Փաշինյանի այդ կեցվածքը համարում եմ խայտառակ, կործանարար սխալ, մերժեց այդ փոքր շանսը ծանր իրավիճակում
«Հրապարակի» հարցազրույցը մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ
- Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին։ Ոմանք մեկնաբանում են, որ փորձեց ձեռքերը լվանալ ու իշխանությունը հանձնելը գցել Կարեն Կարապետյանի «գրպանը»։
- Կարելի է նաև էդպես ընկալել, որովհետև եթե նույնիսկ ֆորմալ առումով ինքն իշխանությունը հանձնել էր առաջին փոխվարչապետին՝ Կարեն Կարապետյանին, բայց այդ օրերին արդեն շատ կանխատեսելի էր, որ ինքն իրականում իշխանությունը հանձնում է Նիկոլ Փաշինյանին։ Ուղղակի այդպես է ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնել է ոչ թե ինքը, այլ Կարեն Կարապետյանը, քանի որ ինքն էլ շատ լավ հասկանում էր, որ իր հրաժարականից հետո իշխանությունն արդեն Նիկոլ Փաշինյանինն է։
Ի վերջո, իր ազդեցությունը ՀՀԿ-ում շատ ավելի մեծ էր, քան Կարեն Կարապետյանինը, իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում վարչապետ ընտրվեց նաև ՀՀԿ-ի ձայներով։ Տասը ձայն տվեցին, չէ՞։
- Եվ նաև՝ եթե ինքը հրաժարական էր տալիս, քանի որ հրաժարականի այլընտրանքը արյունահեղությունն էր, ինչին ինքը չգնաց, ապա ինչո՞ւ պետք է դրան գնար Կարեն Կարապետյանը։
- Ինքն այդ պահով այնքան էլ անկեղծ չէր, որովհետև մենք հիշում ենք, որ, այնուամենայնիվ, շատ կտրուկ քայլերի ոստիկանությունը դիմեց։ Ըստ որում, ներգրավվել են և՛ թաղային հեղինակությունները, և՛ դիմակավորված անձինք, և՛ ոստիկանությունը։ Հարյուրավոր մարդկանց ձերբակալություններ ու բախումներ եղել են և այնպես չէ, որ ինքը կոշտ միջոցներ չի օգտագործել։ Օգտագործել է, պարզապես ինչ- որ մի պահից հասկացել է, որ նույնիսկ դա չի օգնի և դրա համար է հրաժարվել և ոչ թե Հայաստանի դիրքերը չթուլացնելու համար։
- Նաև ասաց, որ մնում էր Ղարաբաղյանը հարցը կարգավորելու համար։ Դրա համար էլ, չնայած իր տված խոստումին, երրորդ անգամ վարչապետ առաջադրվեց։
- Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը բավականին երկար ժամանակ ուներ Ղարաբաղի հարցը լուծելու՝ երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում։ Եվ ես դրան այնքան էլ չհավատացի։ Ինձ համար գոնե ակնհայտ էր, որ դա հետին թվով արդարացման ինչ-որ մի փորձ էր։ Իրականում նա այլ՝ շատ պրագմատիկ պատճառ ուներ, պարզապես ուզում էր իշխանությունը պահպանել և վերջ։ Հետո գուցե իրեն, այո, պարտադրեին ստորագրել այդ փաստաթուղթը և նա կամ կտար այդ բացատրոթյունը, բայց իր վարչապետ դառնալու որոշման հիմքում դա չէր ընկած։ Իշխանությունն ու իշխանական լծակները պահպանելն էր։
- Ասաց նաև՝ ես երբեք ոչմիթիզ հողական չեմ եղել։
- Այս մասով իհարկե համոզիչ էր։ Մենք միշտ էլ գիտեինք, որ նա երբեք ոչմիթիզական չի եղել, Ռոբերտ Քոչարյանը՝ նույնպես։ Այլ հարց է, որ նրանք անընդհատ շահարկում էին այդ կարգախոսները՝ սկզբում՝ 98-ին իշխանության հասնելու համար և հետո այն պահպանելու համար։ Ու էդ մասով ճիշտ է ասում, որ ոչմիթիզական չէ, բայց էդ դեպքում անհասկանալի է, թե ինչու էր էդ հարցը շահարկելով՝ պահպանում իշխանությունը և քաղաքական հակառակորդներին մեղադրում հող հանձնելու մտադրությունների մեջ։
- Սերժ Սարգսյանը մեղադրեց նաև Փաշինյանին, որ պատերազմի ժամանակ չճանաչեց Արցախի անկախությունը։ Չճանաչելու միակ ու հիմնավոր փաստարկը բոլոր այս տարիներին եղել է այն, որ եթե ճանաչեն, կլինի պատերազմ։ Բայց պատերազմն արդեն կար։
- Այստեղ հարցեր կան, որովհետև այդ 44-օրյա պատերազմն այդպես էլ պաշտոնապես պատերազմ չէր։ Իսկ եթե Հայաստանը պատերազմի օրերին ճանաչեր ԼՂ անկախությունը, մեծ հավանականությամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան անմիջապես Հայաստանին պատերազմ կհայտարարեին։ Եվ այդ դեպքում նաև լրջագույն խնդիրներ կունենայինք նաև ՀՀ տարածքային ամբողջականության։ Ու չեմ կարծում, որ Ռուսաստանը կցանկանար կամ կհասցներ օգնել։ Նման վտանգ կար և քանի որ միանշանակ չէ, հենց այդ վտանգները հաշվի առնելով է, որ ՀՀ ոչ մի իշխանություն, անգամ պատերազմի ժամանակ, նույն Սերժ Սարգսյանը՝ նույն Ապրիլյանի ժամանակ հենց այդ նկատառումներով էլ չճանաչեց։ Եվ եթե ինքն ասում է՝ «բայց եթե շարունակվեր, ճանաչելու էի», ապա չեմ կարծում, որ այդպես կվարվեր։
- Եթե հիշում ես՝ ճանաչման նախագիծը պատրաստ էր, տարան ԱԺ։ Նախագիծ կար։
- Ես կարծում եմ՝ հիմա էլ կա, օրակարգում կա՝ սառեցված վիճակում։ Բայց մի բան է, երբ կա, և բոլորովին այլ բան՝ այն ընդունելը։ Եվ դա միշտ օգտագործվել է որպես խաղաքարտ։ Կամ ավելի շուտ՝ խաղաքարտի սպառնալիք։ Եվ ես չեմ կարծում, որ ճիշտ կլիներ, եթե Հայաստանն օգտագործեր այն, որովհետև այս 44-օրյա պատերազմի ինչ-որ մի փուլից հետո ակնհայտ էր, որ Արցախը ճանաչելու դեպքում վտանգներն էլ շատ ավելի են շատանում։
- Սերժ Սարգսյանը խոսեց լուծումների ու կիսալուծումների մասին, որին պատրաստ էր գնալ։ 5+2, 7 և այլն։ Գնալո՞ւ էր։
- Փաստն այն է, որ կարևոր չէ, թե ինքն ինչին էր պատրաստ, կարևորը, թե ադրբեջանական կողմը դրան համաձա՞յն էր, թե՞ ոչ։ Փաստն այն է, որ դրան Ադրբեջանն արդեն համաձայն չէր։ Եվ դա նաև փաստացի իրավիճակը հաշվի առնելով, որի պատասխանատուներից մեկն էլ Սերժ Սարգսյանն էր։ Որովհետև արդեն Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսի, ինչպես նաև տնտեսական պոտենցիալների միջեւ ահռելի տարբերություն կար։ Եվ դրա համար էլ Ադրբեջանը չէր համաձայնվի և չհամաձայնվեց։ Իսկ չհամաձայնելու դեպքում արդեն էական չէ, թե ինչի էր պատրաստ Հայաստանը։ Կարևորն այն էր, որ նրանք համաձայն չէին։
