Տիգրան Ավինյանն արդեն պատասխանում է զանգերին

Տիգրան Ավինյանն արդեն պատասխանում է զանգերին

Կառավարությունը ձեւավորված է, Նիկոլ Փաշինյանն արդեն փոխնախարարների նշանակումներին է անցել, բայց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանից որեւէ նորություն չկա: Շատերը վստահ էին, որ «հրաժեշտի խոսքերից»՝ օգոստոսի 2-ի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո Տիգրան Ավինյանը հազիվ թե պետական պաշտոն զբաղեցնի, խոսում էին, որ գնալու է մասնավոր սեկտոր՝ «ԹԻՄ» ընկերություն, նաեւ ԱՆԻՖ հիմնադրամի նախագահի կարգավիճակում է շարունակելու աշխատանքը։

Երեկ արդեն շարքային քաղաքացի Տիգրան Ավինյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին։ Հարցրինք, թե ինչու ոչ մի տեղ չնշանակվեց։ «Ես բոլոր մեկնաբանություններն այդ հարցերի շուրջ արդեն իսկ արել եմ։ Երբ կառավարությունը նշանակվել է, ֆեյսբուքյան ստատուս եմ գրել, որին ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք, որ այդ գրառմամբ նա հաստատել էր տեղեկությունները, որ իր հեռանալու պատճառը հիմնականում Խաչատուր Սուքիասյանի հայտնվել է ՔՊ ցուցակում․

«Ընտրական գործընթացի մեկնարկին որոշեցի կենտրոնանալ պաշտոնական պարտականությունների կատարման վրա՝ զերծ մնալով նախընտրական պայքարին մասնակցելուց: Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա: Այդ համատեքստում մեր պետության զարգացման այս փուլի առաջնահերթություն ենք դիտարկում ժողովրդավարության հաստատումն ու ամրապնդումը (ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ) եւ կոռուպցիայի բացառումը (անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ): Այս շարքում հիմնարար սկզբունք է նաեւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, եւ մենք որեւէ ձեւով չէինք շեղվում դրանից»։ Նաեւ խոստացել էր մնալ ՔՊ վարչության անդամ եւ ամեն կերպ աջակցել, որպեսզի 2018թ. սկսած «բարեփոխումները շարունակվեն»: