Զարուհի Բաթոյանը շան տեղ չի դնում․ քաղաքացի

Զարուհի Բաթոյանը շան տեղ չի դնում․ քաղաքացի

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վանաձորի բնակիչ, 51-ամյա Արթուր Հովսեփյանը և խնդրել բարձրաձայնել իր խնդրի մասին։

«Առաջին կարգի հաշմանդամ եմ, մի ոտքս ժամանակին կորցրել եմ։ Ապրում եմ Վանաձորի Տպագրիչների 5 շենքի 1-ին բնակարանում։ Հիմա էլ էս 9 ամիս է՝ բժիշկների սխալի պատճառով հիվանդանոցներում տառապում էի։ Նրանց վրա հիմա քրեական գործ են հարուցել, գործը գտնվում է Լոռու մարզի քննչականում։ Էդ սխալ բուժման արդյունքում ես երկու անգամ արդեն ինսուլտ եմ ստացել։ Մի ոտքս հեռացրած էր, 2019 թվականի մարտի 25-ին ընկա, մյուս ոտքս էլ կոտրվեց։ Ես դրանից հետո անդադար դիմել եմ, որ գան ոտքս պրոթեզավորեն։ Ինչքան ժամանակ է արդեն նախարարն ինձ հետ միայն թղթաբանության մեջ է։ Ես միայնակ հաշմանդամ եմ, ես չեմ կարողանում տեղաշարժվել։ Քանի որ առաջին կարգի հաշմանդամ եմ, իրենք պարտավոր են էդ ամեն ինչը անվճար ինձ տրամադրեն։ Ասում են՝ հանձնաժողով պետք է գա, որ նոր կարողանան ինձ պրոթեզ հատկացնեն։ Նախարարի օգնական Նարինեն ասում է՝ հիմա չեն կարող, ժամանակ չունեն։ Ես էլ հանձնաժողովի նախագահի հետ խոսացի, ինձ ասեց՝ թող գրություն ուղարկեն, գանք, խնդիր չկա, Գինոսյան է նախագահի անունը»,- պատմեց քաղաքացին։

Հովսեփյանը նշեց, որ ոչ մի գումար չի ցանկանում, ուղղակի պահանջում է իրեն հասանելիք պրոթեզավորումը։

«Ես իրոք արդեն չեմ կարողանում։ Խնրում եմ, թող գան դա անեն, որ գոնե կյանքի կոչվեմ, խայտառակ վիճակում եմ, գոնե կարողանամ ման գալ։ Ես վերջերս էլ եմ դիմել, ասում են՝ պատասխանը կառաքեն, բայց ու՞ր է, քանի օր է նորից պատասխան չունեմ։Պրոթեզավորումը պետք է լինի կտրված ոտքիս, ոչ թե առողջ։ Իմ հին պրոթեզի ժամկետն արդեն լրացել է, այսինքն՝ սա կոտրված ոտքիս հետ կապ չունի։ Զարուհի Բաթոյանը ինձ՝ հաշմանդամիս, շան տեղ չի դնում, հետո էլ ասում են՝ հաշմանդամը պաշտպանված է, սուտ է»։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնեցին․ «Բանն այն է, որ պրոթեզավորումը, որը պահանջում է քաղաքացին, բավակին թանկ արժի, առանց բուժատեխնիկական հանձնաժողովի քննարկման դա չի կարող տրամադրվել։ Մենք իրեն ասել ենք, որ գնա բուժատեխնիկական հանձնաժողով։ Հանձնաժողովը գործում է երեքշաբթի օրերին։ Մենք իրեն այսօր՝ հունվարի 22-ին, էլեկտրոնային տարբերակով ուղարկել և տեղեկացրել ենք»։