«Դադարեք օգտագործել 100 հազար թիվը, ԼՂ բնակչությունը 150 հազար է եղել»․ Մինասյանն ուղղեց փոխնախարարին

«Դադարեք օգտագործել 100 հազար թիվը, ԼՂ բնակչությունը 150 հազար է եղել»․ Մինասյանն ուղղեց փոխնախարարին

Գրել էինք, որ Հայաստանի ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում, հիշեցնենք, ընդգրկված է 8 հարց: Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը քիչ առաջ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

«2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են ավելի քան 100 հազար քաղաքացիներ։ Մինչ այդ Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին Հայաստանում՝ հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը։ Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով իրականացվել են, շարունակվելու են իրականացվել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք 2023 թվականի պետական բյուջեով նախապես պլանավորված չեն եղել։ Արդյունքում՝ մինչեւ տարեվերջ իրականացվող ծախսային վերաբաշխումները կգերազանցեն ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի վերաբաշխման սահմանաչափը»,- պնդեց փոխնախարարը։

«Ո՞ր ծրագրերի վերաբաշխման մասին է խոսքը։ Դուք ձեր խոսքում նշեցիք արցախցիների 100 հազար ու  ավելի թիվը՝ նկատի ունենալով միայն սեպտեմբերյան իրադարձությունները։ Բայց ես ձեր զեկույցից հասկացա, որ խոսքը նաեւ նախորդ ժամանակահատվածում արցախահայության՝ բռնի տեղահանված կամ նախքան շրջափակումն իրենց բնակավայրեր չվերադարձած արցախահայության աջակցելու մասին էլ է։ Այսինքն՝ այս ծրագրի մեջ կա՞ն Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մինչեւ շրջափակումը եւ մինչեւ սեպտեմբերյան իրադարձությունները չէին կարողացել գնալ այնտեղ եւ իրենք ստանում էին աջակցություն։ Իրենք այս ծրագրերի շահառու են, թե ոչ։ Դադարենք օգտագործել 100 հազար եւ ավելի թիվը, օգտագործենք 150 հազար եւ ավելի թիվը, որովհետեւ Արցախի բնակչությունն այդքան է եղել մինչեւ ադրբեջանական պատերազմները, գործողությունները եւ այլն։ Այսինքն՝ փաստացի Արցախի Հանրապետության 150 հազար եւ ավելի քաղաքացիներ այսօր բռնի տեղահանված են, ցեղասպանության են ենթարկվել եւ չեն կարողանում իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալ։ Սա կարեւոր է, որ ֆիքսենք՝ խոսքը 150 հազար եւ ավելի արցախցիների մասին է»,- Սիրունյանին արձագանքեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը։

«Դեռ հստակ չէ, թե որ ծրագրերից են գումարներ նվազեցվելու ու վերաբաշխվելու արցախցիների աջակցության ծրագրերի համար։Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից նախքան տեղահանությունը ճանապարհը փակվելու հետեւանքով ՀՀ-ում մնացած քաղաքացիներին, այո, մենք տրամադրում ենք հատկացումներ տարեսկզբից։ Եվ շարունակվում են այդ հատկացումները, կեցության հատկացումների մասին է խոսքը։ Եվ եթե ես չեմ սխալվում, մարդիկ, ովքեր փակվելու հետեւանքով մնացել են ՀՀ-ում, չեն վերադարձել, այդ քաղաքացիները եւս հաշվառվում են աջակցության ծրագրի շրջանակներում»,- պատասխանեց Սիրունյանը։