Ինչպես մի մեծ ընտանիք

Ինչպես մի մեծ ընտանիք

Մեր տիպի երկրներում, որոնք մեծ պետության մի քաղաքի, համայնքի չափ բնակչություն ունեն, մարդիկ ապրում են ինչպես մեկ միասնական մեծ ընտանիք։ Նման երկրներում մի կողմից շատ հեշտ է կառավարելը, քանի որ փողոցում երկու հայտնի մարդկանց փսփսոցը կարող է փոխանցվելով հասնել մինչեւ վերջին գյուղ, իսկ ցանկացած չնչին փոփոխություն՝ կառավարման, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտում, անմիջապես ազդում է բոլորի կյանքի վրա եւ տեսանելի է լինում։

Մյուս կողմից՝ մեկ միասնական ընտանիքի նման ապրող հասարակությունները նաեւ դժվար կառավարելի են։ Այստեղ վատ սովորույթները, բացասական երեւույթներն արագ փոխանցվում են, եւ մարդն ապրում է՝ ինչպես ափի մեջ։ Դու ոչինչ չես կարող թաքցնել հասարակությունից՝ բոլորը բոլորին ճանաչում են եւ մինչեւ ապուպապ միմյանց գիտեն։

Մի անգամ սայթաքած ու վարկաբեկված մարդն այլեւս չի կարող հանգիստ ապրել ու մաքրվել իր անցյալից։ Խարանը մնում է եւ նրան ուղեկցում ողջ կյանքում՝ որքան էլ որ փորձի ազատվել դրանից, մոռացության մատնել, իր բարի վարքով ստիպել, որ մարդիկ մոռանան։ Առհասարակ՝ մեր հասարակությունը բավականին հիշաչար է․ վատ բաները, մանավանդ՝ պաշտոնյաների սխալներն ու վրիպումները, նա, որպես կանոն, չի մոռանում ու չի ներում։ Ինչպես չմոռացավ ու չներեց Սերժ Սարգսյանի խոստման դրժումը՝ չզբաղեցնել այլեւս երկրի ղեկավարի պաշտոնը, եթե երկիրը դառնա խորհրդարանական պետություն։ Չի ներում կառավարողների հաբրգածությունը, ցինիզմը, ստերը, անտարբերությունը, դաժանությունը, երկրի շահն իրեն ու իր ընտանիքի շահին ծառայեցնելը, ոչ պրոֆեսիոնալիզմը, տգիտությունը։ Տարբեր փուլերում մեր կառավարիչների մոտ հենց այդ որակների դրսեւորումն է եղել պատճառը, որ նրանք մերժվել են ու օտարվել հասարակությունից։