Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությամբ

Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությամբ

«Հրապարակի» զրուցակիցն է դիվանագետ, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

-Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ: Արցախում պարենային, հիգիենայի, տնտեսական ու բժշկական պարագաների խիստ պակաս կա, շատ բաներ իսպառ բացակայում են: Միջազգային հանրությունը, կարծես, հաշտվել է այս իրավիճակի հետ: Ինչպիսին է լինելու իրավիճակի լուծումը ըստ Ձեզ:

-Այս 23 օրերի վերլուծությունը հուշում է մի պարզ իրողություն․ Արցախը ոչ թե շրջափակված է, այլ Արցախը Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնված է Ադրբեջանին։ Ադրբեջանն էլ Արցախի հետ վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Իսկ Ալիևին պետք է Արցախը՝ հայաթափված և առանց ռուս զինվորականների, ինչն էլ արվում է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության միջոցով։ Այսինքն, Հայաստանում և Արցախում գեներացվում են դժգոհություններ Ռուսաստանի և ռուսական խաղաղապահ զորախմբի դեմ, որպեսզի հնարավորինս շուտ, անգամ չսպասելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված 5 տարվա ժամկետն, ռուս խաղաղապահները սուրս գան ԱՐցախից, ինչն էլ կհանգեցնի Արցախի հայաթափման, որից հետո ողջ Արցախը կհայտնվի ադրբեջանական տիրապետության ներքո։ Հումանիտար խնդիրներն, իհարկե, ամենազգայունն են։ Դրանք, բնականաբար, խորանալու են ամեն օրվա հետ։ Յուրաքանչյուր օր նոր դժվարություններ է բերելու, սակայն դրանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, քանի որ այդ խնդրի լուծումն ունի միայն քաղաքական բաղադրիչ։ Իսկ քաղաքական խնդրի լուծման համար պետք է քաղաքական որոշում, իսկ որոշման համար՝ որոշման կայացնող։ Այս պահին, այս իշխանություններն արդեն կայացրել են իրենց որոշումը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի ճանկերում։ Խնդիրն ունի միակ մեկ լուծում՝ ազատվել Նիկոլ Փաշինյանի հանցավոր իշխանությունից, որից հետո ազատագրել գերության մեջ գտնվող մեր արցախցի քույրերին և եղբայրներին։

-Եվրոպական Միությունում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիգովը թվիթերի իր էջում 31.12.2022թ. շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին՝ Բերձորի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության ընդունումը ձախողելու համար։Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ռուսաստանը ևս այն երկրների ցանկում է, որին Ադրբեջանը շնորհակալություն է հայտնում պրոհայկական բանաձևը տապալելու համար:

-Տեղեկատվության այսօրվա բազում հնարավորությունների և աղբյուրների պարագայում, չեմ կարծում, որ տեղեկատվության լավագույն և ամենահավաստի աղբյուրները ադրբեջանցի գործող դիվանագետներն են։ Նրանք, ավելի շուտ, կարող են ապատեղեկատվություն, քարոզչություն և պրովոկացիայի տարածող լինեն, քան տեղեկատվության։ Մի բան փաստ է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, որին բոլորս հավասարապես հետևելու հնարավորություն ենք ունեցել, ոչ մի բանաձև չի շրջանառվել, ոչ մի բանաձև չի քննարկվել։ Եղել են միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հայտարարություններ։ Տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարությունների մենք ականատեսն ենք լինում գրեթե ամեն օր։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք հնարավորություն ունենք լսելու Ռուսաստանի բարձրաստիճան իրավասու պաշտոնատար անձանցից, այլ ոչ թե ադրբեջանցի դիվանագետներից։ Մի բան պարզ է և հստակ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության կողմեր են հանդիսանում միայն Հայաստանն ու Ադրբեջանը (հայտարարության 1-ին կետ), իսկ Ռուսաստանն իրականացրել է բացառապես միջնորդի գործառույթ; Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ երթևեկության պատասխանատվությունը ստանձնել է Ադրբեջանը, այլ ոչ թե Ռուսաստանը։ Ռուս խաղաղապահ զորախումբն ապահովում է միայն վերահսկողությունը դրա նկատմամբ։ Այսինքն, եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ապա նրան պետք է ստիպել, որ նա դա կատարի։ Այդ ստիպողներից առաջինը պետք է լինի հայտարարության մյուս կողմը՝ Հայաստանը։ Եթե Հայաստանը ոչինչ չի անում այդ ուղղությամբ և միայն մեղավորներ է փնտրում, ապա դժվար թե նրան հաջողվի գտնել մեղավորների։ Ստեղծած իրավիճակն ունի մեկ մեղավոր և նրա անունն է՝ Նիկոլ Փաշինյան։

-Լաչինի միջանցքը բացելու հնարավորություններ կա՞ն, որո՞նք են դրանք:

-Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հետևանքով, եթե դա այդպես չէ, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է ջանքեր գործադրել այն բացելու ուղղությամբ։ Ներկայումս հայկական կողմից որևէ ջանք այդ ուղղությամբ չի ներդրվում։ Միջազգային տարբեր կազմակերպությունների դռները թակելը, տարբեր բովանդակությամբ հայտարարությունները խնդրի լուծման հետ որևէ կապ չունեն։ Ճանապարհը փակել է Ադրբեջանը, ուրեմն պետք է բացի Ադրբեջանը կամ Հայաստանը։ Ադրբեջանը կբացի, եթե կատարվեն իր պահանջները, որոնք գնալով շատանում են՝ առավել խորը քաղաքական և իրավական դրսևորումներ են ստանում։ Այսինքն, եթե բացեն, ապա կտեղադրեն ադրբեջանական անցակետեր, կվերահսկեն ճանապարհի ողջ շարժը, կձերբակալեն Արցախի և Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների, այսինքն` փաստացի կկտրեն Արցախի և Հայաստանի հետ կապը։ Դրանից խուսափելու միակ եղանակը Հայաստանի կողմից կամ Արցախի կողմից ճանապարհը բացելն է։ Այդ մասին առայժմ ոչ ոք ոչ ի քայլ չի իրականցվում, հետևաբար, ճանապարհը մնալու է փակ։ Հումանիտար խնդիրները, կյանքը ցույց տվեց, որ քչերին են հուզում։ Շատ կխորանան այդ խնդիրները, հնարավորություն կտան հումանիտար ծանր վիճակում գտնվողն արցախցիներին լքել Հայաստանը՝ ճանապարհը բացելով միակողմանիորեն՝ Արցախից դեպի Հայաստան ուղղությամբ։

-Ադրբեջանական կողմից պարբերաբար Զանգեզուրի միջանցքը պահանջելու սանձարձակ հայտարարությունները, դա ուժով վերցնելու մասին չափն անցնող հանդգնությունը, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումները, Ադրբեջանի ՊՆ նախարարի զորամասեր այցելություններն ու հատուկ հանձնարարություններ տալն ինչի՞ մասին են խոսում:

-Դրանք բոլորը պատերազմի նախանշաններ են, որի մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության 2022 թվականի վերջին նիստի ժամանակ։ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի համար իրականացվել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական քայլերը՝ նոր զորամասերի բացում Հայաստանի և Արցախի հետ սահմանին, նոր սպառազինությունների ձեռքբերում, ադրբեջանա-թուրքական նոր զորավարժությունների անցկացում, դիվանագիտական քայլեր և այլն։ Իրենց առջև փաստացի դիմադրություն գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը ջախջախել է Հայկական բանակը, կոտրել դրա բարոյահոգեբանական ոգին, կորցրել բոլոր դաշնակիցներին։ Այսօր պատերազմը զսպող գործոններն արդեն Հայաստանի հետ որևէ կապ չունեն։ Ամեն ինչ կախված է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի հնարավոր ներգրավվածության, նրանց շահերի, բախման վտանգների և այլ գործոններից։ Հայաստանն այլևս կապ չունի իրենց վերաբերող որոշումների կայացման հետ։

-Ամերիկացի ռազմական փորձագետները այս նոր տարում պատերազմ են կանխատեսում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս անգամ պատերազմը ի՞նչ հետևանքների է հանգեցնելու:

-Եթե հետևենք պաշտոնական հայտարարություններին, ապա հնարավոր պատերազմն ընդգրկելու է ոչ միայն Արցախը, այլև ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ՀՀ Արարատի մարզի մի հատվածը, ՀՀ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածը՝ ներառյալ Սևանա լճի ափամերձ շրջանները, Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանակից հատվածները։ Դա կլինի լայնամասշտաբ պատերազմ, որի հետևանքները կլինեն ոչ միայն աղետալի, այլև կործանարար Հայաստանի Հանրապետության գոյության տեսանկյունից։ Չի բացառվում, որ պատերազմի թիրախում հայտնվեն նաև Երևանը, մասնավորապես մայրաքաղաքի մերձակա ռազմական նշանակության օբյեկտներն ու կարևոր ենթակառուցվածքները։ Քանի Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին է, պատերազմի վտանգը մշտապես կախված է Հայաստանի գլխին։ Նա է մեր երկիր բերել պատերազմ, նա է խաղաղ բանակցային գործընթացը վերածել պատերազմի, նա երբեք չի կարող հանգուցալուծել որևէ կոնֆլիկտ։ Նա իր էությամբ կոնֆլիկտային, անհավասարակշիռ, անմիտ, անփորձ, թերուս անձնավորություն է։ Նրա կառավարումը միայն չարիք, դժբախտություն և աղետ կարող է բերել։ Դրանում համոզվելու համար, այլև ոչինչ պետք չէ։ Վերջին երկու տարին լրիվ բավարար է նման համոզման գալու համար։

-Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հեռանալու՞ է, թե՞ ոչ: Ե՞րբ է հեռանալու, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել ու խոսել հայ-թուրքական խաղաղությունից, երբ թուրքական երկու հարևան պետությունները բացեիբաց խոսում են ու իրականացնում հայ ժողովրդի էթնիկ զտում տարածաշրջանում:

-Նիկոլ Փաշինյանին օր առաջ պետք է վռնդել իշխանությունից։ Բնական է, որ նա ինքնակամ չի հեռանա։ Նրա իշխանությունն ապօրինի է։ Նա խաբեությամբ է տիրացել մեր ժողովրդի իշխանությանը, այն ամրապնդել է ապօրինի ճանապարհով, իսկ հիմա պահում է դա միայն ուժով և բռնությամբ ու այդ իշխանությունը ծառայեցնում է հայ ժողովրդի թշնամիների շահերին։ Նրան իշխանությունից հեռացնելն այլևս բխում է յուրաքանչյուր հայ մարդու գոյաբանական շահերից։ Եթե նա մնաց իշխանության, ապա մահվան ճիրաններն է գցելու ցանկացած մարդու՝ մարդկային կյանքերը նրա համար արդեն ունեն վիճակագրական նշանակություն։ Նա մեզանից յուրաքանչյուրի կյանքի ուղիղ սպառնալիքն է։ Յուրաքանչյուր հայ մարդ պետք է մեկտեղի իր ջանքերն այդ չարիքից, այդ մահաբեր գազանից ազատվելու, նրա կեղտոտ ճանկերից և արյունոտ երախից մեր երեխաներին ու մեր երկիրը փրկելու համար։