Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ վտանգավոր է Հայաստանի համար

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ վտանգավոր է Հայաստանի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի պետականության կառուցումը համարվում է գերագույն առաջնահերթություն։ Նա նշեց, որ դեռ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը առաջ է եկել ոչ թե որպես ինքնուրույն արժեք, այլ՝ որպես միջոց՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսինքն՝ Հայաստանը անկախություն է ձեռք բերել ոչ թե բարեկեցիկ կյանքի նպատակով, այլ Ղարաբաղի խնդրի շուրջ։

Վարչապետի խոսքով՝ գրեթե երեք տասնամյակ ձևավորվել է պետական կառավարման մի մոդել, որի հիմնական նպատակն ու շարժիչ ուժը եղել է Ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Փաշինյանը ընդգծեց, որ սա ինքը չի ասում որպես քննադատություն, այլ որպես փաստ, քանի որ հասարակությունն ամբողջությամբ համակերպված է եղել այդ մոդելի հետ։ Նա ինքն էլ տարիներ շարունակ համակարծիք է եղել այդ մոտեցման հետ, մինչև այն պահը, երբ որպես վարչապետ, տեղեկատվության ավելի լայն հասանելիություն ունենալով՝ սկսել է գիտակցել իրավիճակի խորքային բովանդակությունը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի համար անկախությունն ու պետականությունը միջոց են եղել Ղարաբաղի հարցի լուծման համար, ապա որոշ արտաքին ուժերի համար Ղարաբաղի հարցն ընդամենը գործիք է եղել՝ Հայաստանի անկախությունը, զարգացումը և ինքնիշխանությունը խոչընդոտելու նպատակով։ Փաշինյանը վստահ է, որ այդ նպատակներն ակտիվացել են հատկապես 2018 թվականից հետո, հասել վճռական փուլի 2020 թվականի սեպտեմբերին և գագաթնակետին՝ 2021-ի մայիսին։

Վարչապետը քննադատեց այն մոտեցումը, ըստ որի՝ Հայաստանի պետականության միակ իմաստը Ղարաբաղի հարցն է։ Նա ընդգծեց, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ այդ շարժումը, ըստ նրա, գործիք է դարձել՝ Հայաստանի պետականությունը խոչընդոտելու և թույլ չտալու համար։