողը վստահեցնում է, որ ինքը բուժվել է, և այլևս չի օգտագործելու թմրանյութեր, մենք տխրում ենք, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման բան ասողները կրկին ետ են գալիս հիվանդանոց, բայց այն մարդը, ով գիտակցում է իր սխալը, բուժման շանսերը մեծանում են։
- Հայաստանում թմրանյութերից կախվածության դեպքերը իրենց տիպով, քանակով, մտահոգի՞չ են, թե՞ փոքր խմբեր են թմրանյութ օգտագործողները։
- Սարսափելի է։ Եթե նախկինում առաջին փորձը տղամարդկանց մոտ էր, և այն լինում էր բանակում, այսօր, արդեն օգտագործած, օգտագործման փորձով գնում են բանակ։ Նաև աղջիկների միջավայրում է շատացել, և արդեն իրենք են տարածող լինում, և դեպքերը քիչ չեն:
Կարծիքներ