Ներկայացնելով ապագայի ներուժը. Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեն 4-րդ անգամ միավորեց մարդկանց ու մշակույթները

Ներկայացնելով ապագայի ներուժը. Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեն 4-րդ անգամ միավորեց մարդկանց ու մշակույթները

Սեպտեմբերի 8-ից մինչեւ նոյեմբերի 8-ը Երեւանում 4-րդ անգամ իրականացվում է Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով եւ տարածաշրջանում միակ, արդեն իսկ միջազգային լայն ճանաչում վայելող «Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023» լայնամասշտաբ ծրագիրը, որն այս անգամ հյուրընկալել ու ցուցադրում է աշխարհի 53 երկրի 231 փորագրանկարչի 356 աշխատանք՝ տպագրական բազմատեսակ տեխնիկաներով ու կատարողական ոճերով։   

Վարպետության դասերից, կլոր-սեղան քննարկումներից բացի, բիենալեի շրջանակում այս տարի Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը եւ Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն հետամուտ եղան նաեւ «Հայաստանը` տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագիրը կրող միջազգային համաժողովի կազմակերպմանը, որին մասնակցում էր փորագրանկարչության ավելի քան 50 փորձագետ՝ 30 երկրից։ Վերջիններս հանրությանը ներկայացան թեմատիկ զեկույցներով, քննարկեցին Հայաստանում եւ միջազգային հարթակում ժամանակակից գեղարվեստական տպագրության զարգացման միտումները եւ կիրառվող տեխնիկաների նորամուծությունները։

«Գեղարվեստական տպագրության չորրորդ միջազգային բիենալե, Երեւան 2023»-ի միջազգային ժյուրիի անդամ, գերմանացի արվեստագետ, պրոֆեսոր Ֆրանկ-Յոախիմ Գրոսմանը, անդրադառնալով ժյուրիի աշխատանքներին, մեզ հետ զրույցում նկատեց, որ զարմացած են բիենալեին ներկայացված աշխատանքների բարձր որակից, ուստի դժվար էր նաեւ ընտրել մրցանակակիրներին։ 

«Երեւանում շատ բարձր մակարդակի բիենալե է կազմակերպվել, եւ ֆանտաստիկ է, թե ինչպես են այս ամենն այսքան ներդաշնակորեն փոխգործում իրար հետ։ Սա հիանալի հնարավորություն է՝ ծանոթացնելու մարդկանց գեղարվեստական տպագրության ոլորտի հետ, որը միաժամանակ նպաստում է նաեւ արվեստագետների առաջխաղացմանն ու զարգացմանը,- ասում է գերմանացի արվեստագետը, ում խորհուրդը երիտասարդներին մեկն է՝ շարունակել անել այն, ինչ անում են։- Տեխնոլոգիական առաջընթացի այս դարաշրջանում կարեւոր է պահպանել ձեռքի աշխատանքի տեխնիկան, քանի որ դրա միջոցով կարող ես բացահայտել շատ ավելի մեծ հնարավորություններ»։   

Ի դեպ, պրոֆեսոր Ֆրանկ-Յոախիմ Գրոսմանը մայրաքաղաք Երեւանում հանդես եկավ տառաշար տպագրության վերաբերյալ  դասախոսությամբ եւ իրականացրեց «Տպագրական համակարգ․ հիմնատարրեր եւ հայերեն տառեր»  երկoրյա վարպետության դասը Երեւանում, որի ընթացքում մասնակից ուսանողները եւ արվեստագետները ծանոթացան գեղարվեստական տպագրության տառատիպ տեխնիկայի պատմությանը, տպագրական հաստոցի կարգավորման ընթացքին, ուսումնասիրեցին տառատիպ տպագրության հիմնական մեթոդները եւ իրականացրին պրակտիկ աշխատանք՝ տպելով իրենց աշխատանքները։ Պրոֆեսոր Ֆրանկ-Յոախիմ Գրոսմանը տառատիպի վերաբերյալ դասախոսությամբ ս․թ․ սեպտեմբերի 16-ին հանդես եկավ նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցում։

