Ես զարմանում եմ ինձ վրա, որ դեռեւս չեմ կորցրել զարմանալու ընդունակությունը

Ես զարմանում եմ ինձ վրա, որ դեռեւս չեմ կորցրել զարմանալու ընդունակությունը

Ես զարմանում եմ ինձ վրա, որ դեռեւս չեմ կորցրել զարմանալու ընդունակությունը: Այդ երեւույթն առկա էր սերժական ժամանակաշրջանում, դժբախտաբար՝ առկա է նաեւ Նիկոլի օրերին: Դժբախտաբար, քանի որ կարծում էի, որ հեղափոխությունից հետո մեր երկրում հաստատվելու են նոր, իրական արժեքներ, ու այլեւս չեն լինի այնպիսի երեւույթներ, որոնք զարմանալու պատճառ կհանդիսանան: Բայց Փաշինյանի համարյա եռամյա վարչապետության ընթացքում զարմանալու առիթները բազմապատկվեցին ու  գերազանցեցին իր նախորդներին միասին վերցրած: Գերազանցումը, ի դեպ, կատարվեց թե՛ քանակի ու որակի եւ թե՛ բազմազանության առումներով:

Նախորդների դեպքում մենք ականատես էինք լինում միայն խոսքային բլթոցների. մեկի՝ «գիրք որ չեմ կարդացել, նախագահ չե՞մ դարձել» կամ մյուսի՝ «թենց եք անում, որ խիյարը թարս է աճում» անհեթեթություններին ավելացան փաշինյանականները՝ հատապտուղ աճեցնելու համար անգլերենի իմացության, կորոնավիրուսը պինցետով հանելու, Շուշիի անգույն կամ ադրբեջանաբնակ լինելու եւ այլնի վերաբերյալ: Բազմազանությունը դրսեւորվեց վարքագծային անհեթեթություններով, երբ, օրինակ, գրիչ նվիրելու պատմությունը ներկայացվեց որպես վարչապետին կաշառելու մտադրություն, պատերազմում պարտության սեփական մեղքն այլոց վրա բարդելով եւ այլն: 

Նախկիններից ժառանգվեց նաեւ երկրի ղեկավարի անհեթեթություններն արդարացնելու՝ վերջինիս թիմի անդամների ջանքերի գործադրումը: Ռոբասերժական կառավարման տարիներին դա բնական էր ընկալվում՝ ավտորիտար իշխանության պայմաններում երկրի ղեկավարի ենթակաները չեն կարող չպաշտպանել նրան: Ենթադրվում էր, որ «ժողովրդի իշխանության» պայմաններում այդ երեւույթը պետք է անցներ պատմության գիրկը, սակայն արի ու տես, որ դա ոչ միայն չվերացավ, այլեւ գերազանցեց նախորդներին: Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր անհեթեթությանը (կարեւոր չէ՝ խոսքային թե վարքագծային) հետեւում է նրա թիմի այս կամ այն անդամի կողմից արդարացման փորձը, ինչը վերածվում է արդեն արդարացնողի հասցեին ձեռառնոցիի գործընթացի: Եվ որքան անհեթեթ է լինում Նիկոլի խոսքը, այնքան տրամաբանորեն թույլ ու բռի է դառնում արդարացման փորձը «ժողովրդի ընտրյալների» կողմից:

Ասվածի տիպական օրինակ է ադրբեջանաբնակ Շուշիի առումով Փաշինյանի հերթական հիմարությունն արդարացնելու՝ երիտասարդ իմքայլականի խոսքը, երբ դրանում երեք նախադասությունից երկրորդն ու երրորդը հակասում են առաջինին, ու դա չի ընկալվում խոսողի կողմից: Խնդրեմ՝ «Հիմա եթե դրանից ինչ-որ մեկը բխեցնում է, որ վարչապետը պնդում է արել, թե Շուշին հայկական չէ, ուրեմն էդ մարդը կա՛մ հայոց  լեզվի հետ հասկանալու խնդիր ունի, կա՛մ առհասարակ տրամաբանելու խնդիր ունի: Վարչապետը, ըստ էության, հարց է տվել՝ ասելով, որ եթե Շուշի քաղաքում 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է, դուք դա համարում եք հայկական Շուշի՞, թե՞ ոչ: Թող էս հարցին ամեն մեկն իր պատասխանը տա ու իր հետեւություններն անի»: Ստացվում է, որ մենք տարիներ շարունակ պայքարեցինք նախկինների դեմ, որպեսզի նորերը գերազանցեն նրանց բացասական բոլոր դրսեւորումներում: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