Պատրաստ են զիջել տարածքներ՝ հանուն խաղաղության
Bloomberg պարբերականը գրում է, որ ուկրաինացիների մի մասը համաձայն է Ռուսաստանին զիջել տարածքներ՝ հանուն խաղաղության։ Ըստ հրապարակման, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գուցե եւ դեռ չի մտածում խաղաղության բանակցությունների ռազմավարության մասին եւ հրաժարվում է այս իրավիճակում գնալ հաշտության։ Սակայն հարցումները ցույց են տվել, որ ոչ մեծ, սակայն անընդհատ ստվարացող հանրային մի շերտ է ձեւավորվել Ուկրաինայում, որը հանգել է այն մտքին, որ կարելի է տարածքային զիջումներ անել Ռուսաստանին՝ հանուն խաղաղության։
Ընդ որում, տարածքային զիջումները խաղաղության համար վճարելիք անխուսափելի գինն են համարում։ Հոդվածում նշվում է, որ ուկրաինացիները հիասթափվել են Արեւմուտքի որոշ դաշնակիցներից, որոնք ամբողջապես հասկանալով, թե այս պատերազմն ու ճակատային առաջին գծում լինելն իրականում ինչ է նշանակում, որոշել են հետքայլ անել։ Սպասումները, ըստ Bloomberg-ի, եղել են չափազանցված, իսկ ռուսական պաշտպանական գիծն էլ թերագնահատված։
Այս ամենի ֆոնին, մարտի դաշտում ամեն բան դառնում է ավելի բարդ՝ ձմռան գալստյան հետ։ Ուկրաինայի համար խնդիրներից մեկն էլ բանակի թվաքանակի հետ կապված խնդիրներն են։ Ռուսական կողմը շարունակում է ճակատային գոտի բերել նորանոր զորախմբեր` նոր զորակոչերի շնորհիվ, իսկ Կիեւը արդեն չի հասցնում համալրել իր կորուստները` ոչ նման ցանկություն ունի, ոչ նման հնարավորություն եւ վարձկաններ վերցնելու հնարավորություններն էլ են սուղ։ Հանրագումարում՝ եւ Եվրոպայում, եւ Միացյալ Նահանգներում սկսում են մտածել, թե արդյոք հնարավոր կլինի՞ հասնել ցանկալի արդյունքների, ունենալով սահմանափակ ռեսուրսներ եւ մի իրավիճակ, որը ուկրաինական բանակի գլխավոր գեներալն անվանել է պատային։
Կարծիքներ