Պրոֆեսոր Մեհրդադ Խաթային (Իրան), ով այս տարի, որպես ժյուրիի անդամ, առաջին անգամ է մասնակցում Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեին, նկատում է` այս տարի ներկայացված գործերն ակնհայտ որակական աճ են գրանցել. «Այս տարածաշրջանում, Իրանում` եւս, գեղարվեստական տպագրությունը շատ հին ավանդույթներ չունի, եթե համեմատենք Լեհաստանի, Ճապոնիայի կամ լատինաամերիկյան երկրների հետ, բայց կարծում եմ՝ այս բիենալեն ինքին արդեն մեծ աջակցություն եւ խթանիչ ուժ է թե՛ տարածաշրջանի, թե՛ Հայաստանի արվեստագետների համար։ Ներկայացված գրեթե բոլոր մասնակիցներին ճանաչում եմ, նրանք անվանի արվեստագետներ են, իսկ ոմանք համալսարաններում են դասավանդում, բազմաթիվ մրցանակներ են շահել, ինչն ինքնաբերաբար նաեւ բիենալեի որակն է բարձրացնում։ Ու քանի որ լավագույններն են ներկայացված, մրցակցությունն էլ բավական բարձր է եղել։ Ի դեպ, հայ արվեստագետների գործերը շատ մեծ աճ են գրանցել այս 4 բիենալեների ընթացքում, վստահ եմ՝ հաջորդին հայ արտիստների գործերում ավելի մեծ առաջընթաց եմ տեսնելու»։  

Միջազգային ժյուրին ներկայացված 356 փորագրանկարից վերջնարդյունքում ընտրեց չորս գլխավոր մրցանակակիրներին, ըստ այդմ` գլխավոր մրցանակ` Իչիրո Ցուբակի (Ճապոնիա), առաջին մրցանակ՝ Ագնեշկա Լեխ-Բինչիցկա (Լեհաստան), երկրորդ մրցանակ՝ դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Մանուել Էրնանդես Կաստիլիո (Մեքսիկա) եւ Պավել Դելեկտա (Լեհաստան), երրորդ մրցանակ՝ Ալեքսանդր Տոդորով (Ֆրանսիա):   

2-րդ տեղի մրցանակակիր՝ մեքսիկացի դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Մանուել Էրնանդես Կաստիլիոն 2001-ից զարգացնում է լինոփորագրության՝ տեխնիկան լայնածավալ ձեւաչափով, հենվելով նկարչական յուրահատկությունների եւ հնարավորությունների վրա. «Քսան տարիների ընթացքում ստեղծված իմ աշխատանքների 80%-ը կատարված է լինոփորագրության տեխնիկայով` տպված մեծ ձեւաչափով թղթի վրա։ Լինոփորագրությունն ինձ թույլ է տալիս արտահայտել իմ հույզերի տարբեր դրսեւորումները: Փորագրման գործընթացն ինձ համար ֆիզիկական գործողություն է, որը լիցքաթափում է: Իսկ լիցքաթափումը գրոտեսկի հուզական հայեցակարգ է, որի գեղագիտության վերհանման ուղղությամբ անընդմեջ աշխատում եմ»:

Բիենալեի շրջանակում ներկայացված է Կաստիլիոյի՝ «Կամակատարներ եւ աղբահաններ» խորագիրը կրող 12 լինոփորագրությունների (80x120սմ) շարքից երկու փորագրանկար`նույն լայնաֆորմատ ձեւաչափով՝ «Պարոն Հայդը» եւ «Վիրավոր ոտնահետքերը»։ Այդ շարքը ներկայացնում է մարդկային ժամանակակից պատկերագրության փոխհարաբերությունները: Փոխաբերական մոտեցումը ներառում է կերպարների հատկանիշները, որոնք, ըստ նրա, հրաժարվում են իրենց մարդկային տեսքից՝ ձեռք բերելով տարասեռ անատոմիա, ինչն էլ խեղաթյուրում է նրանց իրական բնույթը: 

Ի՞նչ ներուժ է տեսնում Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտում։ «Այստեղ գեղարվեստական տպագրությունը շատ լավ է զարգացած։ Հայաստանում լինոփորագրության տեխնիկայով արված լավ որակի փորագրանկարներ եմ նկատել։  Ֆիգուրատիվ արվեստն ամենակարեւորն է, եւ ձեզ մոտ այն լայն տարածում ունի։ Կարծում եմ՝ հայերը պետք է զարգացնեն այդ մտածողությունը»։

