Ի՞նչ եք ապուշ ձեւանում

Ի՞նչ եք ապուշ ձեւանում

Այս արտահայտությունը Միքայել Շաթիրյանի «Երբ է գալիս գարունը» վեպի հիման վրա, Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի նկարահանած «Նվագախմբի տղաները» գեղարվեստական ֆիլմից է (1960 թ.): «Ապուշ» բառը որևէ կոնկրետ ան­ձին վիրավորելու համար չէ, այլ վերաբերում է անկախությունից ի վեր երկրի ռազ­մաքաղաքական համակարգին, ՀՀ հավաքական քաղաքացուն: 
Նախքան խնդրո առարկային անցնելը, մի խնդրանք, հորդոր՝ քաղաքական ուժերին, հասարակական գործիչներին, փորձագետներին: Նկատի ունենալով, թե ինչ իրավի­ճա­կում է հայտնվել մեր պետությունը, եկեք ձեռնպահ մնանք միմյանց անվանարկելուց, պիտակներ կպցնելուց: Իրականում խնդիրն ավելի խորքային է: Այստեղ «ապուշ» բառն օգտագործվում է նաև որպես ամփոփում և վերջակետ, որից հետո ցանկալի է արմատավորել ավելի բարյացկամ և կոռեկտ վարքագիծ:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը (նաև ուրիշներ) գտնում է, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ առկա է «գեոքաղաքական կոնսենսուս» («Հրապարակ», 21 Հուլիս 2021): 

Ենթարաբար, տարիներ շարունակ գերտերությունների ջանքերն ուղղված են եղել դրան, ուղղակի միանգամից մա­տուցել չեն ցանկացել՝ հայերիս «խնայելու» կամ այլ նկատառումներով: Այն, որ հայոց ցեղասպանության խնդիրը նրա ճանաչումից այն կողմ չի անցել և երբեք էլ չի անցնելու, պետք է գլխի ընկած լինեին մեր քաղաքական գործիչները, բարձրագույն պաշտոնյաները: Այլ դեպքում՝ էլ ի՞նչ փաստարկներ էին անհրաժեշտ, որպեսզի աշխարհի տիրակալները հասկանային, թե ինչի մասին է խոսքը: Նրանք տիրա­պե­տում են ավելի ծանրակշիռ փաստարկ­ների, որոնք մեր մտքով էլ չեն կարող անցնել: Բայց Հայաստանը չի տեղավորվում աշխարհաքաղաքական իրենց ճարտա­րա­պետության մեջ: Հայաստանը ջանք չի գործադրել (գեղեցիկ ճառերի ու տարեկան մեկ անգամ ազգովի սգալու մասին չէ խոսքը, այլ՝ տնտեսությունը, հասա­րակությունը զարգացնելու), որպեսզի այդպես չլիներ:

Ավելի վաղ գրել էի. «Այժմ, այս օրհասական ժամանակահատվածում, գուցե հանրահավաքներին զուգահեռ կամ առանց դրանց, նպատակահարմար է թվում 3 նախագահների եւ վարչապետի, քաղաքական ուժերի 4 ներկայացուցչի՝ 4-5 անկախ փորձագետների մասնակցությամբ ձեռնարկել խորհրդակցություններ: Ինչի համար: Նրա համար, որպեսզի պարզ լինի այս 30 տարիների խճապատկերը, փորձ արվի հասկանալ, թե ինչ «դատավճիռ» են ի վերջո կայացրել աշխարհի տիրակալները հա­յոց պետականության առնչությամբ (Արցախը, ըստ էության, ընդամենը այդ հիմ­նախնդրի կամ հայկական հարցի մի բաղադրիչն է), արդյոք հնարավո՞ր է գտնել այլընտրանք: Դրա համար ազգային համերաշխությունն ու միասնությունն այլընտ­րանք չունեն» («Հրապարակ», 18 Նոյեմբեր 2020): Նրանք դա չարեցին: Չարեցին, գուցե, որ մեկը մյուսին չցանկացավ ներկայացնել, թե իրականում ինչ են պար­տադրել նրանցից յուրաքանչյուրին:

Խոսքը վերաբերում է մինչ օրս երկրի ղեկավարներին: Ինչու՞ անկեղծ չեք եղել ժողովրդի հետ: Ինչու՞ չեք ասել, որ մենք չենք կարող գնալ աշխարհի տիրակալների կամքին հակառակ, պետք է հլու հնազանդ անենք այն, ինչ կասեն: Ինչու՞ չեք ասել, որ «վարուցանքով զբաղված, առաջ չկտրող» (Սարոյան եղբայրներ»), ռազմական գործարաններն ի շահ սեփական բարեկեցության վերացնող, երեք տասնամյակում այդպես էլ մրցունակ տնտեսություն չկառուցած ժողովուրդը չի կարող իր կամքը թելադրել որևէ մեկին:

Վերադառնալով Վիգեն Հակոբյանի նկատառումներին և կանխելու համար մեր պետության հետագա նվաստացումը, թվում է նպատակահարմար, որպեսզի երկրի ղեկավարը հանդիպում խնդրի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ-պետությունների ղեկավարների հետ: Թեպետ Վիգեն Հակոբյանը նշում է, թե երկու քաղաքական կենտրոններ՝ ԵՄ-ը և Ռուսաստանն ունեն հստակ դիրքո­րոշում, որը «ցավոտ» է Հայաստանի համար, այդուհանդերձ, թվում է, թե ԵՄ-ն անդեմ է (վիրավորելու մտադրությամբ դա չի ասվում): 

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ հանդիպման համար պետք է նախապատրաստել 5 օրինակ Հարավային Կովկասի քարտեզ՝ առանց Ադրբեջանի և Հայաստանի սահմանա­զատման: Յուրաքանչյուր պետության ղեկավարի պետք է խնդրել, որպեսզի նա իր ձեռքով գծի Հայաստանի սահմանները (ինչպես ժամանակին դա արել է Հուդրո Վիլսոնը): Դրանից հետո պետք է հա­մադրել այդ 5 քարտեզները և, արդեն, այդ ղեկավարների ներկայությամբ ստո­րագրել փաստաթուղթ առ այն, որ Հայաստանը համաձայն է նոր քարտեզին; Ադրբեջանը ոչ մի մասնակցություն չպետք է ունենա այդ գործընթացին: Այստեղ գլխավորն արժա­նապատիվ կեցվածքն է. Հայաստանն ասում է, պարոնայք», այլևս մեզ բզկտել, մեր արյունը թափել պետք չէ, եթե դուք գտնում եք, որ Հայաստան պետությունը պետք է սահմանափակվի Երևանով, ապա խնդիր չկա, վերցրեք ու մեզ վերջապես հանգիստ թողեք: Գուցե նրանք առաջարկեն ավելի «հետաքրքիր այլընտրանք», օրինակ, ՀՀ բնակչության տարհանում և վե­րաբնակեցում մեկ այլ վայրում: 

Հ.Գ. Ոչ մի կերպ չեմ արդարացնում Փաշինյանի արածները: Նա, ինչպես և մյուսները, այդպես էլ բաց տեքստով չխոսեցին ժողովրդի հետ: Նա ընդամենը հայտարարում էր, թե ինձնից առաջ ծախսել են Արցախը: Իրենից առաջը ոչ Քոչարկյանն է եղել, ոչ էլ Սարգսյանը, այլ եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, ով իրեն ասել է, թե հիմա հողերը պիտի տաս: Այո, դրանք հողեր են այսպիսի ժողովրդի համար, այլ ոչ՝ հայրենիք:

Գագիկ Վարդանյան