Ասում են՝ մի հայհոյիր…

Ասում են՝ մի հայհոյիր…

…Իսկ նման բան ասողները կարո՞ղ են հանգիստ, առանց հայհոյելու լսել Անդրանիկ Քոչարյանի՝ սեպտեմբերի 27-ի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ: Խոստովանեմ՝ ես չկարողացա: Հայհոյել եմ ու 3 օր անց էլ դեռ չեմ հանգստանում: Ինձնից երեք օր պահանջվեց, որպեսզի թերթի ֆորմատին համապատասխան այս երկու տողը գրեմ՝ հուսալով, որ գոնե թերթի գլխին փորձանք չեմ բերի: Ախր, չեք պատկերացնի, թե ինչ ապրումներ ունեցա այդ հարցազրույցի մի մասը լսելուց հետո: Արա, Անդո, դու էդ ի՞նչ ֆրուկտ ես, արա, 60 տարեկան եմ արդեն, բայց քո ծառը դեռ չեմ տեսել…
Ասում է՝ մենք ոչ թե բանակ ենք կազմաքանդել, այլ վատ ժառանգություն ենք ստացել Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից… Այսպիսի մի չեզոք հայհոյանք՝ տո ստի մե՞րը… Անդրանիկ, բա եթե այդ ժառանգությունն այդքան վատն էր, ինչո՞ւ ժառանգեցիք:

Հրաժարվեիք, եղբայր, շառուփորձանքի մեջ էլ չէիք ընկնի: Բա որ կորշունների նման վրա տվեցիք ու հափռեցիք իշխանությունը, չէի՞ք մտածում՝ ոնց եք այդ վատ ժառանգության տակից դուրս գալու:
Թե բա՝ մենք չենք նկատել, որ քառօրյա պատերազմից հետո բանակի հրամկազմում անհրաժեշտ փոփոխություններ տեղի չէին ունեցել: Ի դեպ՝ շատ հետաքրքիր բան է ասում՝ չէինք նկատել: Ուզում է ասել, որ Նիկոլը, իրենք էլ Նիկոլի հետ, մեխի գլուխ են եղել ընդամենը եւ չեն իմացել ինչ անել բանակի համար 16թ. քառօրյա պատերազմից մինչեւ 21թ. 44-օրյա պատերազմ ընկած ժամանակահատվածում: Դդումը միայն կարող էր այսպիսի հանճարեղ միտք հնչեցնել սեփական շեֆի հասցեին: Բայց սկսենք այնտեղից, որ 2018թ. թավշյա ոչ բռնի ժողովրդական խեղկատակությունը հաղթեց միայն այն բանից հետո, երբ Երեւանի փողոցներում հայտնվեցին «հեղափոխական» զինվորականները, ու հայտարարվեց, որ բանակն անցել է թավշյա ապուշության կողմը: Եթե սխալ եմ, ուղղեք:

Ովքե՞ր էին այն զինվորականները, որ կայազորից փախած՝ հայտնվեցին հրապարակներում ու պադդոններից հավաքված բեմերի վրա: Ե՞ս էի հերոսի «պապին» բեմ բարձրացրել: Սրանք ի՞նչ էին՝ վատ ժառանգություն նախկինների՞ց, թե՞ նորամուծություններ, որոնցով բանակ ու պաշտպանություն էր կազմալուծվում: Հավանաբար, շատ վատ ժառանգություն էր նաեւ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար լինելը: Եվ ուրեմն՝ այդ ի՞նչ հարց էիք լուծում մեր բանակի համար՝ քրեական հետապնդում սկսելով այդ ազդեցիկ զինվորականի նկատմամբ: Բանակի համար այդ ի՞նչ բարեփոխումներ էիք անում՝ մարտի 1-ի գործի վերաբացման անվան տակ բանակի ստեղծման հիմքերի մոտ կանգնած գեներալներին քրեական գործերում ներգրավելով: Բա, Անդրանիկ, դու Սեյրան Օհանյանին անուն ես դնում, ո՞ւր է Սեյրան Օհանյանից հետո քո նշանակած արժանավոր Պնախարարը: Դա է՞լ չեք հասցրել նկատել… Ոչինչ, ով պետք է եւ ում պետք է, շատ լավ նկատում է այդ ամենը:

