Ամբիցիոզ ու պառակտված

Ամբիցիոզ ու պառակտված

Մեր քաղաքական դաշտը երբեք չի կարողացել վեր կանգնել անձնական ամբիցիաներից ու մանր խարդավանքներից եւ պետության շահերից բխող որոշումներ կայացնել։ Դրա աղետաբերությունը մենք տեսանք պատերազմի օրերին, երբ մեր պատանիները հերոսաբար զոհվում էին անհավասար մարտերում, տարեց կամավորները՝ ֆիդայիների նման, մոսիներն առած, շտապում էին ռազմի դաշտ, իսկ մեր իշխանությունը մտածում էր՝ ինչպես անել, որ եթե մի հրաշքով հաղթենք մինչեւ ատամները զինված թշնամուն, այդ հաղթանակը միայն իրեն բաժին հասնի, եւ նախկին իշխանությունների ժամանակ աճած գեներալներին մոտ չէր թողնում պատերազմի կառավարմանը։ Իսկ երբ ՀՀ նախկին նախագահները խնդրում էին, որ թույլ տան իրենց մեկնել Ռուսաստան՝ օգնության հետեւից, կորոնավիրուսի թեստեր էին կեղծում, տարբեր արգելքներ հորինում, որ նրանք չհասնեն Վլադիմիր Պուտինի մոտ։ Մեկ էլ տեսար՝ ստացվի օգնությունը բերելը, եւ հանկարծ դրա արդյունքում զինադադար հաստատվի՝ դրա դափնիները բաժին կհասնեն Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։

Ընդդիմության դաշտն էլ զերծ չէ խանդի ու ամբիցիաների անիմաստ պայքարից։ Եվ այդ խանդն ու ամբիցիաներն են պատճառը, որ չի ստացվում միավորումը եւ երկրի կառավարումը ձախողած Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Եթե այս խնդիրը լիներ գերնպատակը, եւ նախկին նախագահներն ու բազում հակասություններ ունեցող քաղաքական ուժերը գիտակցեին դրա կարեւորությունն ու իրենց մասնավոր շահերը մի կողմ դնեին, ապա տարաձայնությունները հարթված կլինեին, եւ ընդդիմադիր դաշտի միավորումը կայացած կլիներ։ Կարեւոր չէ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի շրջանակներո՞ւմ, թե՞ այլ ֆորմատով։ Բայց քանի որ դեռ Փաշինյանին չհեռացրած՝ հաղթանակի մասին են մտածում եւ այն չեն ուզում կիսել, միավորումն էլ գլուխ չի գալիս։