Մեր մեծերը սպասում են մեր վերաբերմունքին

Մեր մեծերը սպասում են մեր վերաբերմունքին

Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, հուլիսի 12-ի երեկոյան՝ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, տեղադրվեցին արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթեւոսյանի եւ արձակագիր, սցենարիստ, ռեժիսոր Աղասի Այվազյանի աստղերը։

Բացմանը ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն արարողության ընթացքում ընդգծեց, որ մեր ամենակարեւոր մշակութային իրադարձության՝ «Ոսկե ծիրան»-ի նման բացումն աննախադեպ է՝ պայմանավորված վիրուսային վիճակով։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին, որովհետեւ նրանք այս քայլով ապացուցում են, որ ավելի լավ է անել որեւէ բան, քան չանել ոչինչ։ Շնորհակալ եմ նրանց կամքի համար, որ թույլ չտվեցին ընդհատվի կարեւորագույն մշակութային իրադարձության պատմությունը, ավանդույթը՝ թեկուզեւ մեկ տարով»,- ասաց նա՝ իր խոսքում անդրադարձ կատարելով նաեւ հայ կինոյում երկու մեծերի՝ Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի ավանդին։

«Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրան»-ը բացեց այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, տեսել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»,- աստղերի բացման արարողությանը նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝  հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ավանդը։

Կինոգետ Դավիթ Մուրադյանն էլ իր խոսքում մասնավորապես նշեց՝ սա մի փառատոն է, որը համաձայն չէ, որ Հայաստանը փոքր երկիր է․ ««Ոսկե ծիրանի» շրջանակներում հասկացել ենք, որ մենք փոքր չենք եւ ահագին բան կարող ենք տալ եւ վերցնել աշխարհից։ Այս փառատոնը մեր երկրի ֆիզիկական սահմաններն ընդարձակող փառատոն է, իսկ Աղասի Այվազյանի եւ Հրանտ Մաթեւոսյանի անունները կապվում են հայ կինոյի վերածննդի, հայկական կինոն ավելի հայկական դարձնելու եւ իր ինքնությանը վերադարձնելու հետ»։  

Արարողությանը ներկա էին նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները։ Աղասի Այվազյանի թոռնուհին՝ կինոռեժիսոր Նիկա Շեկը նկատեց, որ այս աստղերը ոչ միայն ընտանիքի անդամների համար են հուզիչ եւ ուրախալի։ Նա հույս հայտնեց, որ մի օր ի վերջո կունենանք Աղասի Այվազյանի տուն-թանգարան։ «Հույս ունենք, որ առանց պետական աջակցության էլ կհասնենք Աղասի Այվազյանի տուն-թանգարանը բացելուն։ Հետաքրքիր մտքեր կան, որ կփորձենք իրագործել,- մեզ հետ զրույցում նշեց Նիկա Շեկն ու նկատեց, որ բոլոր կառավարությունների ժամանակ դիմել են պատկան մարմիններին։-Եվ ինչպես բոլորը, այդ նամակները փոխանցում են իրար։ Այս կառավարության օրոք եղել է մի փոքր առաջընթաց․ նախագահն է արձագանքել, խոստացել է, որ ինչ-որ բան կարվի, բայց երեւի թե համաճարակը խանգարեց»։

Նա նշեց, որ գրողի արխիվը պահպանում են հենց իրենց բնակարաններում, որը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում։ «Եթե ձեռագրերն այդքան հեշտ չեն փչանում, ապա լուսանկարներն ունեն կոնկրետ խնամքի կարիք, սեփական միջոցներով 200 լուսանկար պահպանելը հեշտ չէ»,- ասում է նա ու նկատում, որ Աղասի Այվազյանի ժառանգության 99 տոկոսը դեռ անհայտ է հասարակությանը։

Միջոցառումից հետո Հրանտ Մաթեւոսյանի այրուց՝ Վերժինե Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ մինչ օրս Հրանտ Մաթեւոսյան մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը մնում է անավարտ։ «Ինձ թվում է, որ իրենք պարզապես վազքի մեջ են փողի հետեւից․․․ ինձ նաեւ թվում էր՝ այս երիտասարդները, որ գալիս են, պետք է ամեն ինչ անեն այդ ուղղությամբ, բայց առայսօր ոչինչ արված չէ, ինչը վիրավորական է»։ Այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար Հրանտ Մաթեւոսյան է ցիտում, տիկին Վերժինեն նկատեց․ «Դա՝ ժամանակին, հիմա չգիտեմ ինչ է ցիտում, ես այն տպավորությունն եմ ստանում, որ առհասարակ մշակույթին ուշադրություն չի դարձվում»։ Ասաց, որ վարչապետի հետ հանդիպել է դեռ գրականության եւ արվեստի թանգարանում․ «Ջերմ հանդիպում էր, եւ ինձ թվաց, թե հիմա սարեր շուռ պիտի տա․․․»։ Ինչ վերաբերում է մեծանուն գրողների աստղերի բացմանը, ապա․ «Այս միջոցառումը սրտի, հոգու միջոցառում է»։   

Հիշեցնենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան»-ի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հիմնականում չեն հետաձգվի ու կանցկացվեն հուլիսի 13-16-ը՝ առցանց։

Փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնն առցանց անցկացնելու տարբերակը թողել են ամենավերջում, որովհետեւ շատ են կարեւորում կենդանի ձեւաչափը եւ երեւանյան կյանքում փառատոնի ներկայությունը։ Թե ինչպիսին կլինի փառատոնը նոյեմբերին, կախված է ընդհանուր սահմանափակումներից։ «Մնում է հուսալ, որ եթե անգամ նոյեմբերին այդ սահմանափակումներն ամբողջովին չհանվեն, ապա գոնե ինչ-որ չափով կթուլանան»,- ասում է նա ու ընդգծում, որ 2021-ը շատ ավելի խնդրահարույց է լինելու, քան 2020-ը, որովհետեւ «2020-ին՝ 2019-ին ավարտված ֆիլմեր կան, ու քանի որ 2020-ին կինոարտադրությունը կանգնած է, դրա համար 2021-ին շատ ավելի մեծ դժվարություններ են մեզ սպասվում»։ Այս պահի դրությամբ դեռ որեւէ պայմանավորվածություն չի չեղարկվել, բայց շատ բաներ, ըստ նրա, կախված են նրանից, թե իրավիճակն ինչպես կզարգանա աշխարհում։  

Փառատոնի համակարգող տնօրեն Արայիկ Մանուկյանն էլ նկատեց, որ իրավիճակով պայմանավորված՝ պետք էր որոշում ընդունել՝ փառատոնը հետաձգվո՞ւմ է, անցկացվում է առցա՞նց, թե՞ ընդհանրապես չի անցկացվում։ Ի վերջո, որոշում ընդունեցին, որ փառատոնն անցկացվում է նոյեմբերին, որովհետեւ առցանցի ժամանակ փառատոնային տոնը կորում է․ ««Ոսկե ծիրանը» մշակութաբանական երեւույթ է եւ բազմաթիվ խնդիրներ է լուծում, բացի մշակութայինից՝ նպաստելով տուրիզմի, փոքր ու միջին ձեռնարկատիրական բիզնեսի զարգացմանը»։

Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա պետության վերաբերմունքը չի փոխվել փառատոնի հանդեպ, ավելին՝ այս տարի ֆինանսական հատկացումը 3 մլն-ով ավելի է, բայց քանի որ իրավիճակը տարվա սկզբից փոխվեց, նախարարության հետ բանակցությունների արդյունքում որոշվեց փառատոնային գործունեությունն անցկացնել 2 փուլով։ «Առաջին փուլի ընթացքում ձեռք են բերվել ֆիլմերի հեղինակային իրավունքները, արվում են ֆիլմերի թարգմանությունները եւ հայտ ներկայացրած մոտ 800 ֆիլմերից ժյուրին ընտրել է ֆիլմեր, որոնք նոյեմբերին արդեն պատրաստ կլինեն։ Կառավարության մեզ հատկացվող գումարից 1-ին փուլում կստանանք մոտավորապես 31 մլն ՀՀ դրամ, որից ավելի քան 5 մլն-ն կազմում են հարկերը։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կքննարկենք իրավիճակը, եթե լինի այնպես, որ նոյեմբերին անցկացնելու ենք փառատոնը, ապա նոյեմբերին կստանանք նաեւ 2-րդ փուլի գումարը, որը կազմում է 34 մլն ՀՀ դրամ, որից մոտ 6 մլն-ն կրկին հարկերն են։ Իսկ եթե հանկարծ փառատոնը չանցկացվի նոյեմբերին, 2-րդ փուլի գումարը չի հատկացվի»,- նկատեց նա։