Պետությունը խափանվել է

Պետությունը խափանվել է

Երկրի բնականոն կյանքը դրսեւորվում է մի շարք համակարգերի բնականոն աշխատանքով. հոսանքի ու ջրի մատակարարում, տրանսպորտի եւ սննդի օղակների անխափան աշխատանք, առողջապահական հիմնարկների նորմալ կենսագործունեություն: Այս օղակներից յուրաքանչյուրի խափանումը կարող է կաթվածահար անել երկրի եւ ազգաբնակչության կենսագործունեությունը, քաոս առաջացնել, ցնցումների տանել երկիրը: Մենք նման փուլեր ունեցել ենք 30 տարվա ընթացքում․ 90-ականներին հացը քարտով էինք գնում, հոսանքը ժամով էին մատակարարում, ջուր կանոնավոր չէինք ստանում, ջեռուցում չկար, Երեւանի բարձրահարկերում վառարաններ էինք դնում` ձմռանը չսառչելու համար: Տրանսպորտ չկար, եւ մարդիկ կիլոմետրերով քայլում էին՝ աշխատանքի գնալու համար: Բայց պատերազմի ավարտից հետո մի քանի տարվա ընթացքում այս բոլոր խնդիրները կարգավորվեցին` հոսանքի մատակարարումն էլ վերականգնվեց, շատ տեղերում 24-ժամյա ջրի մատակարարում ունեցանք, տրանսպորտը նորմալացավ, եւ տաքսի ծառայություններն այնքան շատացան, որ անգամ բողոքում էինք դրանց քանակից:

Հիմա կարծես հակառակ պրոցեսի ականատեսն ենք` հոսանքի մատակարարման խափանումները կամաց վերադառնում են, տրանսպորտն ամեն օր ավելի ու ավելի վատ է աշխատում, եւ հատկապես արվարձաններում բնակվողները բողոքում են, որ քաղաքային տրանսպորտն ուշացումներով է գալիս, լեփ-լեցուն է: Տաքսիների համակարգն էլ է սկսել քայքայվել` մեքենաներից վերացել են հաշվիչները, տաքսիստները կամայական գներ են ասում, ոչ մի վերահսկողություն չկա: Միայն սննդի մատակարարման ոլորտում դեռ խափանումներ չկան, բայց այստեղ էլ գներն են սարսափելի բարձրացել, եւ միջին վաստակ ունեցող մարդու ամբողջ աշխատավարձը ծախսվում է սնվելու վրա: Պետություն կոչվող ինստիտուտն այլեւս անխափան չի աշխատում: