Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովին։ Օգոստոսյան այս հավաքներն ավանդական են` ամեն տարի այս ամսին դեսպաններին հրավիրում են Հայաստան` քննարկելու անելիքները, նոր հրահանգներ ստանալու, արտաքին քաղաքականության ուղղությունները ճշգրտելու:
Նախկինում այդ հանդիպումները երբեմն անցկացվել են Արցախում։ Դեսպաններին տարել են սահմանային հատվածներ, ցուցադրել մեր պաշտպանական դիրքերը, քանի որ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային հարցը Արցախի հակամարտությունն էր։
Իսկ 2022 թվականին դեսպանների հետ Փաշինյանը հանդիպել էր Ջերմուկում՝ դեկտեմբերին, չնայած ավանդաբար միշտ օգտոստոսին է կազմակերպվել այս հավաքը։
Մեզ զարմանալի թվաց այն, որ դեսպանների հետ հանդիպման մասին միայն մի ոչինչ չասող, փոքրիկ հաղորդագրություն էր տարածվել կառավարության լրատվականից, իսկ տեսանյութում ցուցադրվում էին պարզապես դրվագներ քննարկումից։ Չհեռարձակվեց ոչ Փաշինյանի, ոչ ԱԳ նախարարի ելույթը, ոչ հարցուպատասխանը:
Ինչո՞ւ նախկին տարիների պես տեսանյութ չհրապարակվեց, որտեղ կներկայացվեր վարչապետի և դեսպանների միջև քննարկման հիմնական նյութը: Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ քննարկման օրակարգում այնպիսի հարցեր են եղել, որոնք այս իշխանությունները չեն ցանկացել հրապարակայանացնել եւ արտաքին քաղաքական հարցերում չկա թափանցիկություն եւ ամեն ինչ հանրությունից գաղտնի է պահվում: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ճշտել ԱԳՆ-ից և վարչապետի խոսնակից:
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ասաց, որ մեր հարցը կառավարության աշխատակազմին պետք է ուղղենք: Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ «Հրապարակի» հարցին, թե ի՞նչ է քննարկել Փաշինյանը դեսպանների հետ, արդյոք քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցեր, արտաքին քաղաքականությանը վերաբերող ինչ խնդիրների են անդրադարձել, ասաց. «Այն ամեն ինչը, ինչը հրապարակման ենթակա է եղել՝ հրապարակվել է, ավելացնելու բան չունեմ»: Իսկ թե ինչու գոնե վարչապետի ելույթը չի հեռարձակվել, տխուր եզրահանգումների տեղիք է տալիս:

