Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինայի քաղաքացիները չեն ընդունի որեւէ խաղաղության համաձայնագիր

Զելենսկին հասկանում է, որ Ուկրաինայի քաղաքացիները չեն ընդունի որեւէ խաղաղության համաձայնագիր

«Հրապարակի» զրուցակիցն է Ուկրաինայի Գերագույն ռադայում խորհրդական, հասարակական գործիչ, Հայաստանի հետազոտությունների միջազգային բարեգործական ֆոնդի հիմնադիր Սուրեն Պետրոսյանը։

- Ուկրաինայի պատերազմի ընթացքում ազգությամբ քանի՞ հայ է զոհվել՝ թե՛ քաղաքացիական բնակչությունից, թե՛ ռազմաճակատում։ Կա՞ն արդեն հստակ թվեր։

- Ուկրաինայում ապրում է Եվրոպայի ամենամեծ սփյուռքը՝ մոտ 500 հազար հայ։ Բնականաբար, հայկական համայնքի ներկայացուցիչները եւս ներգրավված են լայնամասշտաբ պատերազմում՝ պաշտպանում են Ուկրաինան։ Ու, ցավոք սրտի, թե՛ քաղաքացիական մարդկանց շրջանում, թե՛ զինվորականների շրջանում ունենք զոհեր։ Աղետը, որ սկսվեց փետրվարի 24-ին, չշրջանցեց հայկական ծագմամբ ուկրաինացիներին։ Ուկրաինայի հայերի շրջանում կան մարդիկ, ովքեր պայքարում են Ուկրաինայի զինված ուժերում, ինչպես նաեւ ներգրավված են տարածքային պաշտպանության մեջ ու մեծ թիվ են կազմում նաեւ կամավորների մեջ։ Նրանք՝ բոլորը, ուս-ուսի պայքարում են իրենց երկիրը, իրենց քաղաքը, իրենց տունը ֆաշիստական օրդայից պահպանելու համար։ Հայերի շրջանում կորուստներ կան ինչպես խաղաղ բնակիչների շրջանում՝ երեխաներ, ծերեր, եւ կան կորուստներ նաեւ զինվորականների շրջանում։ Հստակ թվեր պատերազմի ժամանակ իրավունք չունեմ ասել, միայն այն կարող եմ ասել, որ վերջերս զոհվել է Ուկրաինայի հերոս Արմեն Պետրոսյանը՝ մեր հերոսը, ում բոլորը թաղեցին պատվով։ Նա իրենից հետո միայնակ թողեց իր կնոջն ու հինգ երեխաներին։ Ցավոք, մահ ամեն օր է լինում։

- Ռուսաստանին միացավ չորս մարզ, որոնք Ուկրաինայի մասն էին կազմում՝ հանրաքվեի արդյունքներով։ Հասարակության շրջանում այս իրողություններն ինչպե՞ս են ընկալվում։

- Հանրաքվե անցկացնել՝ ուրիշի տարածքներն անեքսիայի ենթարկելու համար, այս փաստը, բնականաբար, Ուկրաինայում ոչ ոք չողջունեց, Ուկրաինայում ոչ ոք Պուտլերին չի աջակցում։ Այո, օկուպացված տարածքներում բնակչության մեծամասնությունը չի աջակցում, քանի որ սահմանադրական բոլոր նորմերը խախտելով՝ արագ ռեֆերենդում անցկացրին։ Ինչպես մենք գիտենք, հանրաքվեի ժամանակ դիտորդները եղել են անհասկանալի երկրներ եւ միջազգային հանրությանն ու համայն աշխարհին անհասկանալի մարդիկ։
Հանրաքվեի արդյունքներով, որը Մոսկվան անցկացրել է ինքնահռչակ Լուգանսկում եւ Դոնեցկում, ինչպես նաեւ օկուպացված խերսոնյան եւ զապորոժյան մարզերում՝ Ռուսաստանին կեղծ միացման համար, իբր քվեարկել է մարզերի մեծամասնությունը՝ մոտ 80 տոկոս։ Անալոգ կերպով նույն պրոցեսը կատարվել է Ղրիմի նկատմամբ դեռեւս 2014 թվականին։

- Տեղեկություններ տարածվեցին, որ ոչ միայն ՌԴ-ն է ստիպված մոբիլիզացիայի դիմել, այլ նաեւ՝ Ուկրաինան, մենք տեղեկացանք, որ արդեն զորակոչում են ընդհուպ նաեւ 50-ից բարձր տարիքի տղամարդկանց։

- Նախագահ Զելենսկին հրաման է ստորագրել, որը հետաձգում է աշնանային զորակոչը։ Նախագահի նոր հրամանով բացառվում է շտապ զինվորական ծառայության համար  զորակոչը հոկտեմբերից մինչեւ 2022-ի դեկտեմբերը։ Բացի այդ, հրամանի համաձայն, պահեստազորի զինծառայողների շարքեր անցնելու գործընթացը՝ նախապես հայտարարված 2022-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսուհետ կիրականացվի նախապես հայտարարված ժամկետներում եւ դեմոբիլիզացիայի ընդունված կարգով։ Իսկ 50 տարեկանից բարձր քաղաքացիներին զորակոչելու մասին տեղեկատվությունը պետք է հստակեցնել, գուցե նրանք հանդիսացել են անհրաժեշտ կադրեր կամ մասնագետներ։ Ինչու եմ այդպես ասում՝ որովհետեւ զինծառայության ենթակաների մասին Ուկրաինայի օրենքը ենթադրում է, որ եթե դու հաշմանդամ ես, եթե քո տարիքը չի համընկնում ծառայության համար ենթակա տարիքին կամ էլ դու բազմազավակ ընտանիքի հայր ես, ապա ունես բոլոր բարոյական ու քաղաքացիական իրավունքները՝ սեփական կամքով զորակոչվել ուկրաինական բանակ եւ նույնիսկ ընտրել այն տարածքը, որտեղ ուզում ես անցկացնել ծառայությունդ։

- Պատերազմն Ուկրաինայում արդեն մի քանի ամիս է՝ շարունակվում է, սակայն Ուկրաինայի կառավարությունն անդրդվելի է, Ռուսաստանի հետ բանակցություններ չեն ընթանում, եթե ընթանում են՝ արդյունք չեն տալիս։ Արդյո՞ք հասարակական շերտ չկա, որն այլեւս հոգնել է պատերազմից, պահանջում է գնալ Ռուսաստանի հետ բանակցությունների կամ հակապատերազմական ցույցեր է անում։

- Ուկրաինայի քաղաքացիների վերաբերմունքը ռուսական օրկերի կողմից լայնածավալ ներխուժման վերաբերյալ Ուկրաինայի ցանկացած քաղաքացի, անկախ իր ազգային պատկանելությունից, նկատի ունեմ Ուկրաինայում ապրող 139 ազգությունները, շատ լավ հասկանում են, որ ռուսական կողմի հետ անհնար է համաձայնության գալ։ Նախագահ Զելենսկին էլ շատ լավ է հասկանում, որ Ուկրաինայի քաղաքացիները չեն հասկանա ու չեն ընդունի որեւէ քայլ՝ Ռուսաստանի հետ ինչ-որ խաղաղության համաձայնագիր։ Այս հանգամանքը հաշվի առնելով է, որ նախագահը հայտարարում է, որ միայն տարածքների 100 տոկոսանոց վերադարձի դեպքում է դա հնարավոր, եւ եթե Ուկրաինայի քաղաքացիները՝ բոլորը մեկի նման աջակցեն իրեն այդ հարցում։

- Պատերազմական գործողությունների ժամանակ ազգությամբ հայերին եւ Հայաստանի քաղաքացիներին արդյոք օգնե՞լ են՝ երկրից դուրս գալ, օրինակ՝ դեսպանությունը կամ հայկական համայնքը։

- Հայաստանի դեսպանությունն Ուկրաինայում՝ Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, գտնվում էր մշտական կապի մեջ Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Դեսպանությունն իր կայքում եւ սոցիալական ցանցերում հեռախոսահամարներ էր հրապարակել՝ իրենց հետ կապ հաստատելու, գտնվելու վայրի մասին տեղեկություն փոխանցելու համար։ Դեսպանն անձամբ այցելել է գրեթե բոլոր մարզեր, հանդիպել է համայնքի մարզային յուրաքանչյուր պատասխանատուի հետ եւ լուծել է բոլոր հարցերը, ՀՀ քաղաքացիների տարհանման հարցերը խնդրահարույց տարածքներից։ Ես՝ որպես հայկական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացի, ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Կարապետյանին եւ իր թիմին՝ կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։