Ես ճանաչում եմ պապիկին

Ես ճանաչում եմ պապիկին

Միրզոյան Արտուշ Խորենի։ 82 տարեկամ։   Արտուշ պապիկին թույլ չէին տալիս, որ ձեռքի ծաղիկները, որը գնել է ցեղասպանության զոհերի հիշատակի համար, ներս մտնի, խոնարհի զոհերի հուշակոթողին։  Ասում էին՝ պարետի կարգադրությունն է։

Տասնյակ հազարավոր մարդիկ համացանցում անհանգստանում էին,  խնդրում, որ բոլորի փոխարեն պապիկին թույլատրել, որ ներս մտնի Ծիծեռնակաբերդ ու իրենց փոխարեն ծաղիկներ դնի։

-Պապ ջան, ձեր ծնողները գաղթակա՞ն են եղել,- հարցնում է լրագրողը։  Արդյո՞ք տուժել են։
-Ո՛չ մեկն էլ գաղթական չի եղել։ Ես Գորիսի Քարահունջից եմ։
- Հա, գորիսեցի ես։
- Հա։ Զանգեզուրից եմ։ Քարահունջ գյուղից։
- Այսինքն ձեր ազգի մեջ չկան էդպիսի մարդիկ, որ էնտեղից․․․
-Այ մարդ ի՛մն ա, լրիվն էլ իմն ա․․․ պարտադիր ա ինչ որ մեկն իմ հարազատը լինի՞․․․ ինձ ախպեր ունեմ, հեր ունեմ, մահացել են, տեսնում ես, ես չեմ գնում ընդեղ, հիմա եկել եմ ստեղ։ Դա ի՞նչ տարբերություն։ Էս 2 միլիոն մարդ են կոտորել, մերը չի՞ էտի, ի՞նչ տարբերություն, քո երեխան ա, իմն ա, էս մեկինն ա, էն մեկինն ա, ի՞նչ տարբերություն, իմ մա՛րմինն ա, իմ աչքի լույսն ա, իմ կյանքն ա․․․

Ասեմ, որ Գորիսի Քարահունջ գյուղի բնակիչները հայտնի են  իրենց պարզությամբ, հյուրասիրությամբ, անմիջականությամբ, անկեղծությամբ ու անասելի բարությամբ։ Շատ եմ շփվել նրանց հետ ու միշտ հիացել։  Ո՞վ է համազգային սիրո արժանացած պապիկը․

Davit Simonyan  Ես ճանաչում եմ այդ պապիկին, նա այգեպան է աշխատում էդ տարիքում, օրվա հաց վաստակում։ Ապրում է միայնակ։ Թող արգելեն, նա ոչինչ չունի կորցնելու, առողջություն այս մեծ հայրենասերին։ (Es canacum em ait papikin, na aigepan e ashxatum et tarigum, orva hac vastakum aprum e miainak. Tox cargelen na vocinc cuni korcnelu, aroxcutyun ais mec hayrenaserin)

 Anahit Hovhannisyan Էս պապիկը միշտ մտնումա Քոչարի և Վաղարշյանի խաչմերուկում գտնվող կրպակ սուպերմարկետ։ Ինչքան մտնեն, էնտեղ կանգնած դուռը բացում, փակում է, օգնում է գնորդներին։ Շատ բարի պապիկ է

Զրուցեցի Դավիթի հետ։ Անվտանգության սպա է, հոգեբան, պատմաբան, կինոստուդիայի դեսպան,- այսպես ներկայացավ ու պապիկից մանրամասներ պատմեց․

Այո, ես պապիկին ճանաչում եմ իր աշխատանքի վայրից՝ բնակավայրը նոր իմացա, ժամեր առաջ ՝ Մասիվում է բնակվում։ Նա աշխատում է Հր․ Քոչարի և Վաղարշյանի խաչմերուկներից մեկի դեղատներից մեկի դիմաց՝ տերևներ է հավաքում, շրջապատը հարդարում, կանաչապատում, որի համար վարձատրվում է։ Ամբողջ օրը աշխատում է արևի, անձրևի տակ, իր քրտինքով հաց է վաստակում։ Երբեք նրան պարապ կանգնած չեմ տեսել, միշտ տեսնում էի աշխատելուց, ամաչում էի գումար առաջարկել, ընդմիջմանը երբեմն  ճաշի էի հրավիրում։ Վերջին տարիներին հիշողության հետ կապված որոշակի կորուստ ունի, բայց հին բաները լավ, շատ լավ է հիշում։ Նոր բաները չի հիշում։ Պապիկը կենսաթոշակ անգամ չի ստանում, պատմել է, որ կնոջից բաժանվել է, կինը իր հետ տարել է իր բոլոր փաստաթղթերը։ Տան համար դատի է տվել պապիկին, և նա հայտնվել է անելանելի վիճակի մեջ։ Պապիկը հիշաչար չի, ասում է՝  մի երկու տարի ապրելու եմ, ինչի՞ս է պետք կենսաթոշակը, աշխատում եմ էլի։  Մի անգամ պապիկին մեքենայով հարվածել էին, տարա պոլիկլինիկա, ասացին, որ բարեբախտաբար բան չի եղել։

Դժբախտ պապիկ է,- ամփոփեց Դավիթը։ Երեխա, կին․ հետը չեն, միայնակ է։  Նաև սովետական շրջանի կաթսաներ էր վերանորոգում, «չամադանը միշտ ձեռքին», շատ պարտաճանաչ ու բարի մարդ է։ Անգամ պապիկի ձեռքին բջջային չեմ տեսել, որ համարը վերցնեմ։  82 տարեկան մարդ է, բայց մի օր պարապ չեմ տեսել։ Շատ հարգում ու սիրում եմ նրան։

Իսկ ծաղիկների ճակատագրի մասին պատմում է օգտատերերից մեկը, ով ամուսնուն ուղարկել էր պապիկի մոտ։ Երկար է գրառումը, բայց այս հատվածը կներկայացնեմ․

Anna Dovlatyan

․․․բայց երբ տեսազանգով ամուսինս  զանգեց, որ իմ աչքով տեսնեմ ու հանգստանա սիրտս, ես շոկ ապրեցի՝ տեսնելով նրա հետ պապիկին՝ ձեռքին արդեն թառամած ծաղիկները։ Այդպես էլ նրան առավոտից չթողեցին։ Միակ միջոցը նրա ցավը մեղմելու համար այն էր, որ արհեստական հուշահամալիրը դարձավ պապիկի հոգու հանգստացման միջոց։ Թող Աստված երկար կյանք տա պապիկին...