Էրիկ Բեկնազարյան. Սեզոնային պսիխոպաթիա

Էրիկ Բեկնազարյան. Սեզոնային պսիխոպաթիա

Գարուն

- Զով էր. դա ես էի։ Արեւ էր, որ չէր այրում։ Ես եղա այս քաղաքի վրա, որ ծաղկի ամենը, որ հոգին դիպչի հոգուն, ու ձեռքը ձգվի խոտին, բայց այս քաղաքը... սա... այստեղ հոգի չկա։ 

Ես ցանեցի իմ աղջկան ու սպասեցի յոթ հարյուր տարի, մինչ նա ծնվեց։ Նա ուներ աչքերը՝ տավուշյան անտառի կուսական խորքերի. բայց սրանք անարգեցին նրան։ 

Ես քամի եղա ու շրջեցի բոլոր թաղամասերով, բայց այն, ինչ տեսա, ստիպեց ինձ ներքաշել իմ մեջ իմ բոլոր քամիներն ու կորչել էս քաղաքից։ 

Ամառ

- Ես արեւ եղա ու քամոտ գիշեր, ես իմ խայտանքի ծիլերը սերմանեցի այս հողերում, որ պատանիներն արբեն։ Այս քաղաքի զբոսայգիներում ես քամի սուլեցի ու շունչը իմ, բայց չէին արբում, այլ հարբում էին նրանք։

Ես քամոտ խուժեցի բոլոր պատուհանները, որ լսեմ երգերը նրանց, բայց լսեցի միայն հեռուստացույցի նվնվոցն ու հայհոյանքներ. ու տեսա մեռած հոգիները նրանց։ 
Ես տեսել էի գարնան աղջկան, ժպիտը նրա վճիտ էր այնքան ու շունչը այնպես մաքուր, ու մաշկի թերթերը նրա՝ կյանքի կանչող մի ծաղկի պես, որ տեսել եմ միայն հեռավոր լեռան ծերպերում, որ խուժել եմ այգաբացից առաջ, բայց տեսնում եմ ես, որ ծաղիկն այդ պիտի անարգվի բիրտ, գազանակերպ մինոտավրի ձեռքով, դառնա տնային բույս, օրեցօր թոշնելով, օրեցօր թոշնելով։  
Ես արեւ եղա ու կիզեցի, իսկ գիշերն եղա անօդ ու տոթ։ Թող դա լինի իմ վրեժն այս քաղաքից։

Աշուն

- Սիրում եմ զբոսնել ու քամոտվել բոլոր կորուսյալ հոգիների հետ, սիրում եմ լսել հառաչանքը նրանց խորքից, երբ տրտմում եմ քաղաքի վրա, սիրում եմ փռել օդում կարոտի սերմերը ու ամփոփել նրանց իմ մեջ, որ կգան։ 
Բայց ի՜նչ կա այստեղ։

Տղամարդիկ հայհոյում են ու ծեծում իրենց կանանց։ Կանայք ծեծում են իրենց երեխաներին ու գոռում նրանց վրա։ Երեխաները ոտքով հրում են փողոցի կատուներին։

Ես ցանկացա մենանալ զբոսայգիներում։ Լուռ քայլում էի նրա խոտերի միջով ու թառում ծառերին։ Սիրում էի Վեներայի արձանը, որ ինչ-որ կերպ հայտնվել էր այս քաղաքի զբոսայգում, ես սիրում էի լռել նրա հետ ու նայել ժամանակի միջով։ Սիրում էի գետը միակ՝ Աղստեւը, սիրում էի զբոսնել նրա հետ ու իմ տերեւները շաղ տալ նրա արգանդում։ Երբեմն դուրս էի գալիս քաղաքից, հասնում հարեւան քաղաք՝ Դիլիջան, ուր մայր արջի արձանը կա իր ձագերի հետ։

Ես հասկացել էի՝ արձանների մեջ այստեղ ավելի շատ կյանք կա։

Ձմեռ

- Այս քաղաքը խժռում է ամեն բան, ինչ հոգի ունի։ Ես պետք է չքվեմ, ինչպես մյուսները, թողնելով այս քաղաքին իր բութ միապաղաղությունը։

Եվ սակայն կար մեկը, կանա՜չ-կանա՜չ էին նրա աչքերը, ինչպես իմ խորքում թաղված անտառի սիրտը. նա խանգարում էր ինձ ամբողջությամբ ատել այս քաղաքը, նա միակն էր, որ ստիպում էր ինձ վերադառնալ, բայց ես զզվել եմ արդեն։ Ես բուք եղա ու սուրացի բոլոր տներով, ես ձյուն եղա ու ցրտոտ իջա բոլոր փողոցներում, ես ձյուն եղա ու սառցակալեցի շենքերի տանիքներին, ես ձյուն եղա ու սառած կախվեցի բոլոր ծառերից։ 

Ես սպասեցի։ Ես սպասեցի, երկար, ու էլի, ձեւացա ամառ, ինձ գարնան տեղ դրի, նորից դարձա ես, սպասեցի։

Մի օր տեսա նրան մի ծառուղում, մի թեք ճամփի վրա։ Ես թափեցի իմ սառցակտորները նրա պարանոցին, ու կաթաց նրա արյունը, ես գլորեցի նրան թեք ճանապարհով, ու դիպավ նրա ճակատը իմ սառույցին։ Ես մրրիկ եղա ու տարա նրան, ես թողեցի նրան այնտեղ, որտեղից ծագել էր, ես թաղեցի նրան այնտեղ, որտեղ ծնվել էր, ես վերստին ձուլեցի նրան ամենին, ինչ ինքը՝ էր։ 
Կհեռանամ ես, կգա նրա մայրը ու նորից իր ծոցը կառնի նրան։

Գարուն
...

Ամառ
...

Աշուն

- Տարեցտարի վերջին հոգիները լքում էին այս վայրը։

Տերեւ էի ու քամուն տրված գնում էի քաղաքից քաղաք, երբ տեսա՝ էլ ոչինչ չի մնացել։ Անտառները, ուր փախչում էի, դարձել էին կահույք, դարձել էին բազմոց, ուր մեկը պառկում էր ու նորություններ նայում։ Նրանք սիրում են նորություններ նայել, որովհետեւ հնություններ էլ չկան։

Ես տեսա՝ մայր արջը կատաղել էր ու կերել իր ձագերին, իսկ իրեն մաշկել էին ու փռել տան հյուրասենյակում։

Ես ժանգոտ անձրեւ փսխեցի։

Ես տեսա, Վեներան կախվել էր ծառից, ճոճվում էր նրա մեռած մարմինը, հայացքի մեջ արցունքի կաթիլ էր բյուրեղացել։

Ես տեսա՝ Աղստեւն էլ չկա։ Ասում էին՝ գետն իր մեջ է առել վերջին հոգիներն ու հոսել է ու էլ չի վերադարձել։ Ասում էին՝ գետը փախել է, ասում էին՝ հոսել է դեպի մի ժայռ ու թափվել է ժայռից. մի անսովոր ինքնասպանություն։

Ես թափեցի բոլոր տերեւներն ու յոթ գիշեր անձրեւ տեղացի։ Ես կապեցի բոլոր ամպերը, ու մթնեց քաղաքը։ Եվ որ իմ պատիժը նրանց հավերժ լինի, ես մտա նրանց մեջ ու դարձա նրանցից մեկը. մի արտասովոր ինքնասպանություն։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