Կորոնավիրուս, սիրում եմ քեզ

Կորոնավիրուս, սիրում եմ քեզ

«Կորոնավիրուսով վարակված մեր առաջին հայրենակցին պարգեւատրելու եմ»․ Փաշինյանի այս հայտարարությունը կընդգրկվի քաղաքագիտական մտքի անթոլոգիայում: Չերչիլը, որ Չերչիլն է, ավելի խորունկ ոչինչ չի ասել: Մեզ մնում է ապրել ու տեսնել այն պահը, թե ինչպես է Փաշինյանը կառավարությունում ընդունում կորոնավիրուսով առաջինը վարակված մեր հայրենակցին, շնորհավորում նրան այդ կապակցությամբ եւ կառավարական պարգեւներ հանձնում: Իմ նյարդերն այնքան ամուր չեն, որ կարողանամ դիմանալ այդ հուզիչ տեսարանին…

Վերջին տվյալներով, մենք ունեինք 122 վարակակիր եւ մեկ առողջացած: Եթե շարժվենք առաջին վարակակրին պարգեւատրելու Փաշինյանի տրամաբանությամբ, ապա առողջացած քաղաքացիներին էլ երեւի պետք է բռնել, նախատել, միգուցե նաեւ բանտ նստեցնել:

Իսկ եթե ավելի լուրջ, ես առաջարկում եմ կորոնավիրուսի թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն մեր այն անանուն քաղաքացիների անձնական իրերը (ալկոգել, դիմակ, ձեռնոցներ), որնք այս կամ այն կերպ առնչվել են (վարակվել, մեկուսացվել, ինքնամեկուսացվել եւ այլն) կորոնավիրուսի հետ: Այդ թանգարանի մի առանձին ցուցասրահում, շքեղ շրջանակի մեջ, կարելի է կախել արտակարգ դրության մասին Փաշինյանի կառավարության անզուգական, ես կասեի՝ աննախադեպ, հայերեն տեքստը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունը մեկ ամսով Հայաստանի Պարետություն դարձնելու խիզախ որոշումը՝ Տիգրան Ավինյանի լուսանկարով՝ 3-ը 4-ի վրա, գլխարկով: Հայ բժիշկների եւ գործարարների սխրանքների մասին պատմող ցուցասրահներում թող հավերժական ծափահարություններ լսվեն: Սա ես ամենայն լրջությամբ եմ ասում, որովհետեւ մեր բժիշկները միակն էին աշխարհում, որ կարելի է ասել, բաց ձեռքերով գոտեմարտի բռնվեցին սարսափելի վիրուսի հետ, իսկ գործարարներն էլ ուղղակի հրաշագործ էին, համարյա՝ ֆոկուսնիկ, որ կարողացան բոլոր կողմերից փակված Հայաստան ներկրել ամեն տեսակի ապրանքներ՝ կորոնավիրուսի այն դժնդակ օրերին: Սամվել Ալեքսանյանի անունը ոսկի տառերով պետք է գրել հատուկ ցուցափեղկում: Նա եւ միայն նա գիտեր, թե որքան էին կազմում շաքարավազի, կարագի, մսի, բանանի, խտացրած կաթի եւ օղու մեր պաշարները:

Բնականաբար, ոչ մի կերպ հնարավոր չէ մոռանալ նաեւ կորոնավիրուսի բորբ օրերին Ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի նշանակումները: Հիրավի խիզախություն պահանջող այդ քայլը Փաշինյանը կատարեց հեռախոսն ականջին, որով առողջապահության նախարարը տեղեկացնում էր վարակվածների՝ տասնյակներով ավելացող թվերը: Սերունդները, գուցե, հետաքրքրվեն՝ իսկ ինչո՞ւ փակեցին Ոստիկանության «02» շաբաթաթերթը, այն էլ՝ ոստիկանապետ նշանակելու հաջորդ օրը: Եթե նրանց կհետաքրքրի իմ համեստ մասնագիտական կարծիքը, ապա ասեմ, որ դա կառավարության մեջ եղած խուճապի հետեւանք էր: Այլ բացատրություն չունեմ, քանզի հատնի էր, որ կառավարությունն անհաշտ պայքար էր սկսել քրեական ենթամշակույթ ունեցող քաղաքացիների դեմ, իսկ «02»-ը միակ թերթն է, որ օրինապաշտ քաղաքացի էր դաստիարակում: Այո, հենց խուճապահար էլ դադարեցրին Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող կազմակերպության գործունեությունը: Երեւի մտածում էին, որ Ոստիկանությանը բռնելուց, ասֆալտին փռելուց ու բերման ենթարկելուց բացի այլ բաներ բնորոշ չեն:

Չար լեզուներն ասում են՝ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կմտքափոխվի կորոնավիրուսի կապակցությամբ պարգեւներ հանձնելու գաղափարից, ինչպես դա եղավ, օրինակ, հանրաքվեից եւ քարոզարշավից հրաժարվելու պարագայում: Համամիտ չեմ: Փաշինյանը, սովորաբար, հրաժարվում է անհեռանկար քաղաքական որոշումներից, բայց այն, ինչ վերաբերում է պոպուլիզմին, նա պահում ու կատարում է սրբորեն: Արայիկ Հարությունյանին, օրինակ, փող տվեց, որ ԿԳՄՍ-ն հոգա կորոնավիրուսից չմահացած դերասան Երվանդ Մանարյանի, դիրիժոր Յուրի Դավթյանի եւ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Գումարը մեծ չէ, չի գերազանցում ԿԳՄՍ նախարարի մեկ ամսվա աշխատավարձն ու պարգեւավճարը, բայց, ամեն դեպքում, հաճելի է որպես պետության ղեկավարի ուշադրություն:

ՀԳ. Փաշինյանն աշխարհի միակ ղեկավարն է, որ հայտարարել է, թե կորոնավիրուսն իր երկրի տնտեսության զարգացման համար լայն հեռանկարներ է բացել: «Գուցե ցինիկ հնչի, բայց հիմա ճիշտ ժամանակն է տնտեսական հեղափոխություն անելու»,- հայտարարել է վարչապետը հեռուստաեթերից: Այս հայտարարությամբ հիմա զբաղվում են աշխարհի բոլոր տնտեսագետները, մինչդեռ մեր հայրենակիցներից մեկը Փաշինյանի հայտարարությունից բխող հստակ առաջարկ է արել արդեն: Նա գրել է. «Վարչապետին ասեք, որ BMW ավտոգիգանտը կորոնավիրուսի պատճառով փակել է իր բոլոր գործարանները: «ԵրԱԶ» արտադրելու եւ Եվրոպան հեղեղելու ճիշտ ժամանակն է»: