Հասկանալի է դառնում, թե ինչու էր Հայաստանի վարչապետը օրեր առաջ այդքան խնդրահարույց ասուլիս տալիս
Բաքվի մինիսուլթանը այսօր Թալիշ գյուղում իր հերթական ռազմամոլ հայտարարությունն է արել, որով ո'չ միայն ցույց է տվել, որ առնվազն ունի աշխարհի որոշիչ ուժային կենտրոնների կողմից քարտ-բլանշ, այլև այնքան ինքնավստահ է, որ կարող է ցեղասպան քաղաքականությունը շարունակել և հասցնել ավարտին: Նա մասնավորապես հայտարարել է.
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն դելիմիտացիայի աշխատանքները»։
Այստեղից առնվազն հասկանալի է դառնում, թե ինչու էր Հայաստանի վարչապետը օրեր առաջ այդքան խնդրահարույց ասուլիս տալիս, նաև պարզ է դառնում, թե ինչու է նրանց բառամթերքից դուրս եկել «Արցախի Հանրապետություն», այն փոխարինվելով «Լեռնային Ղարաբաղ»-ով։
Ակնհայտ է, որ «Մենք ճիշտ էինք, Նիկոլը սխալ», քանզի արձանագրվեց, որ «խաղաղության դարաշրջան» չի լինելու, իսկ Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան հայկական գյուղերի զավթումն է, բարձրադիր դիրքերի զավթումը, որով հնարավորություն կստանան գերիշխել ողջ ՀՀ տարածքի վրա, ինչի հետեւանքով Հայաստանը կդադարի գոյատեւել որպես կենսունակ պետություն։
Ստեղծված իրավիճակում իշխանությունները պետք է հրատապ կարգով.
1. Սկսեն հանդիպումներ Հայաստանի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի և անհատների հետ, քննարկելով ընդհանուր ճակատի ձեւավորման և օպերատիվ կառավարման մարմնի ձեւավորման հարցեր
2. Որպես վստահության հավաստիք պետք է հայտարարվի իշխող ուժի կողմից առաջիկա ճգնաժամը հաղթահարելուց հետո արտահերթ ընտրություններ, որոնցում նրանք չեն մասնակցի ընտրություններին, երաշխավորելով իշխանության անցնցում փոխանցում,
Հ.Գ. Հաջորդ 8 քայլերի մասին իմաստ ունի խոսել, երբ առնվազն այս երկու քայլերի շուրջ կլինի կոնսենսուս։
Հիշեցնեմ, հակառակ դեպքում կորցնելու ենք գրեթե ամեն ինչ, և այն իշխանությունը, որը հանուն սեփական աթոռի խորշում է գնալ իրական լուծումների, նրան այլ բառերով հնարավոր չէ բնութագրել, քան «դավաճան»:
Հայրենիքը ամեն ինչից բարձր է:
Քաղաքագետ Արա Պողոսյան
Կարծիքներ