Վիդիտե լի, բանակում կոռուպցիա է եղել, եւ բանակը չէր կարող դիմակայել թշնամուն: Կոռուպցիա՝ հրաշալի բառ, որ ում կպավ, էլ պոկ չի գալիս: Հիմա ի՞նչ, Գյումրիի՞ց գանք, թե՞ Անդրանիկ Քոչարյանի՝ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակներից: Հեյ գիտի ժամանակներ, ինչ Նիկո՛լ, ինչ բան… Ցերեկը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր լույս տալիս, գիշերը՝ Անդրանիկ Քոչարյանը: Պիստալետը շալվարի գոտու մեջ խրած որ դուրս էր գալիս ավերված Գյումրիի փողոցները, դվիժենին կանգնում էր: Որտեղ մի ծուռ դրված երկաթ կար, տեխնիկա կար, տախտակ կար, նրա անցնելուց հետո այլեւս իր տեղում չէր մնում: Տեսնես ո՞ւր էր անհետանում այդ ամենը:

Ու, քանի որ այդ գործում խիստ հաջողակ էր, նրան նշանակեցին Պնախարարի, եթե չեմ սխալվում՝ Վաղարշակ Հարությունյանի առաջին տեղակալ: Դատելով Պետրոս Ղազարյանին տված Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից, Վաղարշակ Հարությունյանը շատ լավ Պնախարար է եղել, բայց ահա, եկել են «նախկիններն» ու ոչ միայն Վաղարշակ Հարությունյանի պագոններն են պոկել, այլեւ իր չեղած պագոններն ու վռնդել զբաղեցրած պաշտոններից: Թե այս պատմությունն ինչով ավարտվեց, մենք գիտենք 1999թ. հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանին փոխանցված հայտնի «վերջնագրից»՝ գրված կարմիր մատիտով եւ Անդրանիկ Քոչարյանի ոճով:

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը երբեւէ չեն ասել, որ իրենք Լեւոն Տեր-Պետրոսյանից ու Անդրանիկ Քոչարյանից վատ ժառանգություն են ստացել, թեեւ ունեին դրա բոլոր հիմքերը: Խնդիրն այն չէ, որ Արցախյան հերոսամարտում կազմակերպվող բանակը չէր կարող թերություններ չունենալ: Այդ թերությունները բոլորինս էին, եւ բոլորով էինք ուղղում դրանք: Խնդիրն այստեղ բամբասանքն է ու կեղծիքը, որ Հանրայինի եթերից տարածում է Անդրանիկ Քոչարյանը: Մի՞թե երեք տարի շարունակ, գլխավորելով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, նա չի կարողացել որեւէ լավ բան անել մեր «կոռումպացված» բանակի համար: Ո՞վ վերադարձրեց Վաղարշակ Հարությունյանի պագոններն ու կրկին նստեցրեց Պնախարարի աթոռին:

Չասեք՝ Նիկոլը: Նիկոլն այդ ժամանակ ելակ էր մատակարարում նախկիններից «վատ ժառանգություն մնացած» բանակին: Վաղարշակին հոգեդարձ անողն ամենահաս «եֆրեյտոր» Անդրանիկ Քոչարյանն էր: Այդ նշանակման իմաստը, վախենում եմ ասել, հավանաբար այն էր, որ Պնախարարությունում մաքրազարդվեին 44-օրյա պատերազմի արխիվները, ու ոչ մի փաստ չմնար ինքնահռչակ գերագույն գլխավոր հրամանատարին վարկաբեկող: Ինչո՞ւ Վաղարշակին փոխարինեցին Արշակով: Այդկերպ բարեփոխեցի՞ն բանակը: Չեմ կարծում:

Պատերազմից մեկ տարի անց բանակի համար ոչինչ չի արվել: Գնացեք սահմանային դիրքեր՝ ոչ միայն ելակ չեն տալիս վաղուց, այլեւ մայկա-տռուսիկի խնդիրն է խեղդում՝ էլ չասած պաշտպանական կոմունիկացիաների բացակայությունը: Ես չեմ նախանձում Հայաստանի Հանրապետության այն իշխանությանը, որ Նիկոլ Փաշինյանից ու Անդրանիկ Քոչարյանից է բանակ ժառանգելու:

Եվ վերջում մի հարց, որ Պետրոս Ղազարյանը մոռացավ տալ Անդրանիկ Քոչարյանին: Պարոն Քոչարյան, եթե չեմ սխալվում, դուք էիք քննում 2016թ. քառօրյա պատերազմի հանգամանքները: Դա լուրջ փաստարկ է առ այն, որ հրաշալի տիրապետում եք այդ պատերազմի մանրամասներին: Կարո՞ղ եք այսօր թվարկել այն «բարեփոխումները», որ վերջին տարիներին արել եք՝ քառօրյա պատերազմի մեր որձ հրամանատարներից ներքինիների ՔՊ-ական բոլուկ ստանալու համար: Խնդրում եմ պատասխանել հստակ, կետերով եւ առանց երկար-բարակ բացատրությունների, թե հեսա հանձնաժողով ենք ստեղծելու, որ այդ ամենը պարզենք: