Ինչպես են արձագանքել Գազայի սեկտորի հարցով Թրամփի առաջարկած ծրագրին

Ինչպես են արձագանքել Գազայի սեկտորի հարցով Թրամփի առաջարկած ծրագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի սեկտորից պաղեստինցիների վերաբնակեցման ծրագիրը եւ սեկտորը ամերիկյան հսկողության տակ վերցնելու մասին հայտարարությունը խիստ քննադատության է ենթարկվել աշխարհի տարբեր երկրներում։ Մասնավորապես, այն քննադատել են Գերմանիայի Բունդեսթագի թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորները։ Գերմանիայի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության՝ արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Նիլս Շմիդտը հայտարարել է, որ Թրամփի առաջարկները չեն կարող համարվել ընդունելի։ Reuters-ի հետ զրույցում Շմիդտը ասել է, որ Թրամփի առաջարկը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որով փորձ է արվում հայրենիքից զրկել 2 միլիոն պաղեստինցիների։

Գերմանացի փորձագետը ասել է, որ Իսրայելն ու պաղեստինցիները անվտանգ, խաղաղ ու ապահով կարող են ապրել միայն երկու անկախ պետությունների խաղաղ գոյակցության պայմաններում։ Ընդդիմադիր Քրիստոնեա-Դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-Սոցիալական միության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Յոհան Վադեֆուլն էլ հայտարարել է, որ ողջունում է Թրամփի հանձնառությունը՝ պատասխանատվություն ստանձնել Գազայի սեկտորի հարցում։ Նա կարեւոր է համարել  միջազգային իրավունքի նորմերի հիման վրա հակամարտության իրական քաղաքական կարգավորման հասնելը։ Չինաստանն իր հերթին պաշտոնապես հայտարարել է, որ դեմ է պաղեստինցիներին Գազայի սեկտորից հարկադիր տեղահանմանը։ Պեկինը հույս է հայտնել, որ կրակի դադարեցման ռեժիմը Գազայի սեկտորում որպես հնարավորություն է օգտագործվելու Պաղեստինյան հարցը ճիշտ հունի վրա դնելու եւ հակամարտությունը երկու անկախ պետությունների խաղաղ գոյակցության հիման վրա կարգավորելու համար։ Թուրքիան եւս այս ծրագրին դեմ է հանդես եկել։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփի առաջարկած ծրագիրը կարող է վերստին հրահրել հակամարտությունը Մերձավոր Արեւելքում, ինչպես փոխանցում են DW եւ Anadolu գործակալությունները։