«Հրապարակ». Պենտագոնի ղեկավարից հարցազրույց վերցնելն ավելի հեշտ է, քան ԵՄ դիտորդների ղեկավարից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես է գալիս ապատեղեկատվությամբ՝ հայկական կողմին մեղադրելով իրենց ուղղությամբ կրակ բացելու մեջ։ ՀՀ ՊՆ-ն պարբերաբար հերքում է այդ տեղեկությունները, սակայն հայկական կողմի հերքումները հաճախ տեղ չեն հասնում, միջազգային հանրությունը դրանց չի հավատում, որովհետեւ տպավորություն է ստեղծվում, որ դրանք սուբյեկտիվ են՝ ագրեսորը երբեք չի խոստովանում իր ագրեսիայի մասին։ Բայց չէ՞ որ արդեն քանի տարի Հայաստանում են տեղակայվել եվրոպացի դիտորդներ, որոնք կարող էին միջազգային հանրությանն իրականությունը փոխանցել եւ ճշգրիտ տեղեկություններ հաղորդել, թե ով է խախտում հրադադարի կանոնները, ով է կրակում եւ ով է ստում։
Մենք որոշեցինք կապվել ՀՀ սահմաններին դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիության դիտորդների հետ եւ հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք մշտադիտարկում են իրականացնում սահմանին, արդյո՞ք չեն կարող այս հարցում պարզություն մտցնել եւ, որպես անաչառ կողմ, ասել, թե հակամարտության որ կողմն է խախտում պայմանավորվածությունները, թե ով սկսեց, ով պատասխանեց եւ այլն։ Ի վերջո, եթե հայկական կողմն իսկապես կրակ է բացել, ինչո՞ւ են լռում:
«Հրապարակը» կապ հաստատեց ԵՄ դիտորդներից մեկի՝ Ժերոմ Բանչիերիի հետ, սակայն վերջինս կտրուկ ու ոչ այնքան բարյացակամ պատասխան տվեց։ Նախ՝ պահանջեց հայտնել, թե որտեղից ենք գտել իր հեռախոսահամարը, ապա հայտարարեց․ «Ես չեմ պատրաստվում պատասխանել Ձեր հարցերին կամ որեւէ մեկնաբանություն տալ»: Երբ հետաքրքրվեցինք, թե մեզ հետաքրքրող հարցերի պատասխանն ումից կարող ենք ստանալ, ասաց, որ իրենց խոսնակի հետ կապ հաստատենք: Ի վերջո, պարզեցինք, թե ով է առաքելության խոսնակը՝ Աննա Պալմեն։ Զանգահարեցինք նշված հեռախոսահամարով, խնդրեցինք հարցազրույց կազմակերպել առաքելության ղեկավարի կամ դիտորդներից որեւէ մեկի հետ։ Պալմենը հորդորեց իրենց պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկել մեզ հետաքրքրող հարցը։ Ուղարկեցինք էլեկտրոնային նամակ՝ խնդրելով հարցազրույց կազմակերպել առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ, եւ ստացանք բավականին տարօրինակ պատասխան․
«Մենք պարզեցինք, որ Դուք փորձել եք կապ հաստատել մեր որոշ գործընկերների հետ՝ անընդունելի եղանակով: Սա չէ այն եղանակը, որով շփվում ենք լրագրողների եւ լրատվամիջոցների հետ: Ես Ձեր հարցադրումը փոխանցեցի առաքելության ղեկավարին, սակայն, դժբախտաբար, նա հայտնեց, որ ցանկություն չունի որեւէ հարցազրույց տալ Ձեր լրատվամիջոցին»։
Իսկ ո՞րն է ԵՄ դիտորդական առաքելության համար «ընդունելի եղանակը», եւ ո՞ր լրատվամիջոցն է «ընդունելի» դիտորդների համար, որոնք կարծես թե ժամանել են ազատ Եվրոպայից, որտեղ ժողովրդավարության կանոնները մերժում են փակ, ոչ թափանցիկ գործելաոճը, մերժում են երկակի ստանդարտները, խտրականությունը, բաց են քննադատության առջեւ, հանդուրժող են ոչ հաճելի տեսակետների նկատմամբ։ Քաղաքացիական առաքելություն իրականացնող կառույցները Եվրոպայում ինչպե՞ս են շփվում լրագրողների հետ։ Նրանք կկարողանայի՞ն նման պատասխան տալ եվրոպական որեւէ լրատվամիջոցի որեւէ լրագրողի:
Պրն Ռիտերին ուզում եմ հիշեցնել, որ մեր հարցերը վերաբերում են մեր երկրի համար օրախնդիր թեմաներին, մեր երկրի անվտանգությանը եւ միջազգային հարթակներում մեր երկրի իմիջին։ Իրենք ո՛չ «խոպան» են եկել Հայաստան, ո՛չ էքսկուրսիա, ո՛չ էլ գաղտնի ծառայությունների աշխատակիցներ են, որ հանրությունից թաքցնեն իրենց աշխատանքը եւ իրենց առաքելության ընթացքում ստացած տեղեկատվությունը։ Նրանք պարտավոր են ծառայել բուն այն առաքելությանը, որի համար ժամանել են Հայաստան եւ ստացել ՀՀ օրենքով երաշխավորված բացառիկ արտոնություններ (հիշեցնենք, որ մեզանում օրենք ընդունվեց ԵՄ դիտորդների գործունեության հետ կապված․ ոչ միայն նրանց կեցության ապահովումն է ՀՀ բյուջեի վրա, այլեւ նրանք ազատված են անգամ ծանր հանցագործությունների դեպքում քրեորեն հետապնդվելուց)։
Եվ՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ռազմական առաքելություն չէ, գերգաղտնի ծառայություն չէ, իսկ մենք չէինք առաջարկում գաղտնի տվյալներ հրապարակել, ընդամենը փորձում էինք հասկանալ, թե ինչի համար են նրանք հայտնվել մեր երկրում, ինչ ՕԳԳ ունի նրանց գործունեությունը, եւ ինչու գոնե իրենց մոնիթորինգի արդյունքները չեն հրապարակում, իսկ գուցե հրապարակում են կամ ուղարկում որոշ կառույցների՝ առանց հրապարակայնացնելու, դրանով նպաստելով, որ ադրբեջանական ստերը ճշմարտության տեղ անցնեն։
Մի բան էլ․ ոչ մի երկրում լրագրողներին արգելված չէ որեւէ անձի հեռախոսահամարը գտնելն ու ուղիղ զանգահարելը, եվրոպական լրագրողները մուտք են գործում ամենաանթույլատրելի տեղեր եւ անգամ պաշտոնյաների անձնական կյանքը փորփրելուց չեն խորշում։ Իսկ «Հրապարակը» տվյալ դեպքում բացառապես քաղաքակիրթ եւ լրագրողական էթիկայի կանոնների շրջանակներում է գործել, խոսքի ազատության տարրական նորմերի շրջանակներում։
ՀԳ․ Մեր վերջին նամակին՝ ուղղված ԵՄ խոսնակին, մենք այդպես էլ պատասխան չստացանք։ Իսկ մենք խնդրել էինք բացատրել, թե պրն Ռիտերի մերժումն ի վերջո ինչով է պայմանավորված՝ մեր լրատվամիջոցի հանդեպ հատուկ վերաբերմունքո՞վ, թե՞ այլ պատճառներ կան:
Կարծիքներ