Փաշինյանը որոշել է փոխե՞լ արտաքին քաղաքական կուրսը

Փաշինյանը որոշել է փոխե՞լ արտաքին քաղաքական կուրսը

Երկու առանցքային ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը արտաքին քաղաքական նրբերանգներ էլ ունի։ Դրա հեռահար նպատակը սկսել է զգացվել վերջին ամիսներին։ Այս կոնտեքստում է հարկավոր դիտարկել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպումն ու դրան որեւէ ողջամիտ բացատրություն չտալը, դրանից առաջ նաեւ՝ Ամուլսարի դեմ ակտիվ պայքարող «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամների հետ ոչ ֆորմալ հանդիպումը։

Սկսենք սկզբից։ Ռուսաստանի հետ հարաբերությունները տեւական ժամանակ է՝ բարդ են, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ուզում է ցուցադրել, թե ամեն ինչ գերազանց է։ Անգամ Հայաստանի ռեւերանսները՝ Սիրիա զորք ուղարկելիս եւ Պուտինին ուղղված քծնանքի դրեւորումներով, Ռուսաստանը չգնահատեց։ Իսկ Քոչարյանի կալանքը, Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկումները, Արեւմուտքի հետ ռեւերանսները գնալով ավելի վատացրին մեր հարաբերությունները։ Ինչ-որ պահի՝ Ռուսաստանից հույսը կտրած Փաշինյանը որոշեց փոխել քաղաքական կուրսը դեպի Արեւմուտք՝ կամաց-կամաց «անկախանալով» Ռուսաստանից եւ հույսեր փայփայելով, թե Արեւմուտքը դա կգնահատի։ 

Նրա վերջին շրջանի քայլերը պետք է դիտարկել այս կոնտեքստում։ Դրա մեջ է մտնում «Սասնա ծռերի» հետ մերձեցումը, սորոսականներին դրամաշնորհներ տալը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ազատելը, որը Ռուսաստանի հետ որոշակի կապեր ուներ, թերեւս նաեւ Օսիպյանին էլ կարելի է այդ գծի մեջ տեղավորել։
Մեր աղբյուրները վկայում են, որ «Սասնա ծռերի» եւ ՔՈ-ի հետ հանդիպումներում, ի թիվս Ամուլսարի եւ այլ ներքաղաքական հարցերի, արծարծվել են նաեւ արտաքին քաղաքական կուրսի փոփոխությանն առնչվող հարցեր։ Փաշինյանն այս հակառուսական եւ պրոարեւմտյան ուղղվածության ուժերից աջակցություն է ակնկալել՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխության պարագայում։ «Սասնա ծռերն» էլ իրենց հերթին պայման-պահանջ են դրել, որ պետք է Փաշինյանն ազատի Արթուր Վանեցյանին եւ Վալերի Օսիպյանին։ Այս պաշտոնյաներին «ծռերը» դիտարկում են որպես իրենց թշնամի, իրենց ծրագրերի խոչընդոտ։ Ասում են՝ վարչապետը խոստացել է նրանց կատարել այս պահանջը, փոխարենը պահանջել է, որ շատ չդիմադրեն Ամուլսարի բացման հարցում։

«Սասնա ծռերի» անդամ, Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած եւ միայն հեղափոխությունից հետո ընդհատակից դուրս եկած Գարեգին Չուգասզյանը մեզ հետ զրույցում ասաց, թե իրենք քաղաքական վեկտորի փոփոխության քննարկումներ չեն ունեցել։

«Մենք խոսել ենք բոլոր էն հարցերի մասին, որոնք էսօր օրակարգային հարցեր են՝ ինքնիշխանության ամրապնդման եւ այլն։ Ամուլսարի մասին էլ ենք խոսել եւ կարծում ենք, որ էդ տարբերությունը, որը գոյություն ունի իշխանության եւ հասարակության տարբեր խմբերի միջեւ, դրա լուծման լավագույն ձեւը նախեւառաջ անմիջական ժողովրդավարական մեխանիզմների լինելն է՝ տեղական եւ համապետական հանրաքվեները»,- ասաց  Չուգասզյանը։ Իսկ թե ինչ ասել է՝ ինքնիշխանության ամրապնդում, կարելի է միայն կռահել․ ըստ էության՝ սա հենց Ռուսաստանի «լծից» մաքսիմալ անկախացումն է, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում են «Սասնա ծռերը»։

- Ձեզ գոհացնո՞ւմ է այն քաղաքականությունը, որն այսօր վարում է վարչապետը արտաքին աշխարհի հետ հարաբերություններում։

- Մենք էլի, էդ հարցի շուրջ բազմիցս արտահայտվել ենք, որ ռազմավարական իմաստով իշխանության ամրապնդման քայլերը մենք միշտ ողջունել ենք: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերությունների էն ժառանգությանը, որը մենք ստացել ենք, բնականաբար, էդ ընթացքը պետք է նույնպես քայլ առ քայլ ամրապնդել մեր ինքնիշխանությամբ։

- Հիմա, ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանն ավելի շատ պրոռուսակա՞ն գիծ է բռնել, թե՞ պրոարեւմտյան, կամ դեռ չի կողմնորոշվում։

- Մենք մեր կողմից ժամանակին քննադատել ենք Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու որոշումը։ Դա ժամանակին արել ենք եւ մնում ենք էդ կարծիքին։ Էդ իմաստով կա տարբերություն մեր եւ պարոն Փաշինյանի մոտեցումներում, եւ մինչ օրս մեզ մոտ չի փոխվել էդ մոտեցումը։

- Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պրոարեւմտյան կուրս վերցնել, եւ տեղեկություն կա, որ ձեզ հետ նման հարց է քննարկել։

- Նման հարց չի քննարկվել մեզ հետ։ Այն, ինչ մենք քննարկել ենք, միայն ինքնիշխանության ամրապնդման հարց է եղել։

- Իսկ ուժային կառույցների ղեկավարների փոփոխության հարց կամ պահանջ ձեր կողմից առաջ քաշվե՞լ է վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

- Ոչ, չի քաշվել։ Մենք խոսել ենք անցումային արդարադատության գործիքների շուտափույթ օգտագործման մասին։ 

ՀԳ․ Զրուցեցինք նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ եւ քարտուղար Սուրեն Սահակյանի հետ։ Նա ասաց, թե դա ոչ թե կուսակցության, այլ անհատների միջեւ հանդիպում է եղել (ինքն ու Գարեգին Միսկարյանն են հանդիպմանը մասնակցել), եւ հիմնական թեման եղել է Ամուլսարը։ Իսկ արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմա չեն քննարկել։ Սահակյանն աբսուրդ համարեց այն, որ կառավարությունը կարող է արեւմտյան կուրս որդեգրել արտաքին քաղաքականության մեջ՝ նշելով, որ մենք, իր կարծիքով, պետք է ունենանք մեր շահին միտված համագործակցություն բոլոր հնարավոր գործընկերների հետ։ Հարցին՝ իրենց կուսակցության համար ավելի շատ ընդունելի է պրոարեւմտյա՞ն ուղղությունը, թե՞ պրոռուսական, Սուրեն Սահակյանն ասաց՝ ոչ մեկը։ Բայց ձեր կուսակցությունն էլ են համարում արեւմտյան ուղղվածությամբ, անգամ ասում են՝ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող ուժ։ ՔՈ գործադիր մարմնի քարտուղարն ասաց, թե իրենց ֆինանսական հաշվետվությունը բաց է, իսկ Սորոսի մասով էլ եթերային բառապաշարը չի հերիքի դրան արձագանքել։