ԼՀԿ-ն աշխատում է «Իմ քայլի» հետ

ԼՀԿ-ն աշխատում է «Իմ քայլի» հետ

Ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են ժամանակավոր վարչապետի թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան։ Հաջորդ պահին «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ իրենց թեկնածուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Կրկի՞ն որոշեցիք ընտրել երրորդ ուղին՝ հարցրինք ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին։ «Արտախորհրդարանական քաղաքական ուժերը նախորդ օրը գիշերվա ժամին են տեղեկացրել թեկնածուի անունը։ Մենք, բնականաբար, լինելով խորհրդարանական ուժ, տրամաբանական է, որ պետք է ունենայինք մեր թեկնածուին, ում տեսնում ենք ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերելու ունակ ուժ․․․»։

- Մարուքյանը Վազգեն Մանուկյանից ավելի մե՞ծ հմտություններ ու փորձ ունի, ավելի լա՞վ է տիրապետում կառավարման համակարգին։

- Բոլորովին չփորձելով ո՛չ նսեմացնել եւ ո՛չ էլ թերագնահատել պարոն Մանուկյանի փորձը եւ ներդրումը հայոց պետականության կայացման գործում, պետք է ասեմ, որ մենք ավելի առաջ ենք փորձում նայել։ Իմ անձնական տեսանկյունից՝ պարոն Մանուկյանի թեկնածությունն ինչ-որ առումով հետ նայել է։

- Բայց վճռական պահերին Էդմոն Մարուքյանը երրորդ ճանապարհն է ընտրում՝ 2018-ի հեղափոխության, սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու ժամանակ․․․

- 2018-ին, երբ իշխանափոխություն էր, ըստ էության, տեղի ունենում, ոչ թե հեղափոխություն, մենք ոչ թե չկանգնեցինք ժողովրդի կողքին, այլ շատ լավ կանխատեսելով հնարավոր բոլոր սցենարները, որոնք կարող էին պետությանը կանգնեցնել նման իրավիճակի առջեւ, զերծ ենք մնացել, որովհետեւ կանխատեսել էինք հնարավոր բախումներ օրվա իշխանության կողմից։

Մենք առաջին իսկ օրից պահանջել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը հնչել է նաեւ ԱԺ ամբիոնից, եւ խորհրդարանական ուժին վերապահված բոլոր գործիքակազմերն օգտագործել ենք, որ հասնենք այդ նպատակին։ Մնացել է վերջին՝ իմպիչմենթի փուլը, որը նույնպես խորհրդարանի միջոցով պետք է տեղի ունենա։ Կարծում եմ՝ դեռ սպառված չէ խորհրդարանական խողովակը անվստահության։ Դրա համար անհրաժեշտ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների սատարումը, եւ ամեն ինչ վերջացած չէ «Իմ քայլի» հետ։ Որոշակի աշխատանքներ մեր խմբակցության կողմից տարվում են, մենք փորձում ենք հասկացնել, որ պետության շահը գերակա է, եւ միայն անվստահության միջոցով կարող ենք հեռացնել Փաշինյանին պաշտոնից։