Ինչո՞ւ է ԿԸՀ նախագահը քաղաքականությամբ զբաղվում

Ինչո՞ւ է ԿԸՀ նախագահը քաղաքականությամբ զբաղվում

Իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ, ԱԺ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ եւ ԿԸՀ նախագահը շաբաթ եւ կիրակի եղել են Ծաղկաձորում, ապա իրենց էջերում լուսանկարներ տեղադրել: Մեր երկրում, իհարկե, ամեն ինչ խառնվել է իրար եւ իշխանության ճյուղերի տարանջատման, հակակշռման մասին բոլորը մոռացել են եւ դատախազը կարող է կառավարության նիստին հայտարարել, որ ինքը վարչապետին զեկուցում է քրեգործերի ընթացքը, իսկ ԱԺ պատգամավորը կարող է Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս ասի` շեֆս: Բայց գոնե ֆորմալ առումով այս մարդիկ պարտավոր են հարգել Սահմանադրությունը եւ ցույց չտալ, որ դատախազն ու քննիչը, ԿԸՀ նախագահն ու ՍԴ դատավորը նույն թիմի անդամ են եւ ենթարկվում են Նիկոլ Փաշինյանին: Եւ ամենակարեւորը` ընտրությունների շեմին գտնվող Հայաստանում չի կարող ԿԸՀ նախագահը ՔՊ խմբակցության հետ սեմինարների ու խնջույքների մասնակցել: Ի վերջո ԿԸՀ-ն համարվում է անկախ կառույց, ինչո՞ւ է ԿԸՀ նախագահը որոշել բացահայտ  համագործակցել իշխանությունների հետ` տրորելով ՀՀ Սահմանադրությունը:

Մենք ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանին հարցրինք` ինչո՞ւ է այդ հանդիպմանը մասնակցել ԿԸՀ նախագահը, մեր զրուցակիցն ասաց. «Պարոն Հովակիմյանը հրավիրվել է հանդիպմանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Հրավիրվել է, որովհետև մինչ այժմ պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիության հարց կա: Կան օրենսդրական կարգավորումների հետ կապված որոշակի հարցեր: Ակնհայտ է, որ իրավական առումով որոշակի խնդիրներ կան, ուստի ԿԸՀ նախագահը հրավիրվել է հանդիպմանը հենց այդ նպատակով: Օրենսդրության մեջ կան առկա խնդիրներ, դրանք պետք է համապատասխանեցնել: Առաջին անգամ 2021-ին է պատգամավորի անձեռնմխելիության հարցը քննարկվել, նախքան այդ խնդիրը չի եղել: Երբ գործնականում կիրառվեց այն, արդեն իսկ խնդիրներ առաջացան: Հենց քննարկման սկզբում պարոն Վարդանյանը հրավիրվածներին հերթով ներկայացրել է, թե ով, ինչ նպատակով է հրավիրվել», - նշեց նա:

Մեր այն հարցին, թե կոնկրետ պատգամավորների՞ անձեռնմխելիության հարցն է քննարկվել Ծաղկաձորում, ԿԸՀ խոսնակն ասաց.  «Ամեն դեպքում եղել են առավել ակտուալ թեմաներ` իրավական ոլորտին բնորոշ, ուստի անձեռնմխելությունից զրկելու առումով քննարկում դեռևս չի ծավալվել: Բացառված չէ, որ հետագայում ևս կլինեն քննարկումներ», - նշեց մեր զրուցակիցը: