Ոչ թե մարդասիրական օգնություն, այլ՝ թրքահպատակության հարկ

Ոչ թե մարդասիրական օգնություն, այլ՝ թրքահպատակության հարկ

Հայաստանի կառավարությունը ոչ թե մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա, այլ թրքահպատակության հերթական հարկն է վճարում թուրքական աշխարհի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հայաստանի կառավարությունը կտրում է արցախահայերին տրվող սոցիալական օգնությունը, բայց դրա փոխարեն օգնություն է ուղարկում Արցախի դեմ պատերազմած ահաբեկիչներին: Հայաստանը, ըստ էության, դառնում է ահաբեկչությունը ֆինանսավորող եւ հովանավորող երկիր, կարեւոր չէ, թե ինչ տեսքով է իրականացվում այդ հովանավորությունը` մարդասիրակա՞ն օգնություն է` սնունդ եւ դեղորայք, թե՞ դրամական աջակցություն: 2023 թվականին եւս, երբ Հայաստանը բեռներ ուղարկեց Թուրքիայի երկրաշարժից տուժածների համար, դա ներկայացվեց որպես մարդասիրական օգնություն, բայց դա եւս թրքահպատակության հարկն էր: Թուրքիան սահմանը բացում է միայն այն ժամանակ, երբ Հայաստանը հերթական հարկն է վճարում: Սահմանը բաց է լինելու 10 օր, եւ որեւէ մեկն այդպես էլ հստակ չի իմանալու, թե ինչ արժեցավ այդ «մարդասիրական օգնությունը»: Մի բան էլ․ թեեւ թրքահպատակության հարկը մուծում է Հայաստանի կառավարությունը, իրականում հարկատուն ՀՀ քաղաքացիներն են, ովքեր հարկեր են մուծում երկրի հանրային նշանակության հարցերը լուծելու համար, բայց իրենց վճարած հարկերով Փաշինյանը «մարդասիրական օգնություն» է ուղարկում Սիրիայի ահաբեկիչներին:

Սիրիան, որպես միասնական պետություն, գոյություն չունի, դրա մի զգալի մասը վերահսկում է Իսրայելի բանակը, երկրի գրեթե մեկ երրորդ տարածքը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, որոնք վայելում են ԱՄՆ-ի հովանավորությունը` այդ տարածքում նաեւ ամերիկյան բանակ կա: Երկրի մնացած մասը թուրքական վերահսկողության տակ է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ ճանաչում է Թուրքիայի վերահսկողությունը Սիրիայի այդ հատվածի նկատմամբ՝ դրանով հասկացնելով, որ համաձայն է Սիրիայի նման բաժանման հետ եւ չի պատրաստվում հրաժարվել նավթով հարուստ շրջանների նկատմամբ վերահսկողությունից: Թուրքիան պահանջում է, որ ԱՄՆ-ն իր զորքը հանի քրդերի վերահսկողություն տակ գտնվող հատվածից, բայց ամերիկացիներն արհամարհում են այդ պահանջը, քանի որ միլիոնավոր բարելների նավթ են արդյունահանում եւ իրենց ուզած ձեւով տնօրինում: 

Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկում ոչ թե Իսրայելի վերահսկողության տակ գտնվող շրջաններին եւ ոչ էլ քրդերի հսկողության տակ գտնվող հատվածին, այլ այն տարածքին, որը գտնվում է թուրքերի վերահսկողության տակ, որտեղ նրանք կառավարում են Ահմեդ ալ-Շարաա հայտնի ահաբեկչի միջոցով: Մինչեւ Բաշար ալ Ասադի դեմ տարած հաղթանակը նա թուրքերի կողմից ֆինանսավորվող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ռազմականացված խմբավորման ղեկավարն էր: Այս կազմակերպությունն աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի կողմից ճանաչված էր ահաբեկչական: Բայց երբ այս կազմակերպությունը Սիրիայի մի հատվածում իշխանություն ստացավ, դրա նկատմամբ վերաբերմունքը միանգամից փոխվեց, դադարեցին կազմակերպությունը համարել ահաբեկչական, իսկ կազմակերպության անդամներին եւ ղեկավարին՝ ահաբեկիչ: Այնպես չէ, որ կազմակերպության անդամները մի օրում վերափոխվեցին եւ մարդակերից դարձան մարդասեր, այդ երկրներից ամեն մեկը սկսեց առաջնորդվել սեփական շահերով: Ռուսներն ուզում են պահել Սիրիայում ունեցած իրենց ռազմաբազաները, ամերիկացիները եւ եվրոպացիները դրանով իրենց աջակցությունն են հայտնում դաշնակից Թուրքիային եւ, ի վերջո, համարում են, որ Ահմեդ ալ-Շարաան տապալեց իրենց կողմից մերժված եւ ռուսներին ու իրանցիներին ենթարկվող Բաշար ալ Ասադին:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ Թուրքիան արցախյան ռազմաճակատ է ուղարկել սիրիացի ահաբեկիչների մոտ 7 հազար ահաբեկիչ, նրանցից երկուսին նույնիսկ կալանավորեցին, իսկ հետո հանձնեցին Ադրեջանին կամ Թուրքիային: Իսկ ովքե՞ր էին այդ ահաբեկիչները, եթե ոչ այդ նույն «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության անդամները: Այս կազմակերպությունը եղածների մեջ ամենամեծաքանակն ու ամենաազդեցիկն էր եւ ամբողջապես գտնվում է թուրքական հսկողության տակ: Թեեւ 2020 թվականին չհայտարարվեց, թե Սիրիայում գործող հատկապես որ ահաբեկչական խմբավորման անդամներին է Թուրքիան ուղարկել Արցախ՝ Հայաստանի դեմ կռվելու, բայց պարզ էր, որ նման բան կարող էր անել ահաբեկչական խմբավորումներից ամենամեծաքանակը եւ ազդեցիկը`«Հայաթ Թահրիր աշ-Շամը»: Հիմա ստացվում է, որ Փաշինյանը «մարդասիրական օգնություն» է ուղարկում մի խմբավորման, որն ընդամենը չորս տարի առաջ կռվում էր հայկական բանակի դեմ, ավիրում հայկական բնակավայրերը, սպանում հայ զինվորներին եւ հայ խաղաղ բնակիչներին: 
Փաշինյանը «մարդասիրական օգնություն» է ուղարկում մի կազմավորման, որն ընդամենը 10 օր առաջ, բառի բուն իմաստով, մորթեց Սիրիայի10 հազար խաղաղ բնակչի, միայն այն բանի համար, որ նրանք ալավիներ էին:

Սպանվածների մեջ նաեւ հայեր կային: Փաշինյանը սնունդ եւ դեղորայք է ուղարկում ահաբեկիչներին, որ նրանք լավ սնվեն եւ բուժեն իրենց վերքերը, որ կարողանան ավելի մեծ եռանդով եւ ուժով շարունակել իրենց մարդակերությունը:
Փաշինյանն իր գործողություններով ուզում է Թուրքիայի բռնապետին ցույց տալ իր անսահման նվիրումն ու հնազանդությունը, ուզում է նրան համոզել, որ ինքը նրա անմնացորդ ենթական է եւ ցանկացած պահի պատրաստ է Հայաստանի հնարավորություններն ու ռեսուրսները դնել թուրքական սուլթանի ոտքերի տակ: Դրա դիմաց նա ուզում է, որ սուլթանն իրեն կյանք բաշխի եւ Հայաստանի տարածքում իշխելու իրավունք: Այնպիսին, ինչպիսին տվել է Ահմեդ ալ-Շարաային՝ Սիրիայի մի մասի նկատմամբ: Ինչ է` ինքը նրանից պակա՞ս ահաբեկիչ է: