Ընտրական գործընթացի կազմակերպման «ժողովրդավարական» սկզբունքները

Ընտրական գործընթացի կազմակերպման «ժողովրդավարական» սկզբունքները
Ընտրական գործընթացի կազմակերպման «ժողովրդավարական» սկզբունքները

Թե ինչի կարող է հանգեցնել հանրապետությունից դուրս գտնվող պոտենցիալ ընտրողներին ընտրական գործընթացում ներառելը՝ երևաց Մոլդովայի նախագահական ընտրություններում: Գործող նախագահ Մայա Սանդուն երկրի տարածքում ստացել է ձայների 48,81%-ը: Իսկ ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության թեկնածու, այդ երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 51,19%: Սակայն Սանդուն հաղթել է ընտրություններում, քանի որ արտերկրի ընտրատեղամասերում նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 82%-ը՝ գրեթե 250 հազար ձայն։ Այսինքն, Մոլդովայում ապրող մոլդովացիները ցանկացել են նախագահի պաշտոնում տեսնել ոչ թե տիկին Սանդուին, այլ ծնունդով գագաուզ, խորհրդարանի նախկին պատգամավոր և նախկին գլխավոր դատախազ Ստոյանոգլոյին: Վերջինս նախկին է դարձել (ձերբակալվել է 2021-ին և վերջնականապես պաշտոնից ազատվել է 2023-ին), քանի որ ենթադրաբար չի համապատասխանել արևմտամետ նախագահի «ժողովրդավարական» սկզբունքներին:  

Վերադառնալով ընտրություններին ասեմ, որ Մայա Սանդուի վերընտրությունն ապահովվել է ընտրական գործընթացի կազմակերպման խիստ «ժողովրդավարական» սկզբունքի շնորհիվ: Այն է՝ Ռուսաստանում գտնվող կես միլիոն (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 70 հազար) ընտրողների համար հատկացվել է ընդամենը 10 հազար քվեաթերթիկ: Սակայն արևմտյան երկրներում գտնվողների համար դրանք ոչ միայն բավարար էին, այլև ավելին, քան անհրաժեշտ էր: Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկին հայտնի է դարձել, որ Իտալիայում, օրինակ, ընտրող կարծես թե չի եղել ընդհանրապես՝ չնայած տրամադրվել են քվեաթերթիկներ:

Ընտրական գործընթացի կազմակերպման երկրորդ  «ժողովրդավարական» սկզբունքն այն էր, որ Միացյալ Նահանգներում և Կանադայում գտնվող ընտրողներին թույլատրվել է քվեարկել էլեկտրոնային եղանակով: Թե ինչու միայն այդ երկու երկրներում գտնվողներին՝ պարզ չէր: Կարող էին նույնը թույլատրել նաև Ռուսաստանում և հատկապես Ուկրաինայում գտնվողներին: Ուկրաինայի առումով հատկապես, քանի որ այդ երկրի թե՛ նախագահը և թե՛ խորհրդարանը վերածվել են «ժամկետանց» կառույցների: Որովհետև թե՛ առաջինի և թե՛ երկրորդի դեպքում ընտրություններ չնշանակելը հիմնավորվում է պատեազմական իրավիճակով: Իսկ թե ինչպես են նույն իրավիճակի պարագայում քվեարկել այդ երկրում գտնվող մոլդովացիները՝ Աստծուն է հայտնի:

Ի դեպ, երբ Ռուսաստանում գտնվող ընտրողներին իբրև թե կազմակերպված ձևով տեղափոխել են այլ երկրներ՝ որտեղ նրանք կարող էին մասնակցել ընտրություններին, արևմտյան մամուլը  վայրահաչոց էր դրել, թե Ռուսաստանը միջամտում է ընտրական գործընթացին: Այսինքն, Մոլդովայի արևմտամետ իշխանության կողմից այդ գործընթացի գիտակցված խեղաթյուրման դեմ քայլը, եթե դա իրոք կատարվել է, միջամտություն է: Երբ նախկինների օրոք շուրջ երկու տասնամյակ պայքարում էի Հայաստանում արևմտյան արժեքներ և հատկապես արդար և օրինական ընտրություններ անցկացնելու առումով, չէի պատկերացնում, թե իրականում ինչ տեսք ունեն այդ արժեքները: Հիմա, իհարկե, գիտեմ՝ արևմտյան արժեքներ կոչվածն ընդամենը այս կամ այն գերտերության աշխարհաքաղաքական շահեր են: Ինչը նորմալ իշխանության դեպքում կարող է համընկնել քո հայրենիքի շահերի հետ: Սակայն այսօրվա գործող իշխանության պարագայում դրա մասին երազելն անգամ անիմաստ զբաղմունք կլինի:

Կրկին վերադառնալով ընտրությունների թեմային՝ ներկայացնեմ 10 օր առաջ Վրաստանում և երկու օր առաջ Մոլդովայում անցկացված ընտրությունների առումով մի փոքր համեմատական: Վրացական ընդդիմությունն արձանագրել էր տարբեր բնույթի և կշռի (նշանակության) 170 ընտրախախտում: Ինչը բավարար էր, որպեսզի թե՛ ընդդիմությունը և թե՛ արևմտյան երկրների ու Եվրոպական Միության չինովնիկներն անընդհատ հայտարարեն, թե ընտրությունները կեղծված են և պահանջեն նոր քվեարկություն: Մոլդովայի նախագահական ընտրությունների 1-ին փուլում վարչական խախտումներն այնքան շատ ու ակնհայտ են եղել, որ նույնիսկ Promo Lex տեղական դիտորդ (ոչ ընդդիմադիր) կազմակերպությունն ու ԵԱՀԿ-ն ստիպված են եղել արձանագրել 100 այդպիսի խախտում: Ենթադրում եմ, որ իրական խախտումների քանակը կրկնակի-եռակի գերազանցել է արձանագրված թիվը: Բայց, բնականաբար, դրանք հիմք չեն ծառայել, որպեսզի ընտրական գործընթացի առաջին փուլը համարվի անօրինական: Դա չէր արվի նաև այն պատճառով, որ հենց խախտումների շնորհիվ երկրի գործող նախագահին հաջողվեց շահել եվրաինտեգրացման հանրաքվեն:  

Ի դեպ, տիկին Սանդուն քննադատությունից դաս չէր քաղել ու դրա անհրաժեշտությունն էլ չէր զգացել: Ավելին, վերջինս իր քննադատներին «հորդորել» է հետևել ոչ թե իշխանության կողմից թույլ տված խախտումներին, այլ ռուսամետ ընդդիմադիրներին: Կարծում եմ, որ տիկնոջ նման վարքագիծը ևս «ժողովրդավարության» դրսևորում է: Տվյալ դեպքում՝ կարևորը ոչ թե օրինականություն պահպանելն է, այլ ռուսական հետք փնտրելը: Որքան հասկանում եմ, արտերկրյա քննադատները հաշվի են առել տիկնոջ «հորդորը» և արևմտյան ԶԼՄ-ներում կազմակերպել են երկրորդ փուլում իրական թե երևութական ռուսական միջամտության քննադատությունը: