Ձեւական նախագիծ՝ «թավշյա օրենսդիրներից» ու ԼՀԿ-ից

Ձեւական նախագիծ՝ «թավշյա օրենսդիրներից» ու ԼՀԿ-ից

ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանը, Արթուր Մանուկյանն ու Արման Եղոյանը «Կինեմատոգրաֆիայի մասին» օրինագիծ են մշակել, ըստ որի՝ նպատակ ունեն ապահովագրել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանում, ստեղծել բավարար իրավական երաշխիքներ եւ աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանմանն ու հասանելիության ապահովմանը։

Նախագծի ընդունման դեպքում պետք է փոփոխություններ արվեն մի շարք օրենքներում։ Մասնավորապես՝ հարկային, մաքսային կարգավորումների եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում։

ԿԳՄՍ նախարարությունը 33 էջանոց շարադրությունով հակադարձել է նախագծին։ Առարկությունները մշակել են նախարարության իրավաբաններն ու բացահայտել «թավշյա» պատգամավորների անտեղյակությունն օրինագիծ մշակելու մեխանիզմից։ 

ԿԳՄՍ իրավաբանները բազմաթիվ դեպքեր են նշել, որ նախագծում մշակված կարգավորումը կա՛մ կապ չունի հարցի հետ, կա՛մ այլ օրենքով արդե՛ն կարգավորված է, կա՛մ հակասում է գործող օրենքներից մեկին։ Օրինակ, նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող դրույթը չի բխում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1․2-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դրույթից, ըստ որի՝ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներն են պետբյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները եւ/կամ պետական հիմնարկները։
«Քայլոների» ներկայացրած նախագիծը (բացառությամբ Աննա Կոստանյանի, որը ԼՀԿ խմբակցությունից է) վկայում է այն մասին, որ մի բան անելուց, տվյալ դեպքում՝ օրինագիծ մշակելուց առաջ նրանք չեն ուսումնասիրում հարցերը, խորամուխ չեն լինում արդեն գոյություն ունեցող կարգավորումների մեջ՝ ձեւն ապահովում են, բովանդակությունը՝ ոչ։
Օրենքի համահեղինակներից՝ գլխադասային հանձնաժողովում նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող Աննա Կոստանյանն իր էջում ներբեռնել է նախագծի քննարկման տեսանյութն ու գոհունակությամբ գրել․ «Այսօր վերջապես, մեկուկես տարվա երկարատեւ քննարկումներից հետո, ՀՀ ԱԺ կրթության, գիտության հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ միաձայն կողմ քվեարկվեց կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծը»։

Նախքան քվեարկությունը նրա հայտարարությունից պարզ դարձավ, թե այսքան առարկություններով ու «կիքսերով» նախագիծը, որն անվանում է «բազմաչարչար», մոտ 2 տարի քննարկվել է մասնակցային ու ներառական ձեւաչափերով։ Բայց երեւի թե հեղինակներն իրենք էլ ծանոթ էին ԿԳՄՍ առարկություններին, որովհետեւ իր խոսքում Աննա Կոստանյանը չի բացառել, որ օրենքում, որը մայր է, հնարավոր են բացթողումներ, որոնք հետագայում կշտկվեն։ Բայց առաջարկել է «այս պահին քվեարկել այս ձեւով»։

Որպես նախագծի ընդունման անհրաժեշտություն՝ պատգամավորը նշում է՝ կարեւոր է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրումը եւ այլ խնդիրներ, որոնք այս ոլորտում օրենսդրական կարգավորում չեն ստացել։ Մասնավորապես, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորումը որեւէ կերպ չի խրախուսում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանում։ Իսկ կինոթատրոններում ցուցադրությունն իրականացվում է առանց տարիքային սահմանափակման նշում անելու։