- Սերժ Սարգսյանը նաև հայտարարարեց, թե Նիկոլ Փաշինյանը իր պրոյկետը չի և ավելին՝ թշնամուն անգամ նման պրոյեկտ չի ցանկանա։ Բայց նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր տեսադաշտում հայտնվել է 90-ականների սկզբին։
- Այ, էդ վերջինը մի քիչ տարօրինակ էր, չհասկացա։ Իսկ պրոյեկտի վերաբերյալ կարող եմ ասել, որ, այո, հավատացի, որովհետև ի սկզբան էլ ինձ համար հասկանալի էր, որ Նիկոլ Փաշինյանը իր պրոյեկտը չէ։ Հնարավոր է՝ եղել է ինչ-որ ժամանակ ինչ-որ ստվերային համագործակցություն, բաց պրոյեկտ՝ չեմ կարծում։ Ոչ, իհարկե, իր պրոյեկտը չէր։
- Իսկ մեկնաբանի հարցին, թե ում պրոյեկտն է, նշեց՝ ինչ-որ այլ ուժերի։ Ըստ իս՝ ակնարկը Լևոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված և այլ արտաքին ուժերին։
- Ես հասկացա, որ ակնարկն ավելի շատ ուղղված էր արևմտամետ ուժերին ու կառույցներին։ Ես այդպես հասկացա, համենայնդեպս։ Որ այդ պրոյեկտն է՝ գունավոր հեղափոխություն իրականացնողների։
- Բայց չէ՞, որ հիմա ընդունված է ասել, որ գունավոր հեղափոխության ֆոնի ներքո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ռուսական դրածո է և Ռուսաստանի պահանջները կատարելու հարցերում ավելի կաթոլիկ է, քան Հռոմի պապը։
- Գուցե հիմա՝ պատերազմի արդյունքները հաշվի առնելով, այդպես էլ կա։ Բայց նա իշխանության իր առաջին ամիսներից սկսած ակնհայտորեն ոչ միայն ռուսական պրոյեկտ չէր, այլ իր բոլոր քայլերով ամրապնդում ու ուժեղացնում էր արևմտյան գիծը և կարծես թե ուներ՝ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց վերջնականապես պոկելու հեռահար նպատակ։ Իր առաջին ամիսների ու քայլերի տրամաբանությունը դա է եղել։ Հետո գուցե հասկացավ, որ այդտեղից հնարավոր չէ պոկվել ու գուցե կտրուկ փոխեց, բայց ի սկզբանե արևմտյան է եղել թե՛ նրա կադրային քաղաքականությունը, թե՛ ընդունած որոշումները։ Եվ նա այդ շրջանում ավելի շատ հակառուսական քայլերի կողմնակից էր։
- Մոսկվա գնալու հետ կապված․ ըստ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանը չտվեց անգամ համաձայնություն, որ նախկին նախագահները գնան, ցույց տան, որ պաշտոնական Երևանն են ներկայացնում։ Դա ասել են նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի թիմակիցները, ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Անգամ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի բոլոր 5 նախագահներին փոխանցել է, որ Դուք բոլորդ մերժված նախագահներ եք։
- Ես չգիտեմ՝ այդ այցը Մոսկվա օգուտ կտար, թե ոչ, բայց ինչ-որ շանս, այնուամենայնիվ կար, որ կարող էր օգուտ տալ։ Եվ էդ դեպքում Նիկոլ Փաշինյանի այդ կեցվածքը համարում եմ խայտառակ, կործանարար սխալ, որովհետև, փաստորեն, մերժեց այդ՝ թեկուզ և փոքր շանսը էդ ծանր իրավիճակում։ Երևի մտածեց՝ վայ, հանկարծ իմ իշխանությունից ինչ-որ մի մազ կպակասի և իր ամբիցիաներից ելնելով՝ էդպիսի խայտառակ սխալ ու հիմար որոշում կայացրեց։
Կարծիքներ