Քրեական աշխարհի աստիճանավորներին ուզում են արտաքսե՞լ

Քրեական աշխարհի աստիճանավորներին ուզում են արտաքսե՞լ

Քրեական աշխարհն անհանգիստ է, ալեկոծված։ Պատճառը գողական բարքերի դեմ կառավարության պայքարն է, որի շրջանակներում «զոն նայողներին» «իրենց բարեկարգ, արտոնյալ կացարաններից» «էկոնոմ կլասի» խցեր, իսկ որոշ դեպքերում՝ պատժախուց են տեղափոխել։ ՔԿՎ ղեկավարությունը որոշել է «զոն նայողներին» «համակենտրոնացնել» «Գորիս» ՔԿՀ-ում։ Գողական աշխարհը սրան պատասխանել է սեպտեմբերի 5-ին Հրազդանի ու Նուբարաշենի կալանավայրերում ծայր առած անհնազանդության ակցիաներով։ Դատապարտյալները, մեր տեղեկություններով, հարվածել են դռներին, աղմկել, առարկաներ են նետել խցերից, միաժամանակ դեղ ու բժիշկ ենք պահանջել։ Հատկապես լարված է եղել մթնոլորտը «Նուբարաշենում», որտեղ «զոն նայողին» խցից հանել են։

«Նուբարաշենում» զանգվածային անկարգություններին մոտ 115 անձ է մասնակցել

Թե ինչ է եղել իրականում, հստակեցվեց երեկ։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ հիմնարկի սնունդ բաժանող դատապարտյալներին հրահանգել են չիրականացնել իրենց պարտականությունները, կոչ արել ՔԿՀ դատապարտյալներին՝ զանգվածային անկարգություններ իրականացնել։ Դատապարտյալները վնասել են խցերի դռները, կոտրել են կերակրադռնակները, վառվող առարկաներ են խցերից նետել, այրել են խոտածածկ տարածքը։

Կրակը հանգցրել են ԱԻՆ հրշեջները։ Իսկ «Հրազդան» ՔԿՀ-ում կալանավորված անձինք եւ դատապարտյալները կոտրել են խցի դուռն ու դուրս եկել: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով՝ Զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից բռնություն գործադրելը, գույք ոչնչացնելը եւ այլն։ Ըստ ՔԿ տվյալների, «Նուբարաշենում» զանգվածային անկարգություններին մոտ 115 անձ է մասնակցել։ Կալանավայրի մոտ մեքենաների կուտակումներ են նկատվել, եւ միայն ոստիկանության լրացուցիչ ուժերն են հանդարտեցրել իրավիճակը։

Գողականներին ուղարկում են Թուրքիա

Երեկ քրեական աշխարհից լուր ստացանք, որ ոստիկանությունն իր խողովակներով՝ «ագենտուրայի» միջոցով, «գողականներին» Հայաստանից արտագաղթելու հրահանգ է ուղարկել։ Քանի որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանը քրեական աստիճանակարգում բարձր տեղեր զբաղեցնողների համար փակ երկրներ են, նրանց խորհուրդ են տվել մեկնել Թուրքիա։ 

Իրավապահների կողմից արված այս առաջարկը խորապես վիրավորել է «աստիճանավորներին»։ «Ի՞նչ անեն, ո՞ւր գնան՝ պրծնեն սրանցից։ Մարդիկ իրանց համար հանգիստ, օրինական ապրում են, ի՞նչ են ուզում, մուսուլմանությո՞ւն ընդունենք։ Դա էլ կանենք»,- ասում է աստիճանակարգին մոտ մեր զրուցակիցը։ Ոստիկանությունից այս լուրը հրաժարվեցին մեկնաբանել։

Հիշեցնենք՝ կառավարությունն օրենսդրական նոր փաթեթ է հաստատել, որով քրեական պատիժներ են սահմանված քրեական աստիճանակարգի պատկանելու, «օրենքով գող» եւ քրեական հեղինակություն հանդիսանալու համար։ Այդ օրինագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով։ Ամենախիստ պատիժը սահմանված է «օրենքով գողերի» համար, այսինքն՝ քրեական աստիճանակարգում բարձրագույն կարգավիճակ ունեցողների։ Եթե քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը նրանց կողմից է կատարվել, ապա սույն «աստիճանավորը» կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով: Քրեական միջավայրում կամավոր ներգրավվողներն էլ, քրեական նոր օրենքներով, կպատժվեն 4-8 տարի ազատազրկմամբ։ Բոլոր նշված դեպքերում կարող է գույքի առգրավման որոշում եւս ընդունվել։ Քրեական ենթամշակույթին հարողն ու այն տարածողը կարող են ընդամենը տուգանվել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 600-ապատիկի չափով, կարող են նաեւ մինչեւ 2 ամիս ժամկետով կալանավորվել կամ էլ դատապարտվել մինչեւ 3 տարով։

«Զենքն ու նարկոտիկը դնում էին դեմն ու առաջարկում՝ ընտրի, թե որով ես ուզում նստել»

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին օրինագծում օգտագործվող հասկացությունները թերի են թվում, սակայն պայքարը հանցագործ աշխարհի դեմ նա համարում է անհրաժեշտ։ «Դա նորություն չէ։ «Հանցավոր ենթամշակույթ» ասվածը քրեորեն հետապնդելի է նաեւ այլ երկրներում։ ԱՄՆ-ում, օրինակ, կան հայկական, մեքսիկական, սեւամորթների, հրեական բանդաներ՝ հանցավոր խմբավորումներ։ Հանցավոր խմբավորման անդամ լինելը ծանր քրեական արարք է համարվում։ Կարծում եմ՝ «քրեական ենթամշակույթ» տերմինը բարձրագոչ է, ճոռոմ արտահայտություն է։ Հանցավոր խմբավորմանն անդամակցելու դեմ լուրջ իրավական ակտ է պետք, իսկ քրեական ենթամշակույթին հարելու դեմ պետք է դաստիարակչական աշխատանք տարվի երիտասարդության շրջանում։ Ոչ թե ԼԳԲՏ-ների, սեռի ընտրության ազատության մասին դասընթաց կարդան, այլ հանցավոր ենթամշակույթի վտանգների մասին քարոզ լինի, ֆիլմեր լինեն, ոչ թե սերիալներ նկարեն այն մասին, թե գողերը ոնց են «պանյատներով» հարցեր կարգավորում»։ Կալանավայրերում կազմակերպված անհնազանդությունը, ըստ Գագիկ Համբարձումյանի, պետք է կոշտ արձագանք գտնի։ «Այդ ընդվզումները կազմակերպված էին, քանի որ միաժամանակ տարբեր կալանավայրերում են տեղի ունեցել։ Պետք է բացահայտ եւ դեմոնստրատիվ պատժիչ գործողություններ իրականացնել, հակառակ դեպքում վատ հետեւանքներ կարող են լինել։

Քրեական աստիճանակարգի ներկայացուցիչները հավակնում են լուծել ոչ միայն քրեական ոլորտի, այլեւ բոլոր տեսակի հարցերը եւ իրենցով փոխարինել գործադիր, քրեական հետապնդման մարմիններին, դատարաններին։ Դա վտանգավոր է»։ Վրաստանում, Ռուսաստանում, այսպես կոչված, գողերին արտաքսեցին այլ պետություններ, եւ չճշտված տեղեկություններ կան, որ մեր «աստիճանավորներին» էլ են նման առաջարկներ եղել, ինչը հակաօրինական է․ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ մեթոդներին։ Այս հարցին Գագիկ Համբարձումյանը պատասխանեց․ «Նրանց դուրս ուղարկելը պրոբլեմը «գլխառադ» անելու, իրենցից հեռացնելու ամոթալի տարբերակ է։ Պետությունն այդպես չպետք է վարվի, ինչպես ռուսներն արեցին՝ հավես չկա նրանց դեմ պայքարելու, վռնդում են երկրից։ Նրանք մեր քաղաքացին են, վերջին հաշվով՝ ո՞ւր վռնդես։

Բացի դա, ռուսները վռնդում էին օրենքով գողերին, որովհետեւ նրանք այլ երկրների քաղաքացիներ էին՝ Հայաստանի, Վրաստանի եւ այլն։ Հայ էին, եզդի էին, վրացի էին։ Վտարում էին իրենց երկրից օտար քաղաքացիներին, բայց իրենց քաղաքացիներին չէին վտարում։ Նախ, մենք մեր քաղաքացուն վտարելու իրավունք չունենք, հետապնդման մարմինը պետք է գրագետ լինի եւ նրանց դեմ գրագետ պայքար մղի՝ նորագույն մեթոդների օգտագործմամբ»։ Դուք աշխատել եք նաեւ Վանո Սիրադեղյանի ժամանակ, իսկ նա երկրից դուրս էր վտարում գողականներին։ «Վանո Սիրադեղյանի ժամանակ դա արվում էր ոչ օրինական կարգով։ Պարզապես կանչում էին, զենքն ու նարկոտիկը դնում էին դեմն ու առաջարկում՝ ընտրի, թե որով ես ուզում նստել։ Հիմա ժամանակները փոխվել են։ Անհրաժեշտ է այդ կոնտինգենտի դեմ պայքարը մղել հետեւողական, կոշտ, բայց ոչ դաժան մեթոդներով, գրագետ ու պրոֆեսիոնալ մակարդակով եւ անպայման քրեական եւ քրեական դատավարության օրենսդրության շրջանակներում»,- ասում է ոստիկանության գեներալը։