Իսլամիստները եւ «Սուրմալու»-ի կապը Աստվածամոր Վերափոխման տոնի հետ

Իսլամիստները եւ «Սուրմալու»-ի կապը Աստվածամոր Վերափոխման տոնի հետ

ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորել է ԶԼՄ-ներին եւ քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար: ԱԱԾ-ն նաեւ հայտարարել է, որ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգության իրավիճակը հանրապետությունում: Իհարկե, շատ լավ է, որ վերջապես ԱԱԾ-ն ինչ որ հայտարարությամբ հանդես եկավ։ Իրականում այդ հայտարարությունը պետք է հնչեր դեռ երեկ՝ ասենք, «Սուրմալու» շուկայի պայթյունից մեկ ժամ անց, կամ գոնե օրվա ընթացքում, բայց երեւի ԱԱԾ-ի մեր հարգելի աշխատակիցները երեկ վայելում էին կիրակին ու այսօր առավոտյան են միայն սկսել աշխատել, հասկանալով, որ հիմա արդեն սկսվելու են քննարկումները։ Ամեն դեպքում էլի լավ է, որ հայտարարություն, թեկուզ եւ ուշացած, հնչեց, բայց ամեն դեպքում, նույնիսկ ԱԱԾ հայտարարությունը նկատի ունենալով, չենք կարող մի շարք դիտարկումներ չանել, որոնք չափազանց ակնբախ են։

Եւ այսպես, մի կողմ թողնելով երեկ տեղի ունեցածի մանրամասները եւ ժամանակագրությունը, փորձենք նկատել․

• Դեռ հուլիսի 22-ին «Հրապարակը» հանդես էր եկել ԱԻՆ-ը մարզպետարաններին գրություն է ուղարկել եւ հրահանգել զգոն լինել» վերտառությամբ հոդված, որում ներկայացվել էր, որ Հայաստանի իշխանությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, Թուրքիայի տարածքից ուղարկված էլեկտրոնային նամակ են ստացել, որը պարունակում է սպառնալիքներ Հայաստանի հասցեին։ Երեկ կրկին լուրեր տարածվեցին, որ ռումբի ահազանգեր են ստացվել եւ մարդկանց մետրոյի եւ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց սկսեցին տարհանել։
    • Հաջորդող շաբաթներին ընթերցողները հավանաբար կհիշեն, որ լուրեր տարածվեցին առանձին ենթակառուցվածքներում, կառույցներում ռումբի տեղադրման մասին, որոնք հետո բարեբախտաբար հերքվեցին եւ ահազանգերը որակվեցին որպես կեղծ։ 

• Օգոստոսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ իր քաղաքացիներին ուղղված նախազգուշական հայտարարությամբ, որով հորդորեց խուսափել որոշ վայրեր այցելելուց եւ այլն։ Ի դեպ, նկատենք, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը պարբերաբար, սովորաբար որոշակի արտակարգ սպասվող դեպքերից առաջ, այսպես ասած՝ առաջանցիկ ձեւով զգուշավորության պահպանման բովանդակությամբ հայտարարություններով է հանդես գալիս, եւ սա նկատի ունենալով է, որ օգոստոսի երեքի հայտարարությունը մեզ համար ուշագրավ նկատվեց։

• «168 ժամ» պարբերականը երեկ տեղեկացրել էր, որ նախքան պայթյունը, կրկին առաջանցիկ կերպով ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում։

Առնվազն այս տեղեկությունները բավականին շատ հարցեր են առաջացնում, որոնց պետք է պատասխանի նույն ԱԱԾ-ն, նախքան հորդորելը, թե քաղաքացիները ինչ մտածեն կամ ինչի մասին խոսեն կամ ինչ չմտածեն ու ինչի մասին չխոսեն։ Ու առաջին հարցն այն է, թե ինչպես են, օրինակ, առնվազն ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում պայթյունից առաջ իմացել, որ պայթյուն է սպասվում եւ այդ մասին էլեկտրոնային նամակով նախազգուշացրել իրենց աշխատակիցներին, հստակ նշելով, թե կոնկրետ որ վայրում չպետք է նրանք լինեն։ Այսինքն, տրամաբանական է, որ եթե «սալյուտի» պահեստում բնական պայթյունի վարկածը վերցնենք, որը երեկ ամբողջ օրը իշխանական քարոզչամեքենան փորձում էր հանրությանը «դալբիտ» անել, ապա ոչ ոք չէր կարող նախապես իմանալ ու առաջանցիկ կերպով զգուշացնել «յուրայիններին» սպասվող տեխնիկական աղետի մասին։ Այստեղից եզրակացությունը կարող է լինել մեկը՝ ուրեմն սա այլ բան էր։ Թե ինչ, հիմա դժվար է ասել, բայց նույնիսկ ահաբեկչության վարկածը չպետք է բացառվի, հատկապես, որ որոշ անուղղակի, այսպես ասած, «հանցանշաններ» ակամա ստիպում են հենց այս վարկածի շուրջ մտորել։ 

Նախ եթե հիշենք «Հրապարակի» հուլիսի 22-ի հոդվածը «Իսլամական պետության» սպառնալից նամակի մասին, ապա «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունի մեջ կարելի է տեսնել իսլամիստ ծայրահեղականների ձեռագիրը։ Չենք պնդում այս վարկածը, բայց եւ նշենք, որ սովորաբար իսլամիստ ծայրահեղականներն իրենց ահաբեկչությունները կատարում են նշանակալի կամ խորհրդանշական օրերի եւ նշանակալի կամ խորհրդանշական վայրերում /գումարած՝ մարդաշատության ֆակտորը/։ Գալով երեկվա «Սուրմալուի» պայթյունին, նշենք, թե ինչ սիմվոլիկա կար երեկվա աղետի մեջ։ 

Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Աստվածամոր Վերափոխման տոնը, որը Աստվածածնին նվիրված քրիստոնեական ամենամեծ տոներից մեկն էր։ Այսինքն՝ իսլամիստական «ճաշակով»՝ բավականին սիմվոլիկ օր։ «Սուրմալու» տոնավաճառի մասով կարեւոր է ոչ միայն այն, որ կիրակի օր էր, տոնավաճառի համար մարդաշատության առումով հագեցած օր, այլ նաեւ հենց «Սուրմալու» անվանումն է սիմվոլիկա պարունակում իր մեջ։ 

Բանն այն է, որ «Սուրմալուն» կամ թուրքերեն «Սյուրմելին» գյուղական բնակավայր է Թուրքիայի Թյուրզուրջանի շրջանում որը հայերեն կոչվում է «Սուրբ Մարի(ամ)»։ Այսինքն՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած երկրի մայրաքաղաքում տեղի է ունենում պայթյուն մի վայրում, որի անվանումը թեկուզեւ հեռավոր աղերս ունի Սուրբ Մարիամ Աստվածածնի հետ։ Էլի շեշտենք՝ սա միայն վարկած է, եւ հուսանք, որ ԱԱԾ-ում կգտնվեն ծայրահեղական իսլամիզմից գիտակ անալիտիկներ, որոնք ուշադրություն կդարձնեն այս վարկածին ու ի վերջո լույս կսփռեն, թե կատարվածը որքանով է առնչվում «Իսլամական պետության» անունից ուղարկված սպառնալից նամակի հետ։