Ինչ վերաբերում է բիենալեին, ապա. «Չորրորդ բիենալեն ինձ համար երիտասարդ բիենալե է։ Բայց կարծում եմ` ընտրված աշխատանքները հրաշալի են, բարձրորակ եւ արհեստավարժ։ Բազմազան ընտրանի է՝ տարատեսակ փորագրանկարչական տեխնիկաներով։ Ինձ համար ամենակարեւորն այն է, որ երեւանյան բիենալեում ավանդական տեխնիկաները գերակշռում են, մինչդեռ միջազգային մյուս բիենալեներում գերակայում են թվային տեխնիկան, թվային լուծումները, թվային տպագրությունը..., բայց ավանդական տեխնիկան նույնպես պետք է առկա լինի: Դուք կարող եք ժամանակակից լինել նաեւ ավանդական լուծումներով: Ժամանակակից լինելը չի ենթադրում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում»։

Բիենալեին մասնակից արվեստագետների քանակով այս տարի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լեհաստանը՝ 46, որին հաջորդում են Հայաստանը՝ 39, Ռուսաստանը՝ 16, Ֆրանսիան՝ 8, եւ Ճապոնիան՝ 7 փորագրանկարչով։  

Միջազգային ժյուրիի նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մաթեուշ Օտրեբան (Lեհաստան), որ բիենալեի կողքին է հիմնադրման օրվանից, նշում է` ոչ միայն Հայաստանից մասնակցող արվեստագետների թիվն է աճում, այլեւ գեղարվեստական տպագրության ոլորտում հայ փորագրանկարիչների որակը, ինչն արդեն նշանակալի ձեռքբերում է։ 
«Շատ դժվար է փորագրանկարներում նկատել ազգային մտածողությունը եւ վերագրել դա, օրինակ, հայկական ձեւամտածողությանը։ Կարծում եմ՝ բոլոր փորագրանկարներում ներկայացվող երկրի առանձնահատկությունները նշմարվում են հավասարապես նվազ, գուցե միայն Մեքսիկայի դեպքում առավել արտահայտիչ է իրենց բնորոշ ձեւամտածողությունը»: Անդրադառնալով ոլորտի միտումներին՝ նկատում է. «Դժվար է ասել, որ բոլորիս համար մտածելու միայն մեկ եղանակ է առկա, գուցե հարյուր տարի հետո կարող ենք տեսնել, որ մենք իրականում այնքան էլ հեռու չենք եղել միմյանցից»: 

Ինչ վերաբերում է ժյուրիի աշխատանքին, ապա աշխատել են քրտնաջան՝ սահմանելով վերջնանպատակը․ «Ժյուրիի ընտրությունը կայացել է բազմակարծության եւ ժողովրդավարության սկզբունքով։ Ընտրության սկզբունքները չափման ենթակա չեն, ինչպես սպորտում։ Դիտորդը կարող է նկատել տարբերությունը, սակայն ընտրությունը միայն մարդու որոշումն է»:

Թե ինչ ներուժ է տեսնում երեւանյան բիենալեում, Մ․ Օտրեբան նշում է. «Երեւանյան բիենալեն իր ուրույն տեղն է զբաղեցնում մասնագիտական ոլորտում։ Կարծում եմ` այս տարի շատ լավ գաղափար էր՝ իրականացնել տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային համաժողովը։ Դրա շրջանակում մարդիկ կարող են ծանոթանալ գեղարվեստական տպագրության ոլորտին, կիրառվող տարատեսակ տեխնիկաներին եւ դրանց մասին տեղեկանալ ոչ միայն տեսական զեկուցումներից, այլեւ՝ բիենալեի տարածքում առկա տպագրական հաստոցների վրա իրականացվող վարպետության դասերի ընթացքում։ Կարծում եմ` Հայաստանի համար բիենալեն անհրաժեշտ է: Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն արդեն ութ տարի է՝ հետեւողական աշխատում եւ իրականացնում է իր նպատակը, մինչդեռ բազմաթիվ բիենալեներ իրագործվել են միայն մեկ անգամ եւ չեն շարունակվել»։ 

Ժյուրիի անդամ՝ դոկտոր Ալեքսանդրա Շտեհելիից (Շվեյցարիա) հետաքրքրվում եմ․ որպես արվեստաբան՝ կարող է նշել, թե մեր կյանքի որ հատվածն է արտացոլված, եւ ինչ թեմաներ են գերիշխում բիենալեին ներկայացված արվեստի գործերում՝ սեր, պատերազմ, մարդու իրավունքներ, մշակույթ։

«Իրականում, դժվար է բնորոշել արվեստի գործի արդիականությունը՝ միայն պատկերվող թեմայի կամ անվանման հիմնակետից ելնելով։ Մենք փորձում ենք փազլի բոլոր կտորները համադրել: Այն, ինչ հիշում եմ, անմոռանալի հույզեր են, ինչպիսին է մտերմությունը՝ Շահանե Շահբազյանի նկարի օրինակով, սակայն գուցե մարդկանց միջեւ նաեւ անդո՞ւնդ է առկա: Երեւանյան բիենալեին ներկայացված փորագրանկարներում ես տեսնում են մարդկանց հույզերը: Ժյուրիի մյուս անդամների հետ մշտապես անդրադարձել ենք նկարներում ժամանակակից թեմայի ներկայությանը։ Շատ դժվար է սահմանել ժամանակակից թեման այս կամ այն փորագրանկարում: Այսօր ժամանակակից արվեստն արտահայտվում է թվային տեխնիկաների կիրառման միջոցով: Երեւանյան բիենալեի մասնակից միջազգային փորագրանկարիչները հղում են կատարում առօրյա կյանքում առկա սոցիալական կամ միջմարդկային խնդիրներին՝ պատկերների կամ անմիջապես փորագրանկարի անվանման միջոցով։ Օրինակ, այստեղ պատկերված է գետնին ընկած վճարման կտրոնը, որը գնորդը հրաժարվել է վերցնել, եւ նետել է գետնին: Այդպիսով հեղինակը փորձում է ունայնության գաղափարը վերհանել․ այն, ինչ մենք երեկ գնեցինք, այսօր այլեւս գոյություն չունի։ Վերոնշյալ առօրեականության, ունայնության եւ մարդկության ապագա ճակատագրին ուղղված մտորումներից դրդված՝ ժյուրին ընտրեց Գրան պրիի մրցանակակրին։ Մեզ համար կարեւոր էր՝ մեր ընտրությամբ նոր մտածողության օրինակ մատուցել եւ չսահմանափակվել տեխնիկական հմտությունների արձանագրմամբ։ Իսկ ժամանակակից արվեստի նկատմամբ վերաբերմունքն արվեստագետների կողմից արտահայտվում է առավելապես տեխնիկական մոտեցմամբ»:

Ա․ Շտեհելը կարեւորում է նաեւ ոլորտի մասնագետների ներկայությունը Երեւանում․ «Այդ առումով երեւանյան բիենալեն հարթակ է հանդիսանում՝ այդ մարդկանց միջեւ շփման եւ փորձի փոխանակման համար։ Կարծում եմ` դա ապագայի ներուժն է, իսկ երեւանյան բիենալեի տեսլականն է՝ միավորել մշակույթներն ու մարդկանց»։

Ինչո՞ւ է երեւանյան միջազգային բիենալեն արձանագրում այս որակն ու արհեստավարժությունը․ բիենալեի կազմակերպիչ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը կարճ պատասխան ունի այս հարցին․ «Մենք կարողացանք հասնել այս մակարդակին միայն մեր հետեւողական աշխատանքի ու լուրջ վերաբերմունքի շնորհիվ։ Սա ՀՀ-ում իրականացվող այն բացառիկ իրադարձություններից է, երբ, ինչպես կազմակերպիչները, այնպես էլ ժյուրիի անդամները միմյանց չեն զիջում՝ աշխատանքի հանդեպ իրենց լրջությամբ, ինչը կարեւոր օրինակ է՝ ողջ կյանքում առաջնորդվելու համար։ Ինչո՞ւ եմ սրա մասին խոսում, որովհետեւ Հայաստանի համար դժվար աշխարհաքաղաքական այս իրավիճակում մեզնից յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին հարց ուղղի իրեն՝ իսկ ի՞նչ է ինքն արել Հայաստանի Հանրապետության համար։ Ես հպարտ եմ արձանագրելու, որ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 10 տարիների ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտը դառնա ճանաչելի Հայաստանի սահմաններից դուրս եւ ապահովի հարթակ՝ միջազգային արվեստագետներին համախմբելու համար»։ 

Ստորեւ մրցանակակիր գործերը

Գլխավոր մրցանակ` Իչիրո Ցուբակի (Ճապոնիա)

Առաջին մրցանակ՝ Ագնեշկա Լեխ-Բինչիցկա (Լեհաստան)

Երկրորդ մրցանակ՝ Պավել Դելեկտա (Լեհաստան)

 

Երկրորդ մրցանակ՝ դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Մանուել Էրնանդես Կաստիլիո (Մեքսիկա)

Երրորդ մրցանակ՝ Ալեքսանդր Տոդորով (Ֆրանսիա)

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