Օրենքի համահեղինակներից Արման Եղոյանի, Վահագն Թեւոսյանի եւ Մխիթար Հայրապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Համահեղինակ Արթուր Մանուկյանը, ի պատասխան հարցին, թե ինչպես է օրենքն արժանացել նախարարության 33 էջանոց առարկություններին, դա նշանակում է, որ օրենքի հում նախագի՞ծ են ընդունել, առավել եւս՝ այսքան տարի կինոյի մասին օրենք չունենալուց հետո, ասաց․ «Երբ մենք ստացել ենք եզրակացությունը, նայել ենք ու հասկացել ենք, որ որոշ բաներ ընդունելի են, որոշ բաներ՝ ոչ, որոշ բաներ քննարկելի են։ Եվ հիմա, ամեն դեպքում, օրենքն ահագին փոփոխված է, բայց էն, ինչ դրված է, դեռ չփոփոխված տարբերակն է, որովհետեւ ստանալուց հետո էլի աշխատել ենք օրենքի վրա, որոշակի ուղղումներ ենք մտցրել, ու էդ երեսունքանի էջանոցը դարձել է մոտ 3-4 էջանոց։ Ու որոշում կայացրինք, որ մինչեւ 1-ին ընթերցում էդ բոլոր հարցերին կանդրադառնանք եւ փաստարկված կգնանք դեպի 1-ին, հետո՝ 2-րդ ընթերցում»։

Արթուր Մանուկյանը պարզաբանեց, որ ԿԳՄՍ առարկություններից հիմնականում ընդունել են իրավաբանական, տեխնիկական հարցերը՝ հակասություններն այլ օրենքների հետ եւ այլն։
«Իրավաբանական հարցեր կան, մի բան նշված է մեկ այլ օրենքում կամ հակասում է․ էս տեսակ տեխնիկական բաներ լիքը կան, որ մեր իրավաբանը սիրով համաձայնել է, ասաց՝ համաձայն եմ, ու տեղում սկսեցինք ուղղել, ինչ հասցրինք, էդ օրն ուղղեցինք։ Բայց քանի որ աշխատանքային պրոցեսի մեջ ենք, չեմ կարող կոնկրետ ասել՝ որոնք են ուղղվել, որոնք՝ մնացել։ Որն էլ մնացել է, էսօր կարող է փոխվել»։

Ինչ վերաբերում է նրան, որ օրենքն այս տեսքով ընդունելու դեպքում պետք է փոփոխություններ արվեն նաեւ մաքսային կարգավորումների, հարկային եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում, ապա, դատելով Մանուկյանի պատասխանից, սա իրենց համար սկզբունքային հարց է եւ չի ընդունվելու։ «Մեր դիրքորոշումն այն է, որ մենք պետք է կինեմատոգրաֆիստների համար մաքսային արտոնություններ տանք։ Եթե կառավարությունն այստեղ խնդիր ունի, էդ դեպքում կինեմատոգրաֆիստների մասին օրենքն ավելորդ է։ Մենք կոնվենցիա ենք ստորագրել կինեմատոգրաֆիստների մասին, որն ասում է, որ կոնվենցիան ստորագրած երկրները պարտավոր են իրենց օրենսդրությունների մեջ դրսից եկող էդ մաքսային հարցերը պարզեցնել եւ այլն։ Ու նորից եմ ասում՝ եթե մենք խնդիր ունենք կինոն զարգացնելու, սա պետք է արվի, եթե չէ՝ չէ, ուրեմն ավելորդ է էս օրենքը»։ Մանուկյանը նշեց, որ սա պետք է համատեղ արտադրության համար, իսկ համատեղ արտադրությունը պետք է, որովհետեւ կինոյում փողերը մեծ են, իսկ այդ մեծ փողերի հարցը կարելի է լուծել համատեղ արտադրությամբ։ Այս բոլոր խնդիրները լուծվում են համատեղ արտադրությամբ, ի տարբերություն ԱՄՆ-ի Հոլիվուդի, որը թե՛ ինքնաբավ է, թե՛ փողի խնդիր չունի։ 

Ամփոփելով՝ Արթուր Մանուկյանը մեկնաբանեց․ ԿԳՄՍ-ի հետ, մեծ հաշվով, ընդհանուր փիլիսոփայության մեջ համախոհ են, մնում են «էս իրավաբանական ճշտումները», տեխնիկական հստակեցումները։

ՀԳ․ Ուշագրավ է, որ կինեմատոգրաֆիստների մասին օրենք գրող պատգամավորն անգամ այդ բառը ճիշտ չի օգտագործում իր խոսքում, ասում է՝ կինոմատոգրաֆիստներ։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