Ոչ թե 700, այլ 900 հազար դոլար կծախսվի Ամանորին

Ոչ թե 700, այլ 900 հազար դոլար կծախսվի Ամանորին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, իբրև ամանորյա ծախսերի հետ կապված աղմուկը հանդարտեցնելու համար։ Սակայն, ինչպես ասում են, «աչքը սարքելու տեղն ունքն էլ ավերեց»։ Միջոցառումներին ուղղված միջոցներից խոսելիս Վիրաբյանը նախ սկսեց ընդգծել այն հանգամանքը, որ քաղաքային ամանորյա բյուջեն չի ավելացել, այլ ճիշտ հակառակը՝ նվազել է․

«Որևէ կերպ քաղաքապետարանը չի ավելացրել իր բյուջեով նախատեսված ամանորյա ծախսերը։ Ես հետևում էի վերջին շրջանում մամուլի հրապարակումներին, ես պիտի խոսեմ փաստերով և թվերով։ 2017 թվականին Երևան քաղաքի ամանորյա բյուջեն կազմել է 199 մլն 46 հազար դրամ, սա կենտրոնական միջոցառումներն են և վարչական շրջանների միջոցառումները, 2018 թվականին Երևան քաղաքի ամանորյա բյուջեն կազմել է 167 մլն 806 հազար դրամ, և 2019 թվականին` 158 մլն 512 հազար դրամ։ Սա նշանակում է, որ վերջին 2 տարիներին, երբ ամանորյա ծախսերը պլանավորել և իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, ծախսային մասում մենք ունենք 40 մլն նվազում` համեմատած 2017 թվականին արված ծախսերի հետ»,- հպարտորեն ասաց փոխքաղաքապետը։

Վիրաբյանին հուշեցինք, որ նա չի հաշվում կառավարության կողմից տրամադրված 270 մլն դրամը: Եթե դա գումարենք քաղաքապետարանի բյուջեի 54 միլիոնին, ապա դրան էլ գումարենք վարչական շրջանների տոնակատարություններին ու լուսավորությանն ուղղված 104 մլն դրամը, ապա կստացվի մոտ 430 մլն դրամ՝ մոտ 900 հազար դոլար, այսինքն՝ շատ ավելի, քան մինչ այս շրջանառվում էր մամուլում։ Սակայն Վիրաբյանն այս հարցի պատասխանն էլ գտավ՝ մեղքը գցելով կառավարության վրա, իսկ քաղաքապետարանը, ըստ Վիրաբյանի, ընդամենը պատվիրակված լիազորությունների իրականացնողն է․

«Սա պատվիրակված լիազորություն է, որը մենք իրականացնում ենք։ Միջոցառումների ծավալը Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի բյուջեով արդեն իսկ ուներ նախատեսած, երբ 2019-ի բյուջեն քննարկվում էր, Երևանի քաղաքապետարանը պատրաստվում էր իր 54 մլն դրամ բյուջեով իրականացնել իր ամանորյա միջոցառումները։ Այնուհետև կառավարության կողմից եղել է առաջարկ` կատարել ծավալների փոփոխություն, միջոցառումը դարձնել համապետական, միջոցառմանը հրավիրել համաշխարհային հեղինակության արտիստ։ Քանի որ Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ անում էր ամանորյա միջոցառում, չէր կարող ուղղակի ինքը չլիներ այս միջոցառումների պատասխանատուն»։