Ո՞վ պետք է արձագանքի, եթե լռում են ե՛ւ ԱԳՆ-ն, ե՛ւ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը

Ո՞վ պետք է արձագանքի, եթե լռում են ե՛ւ ԱԳՆ-ն, ե՛ւ Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը

Բուլղարիայի նախկին նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը «Թրենդ» գործակալությանը հակահայկական դիրքերից հարցազրույց է տվել, մասնավորապես ասելով, որ Ալիեւն արել է բաներ, որոնք համաշխարհային մի շարք առաջնորդների ուժերից վեր էին` նա կարողացել է լուծել ձգձգված հակամարտությունը եւ իրականացնել ՄԱԿ-ի՝ 30 տարի շարունակ չկատարվող ռեզոլյուցիաների կատարումը։

Բուլղարիայի էքսնախագահն անսահման մեծ հպարտություն է զգում նրանից, որ Իլհամ Ալիեւն ու ադրբեջանցիները վերացրել են այս անարդարությունը։ Ապա ջերմ շնորհավորանքներ է հղել եւ նկատել, որ սա յուրաքանչյուրի համար լավագույն օրինակ է։

Հաշվի առնելով, որ այս մտքերի հեղինակը երկրի թեեւ նախկին, բայց Բուլղարիայի բարձրագույն դեմքն է, կարելի էր ակնկալել, որ պաշտոնական Երեւանից ինչ-որ դիրքորոշում, արձագանք կհետեւեն այս խայտառակ հարցազրույցին: Գոնե Բուլղարիայում ՀՀ դեսպանատան մակարդակով հաստատ անելիք կա։ 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց նախկին մի դիվանագետ՝ «պետք է հասկանալ, որ կուսակցությունից է, փորձել ճնշումներ գործադրել կամ այլ տեղից պրոհայկական հայտարարություն պոկել՝ սա հավասարակշռելու համար»։ Այսինքն, աշխատանք՝ դեսպանատան մակարդակով, պետք է։ Բացում ենք Բուլղարիայում (դեսպան՝ Արմեն Եդիգարյան) ՀՀ դեսպանատան էջը եւ ի՞նչ ենք տեսնում։ Միայն ԱԳՆ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։
Խորհրդարանական դիվանագիտությունը, բնականաբար, պակաս կաշկանդված կարող է լինել, քան ԱԳՆ-ն։ Ինչպես հիշում ենք՝ Հայաստան-Բուլղարիա պատգամավորական խումբը ղեկավարում է ՔՊ-ական Անուշ Բեղլոյանը։ Իշխող խմբակցությունից այս խմբի անդամներն են Արփի Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Զարուհի Բաթոյանը եւ այլք։ Սույն պատգամավորներից որեւէ մեկի էջում ոչ մի տող չկա Բուլղարիայի էքսնախագահի հայտարարության վերաբերյալ։ Ավելին՝ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավարը եւ Արփի Դավոյանը տեղյակ էլ չէին ո՛չ այս հայտարարությունից, ո՛չ էլ նրանից, թե ով է Ռոսեն Պլեւնելիեւը։ «Ո՞ւմ»,- զարմացած հարցրեց բարեկամական խմբի ղեկավարը` լսելով մեր հարցը, ապա առաջարկեց հարցն ուղարկել գրավոր։
Իսկ Արփի Դավոյանը նախ հարցը լսեց, ապա հիշեց, որ ««Հրապարակին» հարցազրույց չի տալիս»։

Մինչդեռ Բուլղարիան ադրբեջանական ամենուժեղ լոբբի ունեցող երկրների թվին է պատկանում։ Բուլղարիայի թուրքերը համարվում են Արեւելյան Եվրոպայի ամենահաջողակ ազգային փոքրամասնություններից՝ լավ ներկայացված են երկրի օրենսդիր, գործադիր եւ այլ թեւերում՝ լինելով երկրորդ ամենախոշոր էթնիկ, լեզվական եւ կրոնական խումբը Բուլղարիայում՝ բուլղարացիներից հետո։ Տարբեր ժամանակներում էթնիկ թուրքեր են եղել բուլղարական պառլամենտի փոխխոսնակներ, ԵԽԽՎ-ում  Բուլղարիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը, եւ, առհասարակ, բուլղարաթուրքերի հիմնած կուսակցությունը երկրի խորհրդարանում էր 1990-ից եւ մոտ մեկ տասնամյակ՝ կառավարող կոալիցիայի անդամ։ Երբ 2006-ին Սոֆիայում խորհրդարանական քննարկման առարկա դարձավ, ապա քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, այն տապալվեց խորհրդարանի ազգությամբ թուրք 34 պատգամավորների կողմից։ 

Նախկին խորհրդարանի պատգամավորները եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Բուլղարիայում լուրջ աշխատանք էին տանում եւ բարեկամական հարաբերություններ էին հաստատել բուլղարացի պատգամավորներ Անդրեյ Կովաչեւի, Գեորգի Պերիլովի եւ այլոց հետ։ Նրանց աշխատանքի շնորհիվ ժամանակին հաջողվել էր կանխել Բուլղարիայի օրենսդիր մարմնում  Խոջալուի ցեղասպանության վերաբերյալ նախագծի ընդունումը: Կարողացել էին Արցախ տանել բուլղարացի պատգամավորների։

Ինչ վերաբերում է Ռոսեն Պլեւնելիեւին, ապա վերջինս հաճախ ներկա է լինում Բաքվի գլոբալ ֆորումներին, իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, որ Ադրբեջանն առաջընթացի եւ  արդիականացման խորհրդանիշ է, միջմշակութային փոխանակումների ջերմ կողմնակից։ Այսինքն՝ այս հակահայկական պահվածքը նոր չէ եւ վաղուց է արձագանքման կարոտ: