Ում հետ ինչով ենք համեմատվում

Ում հետ ինչով ենք համեմատվում

Հայաստանում գույքահարկը շուկայականին մոտեցնելու արդյունքում սեփականատերերը վճարելու է գույքի արժեքի 0,2  տոկոսից մինչև 1 տոկոս գույքահարկ՝ կախված դրա շուկայականին մոտարկված արժեքից և մի քանի այլ գործակիցներից։ Գույքարկի բարձրացման կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ աշխարհում ամեն տեղ կենտրոնում անշարժ գույքը բարձր է․ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Իսրայել։  Կառավարությունը փաստարկում է, թե եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրներից, ԵՏՄ անդամ երկրներից, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0,2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան՝ 0,1 տոկոս: Օրինակ՝ հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1,1 տոկոս, Ռուսաստանում՝ 1,2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1,4 տոկոս, Ճապոնիայում՝ 1,9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2,7 տոկոս:

Շատ լավ։ Բայց տնտեսագիտության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, և տեսնենք, թե ինչպիսի միջին աշխատավարձեր  ու թոշակներ են ստանում համեմատվող երկրներում, ինչպիսի՝ Հայաստանում։ Վերցնենք, օրինակ ԵՄ կազմում գտնվող Լատվիան ու նախ հաշվարկենք Ռիգայի բնակիչների գույքահարկը, մերը, ապա մեր ու  նրանց թոշակները, աշխատավարձերը։ Եվ այսպես, ռիգացիների 85 տոկոսը բնակվում է տիպային բազմաբնակարան և այլ շենքերում, որոնց համար գույքահարկը հաշվարկվում է՝

1․ 57 հազար եվրոն չգերազանցող բնակարանների դեպքում՝ կադաստրային արժեքի 0․2 տոկոսը

2․ 57 հազար եվրոն գերազանցող, սակայն 107 հազար եվրոյից ցածր արժեք ունեցող բնակարանների համար՝  դրանց արժեքի 0,4 տոկոսը

3․ 107 հազար եվրոն գերազանցող բնակարանների դեպքում՝ բնակարանների կադաստրային արժեքի 0,6 տոկոսը։ 

Ստացվում է, որ 57 հազար եվրոյանոց բնակարանի համար ռիգացին տարեկան պետությանը պետք է  վճարի մոտ 114  եվրո, 106 հազար եվրոյանոց  բնակարանի համար՝ մոտ 424  եվրո և 107 հազար եվրոյից  ավելի բարձրի դեպքում՝ մոտ 642։ Հայաստանում գրեթե նույն դրուքաչափերն են ․ ամենացածր 0․05 տոկոսը հաշվարկվում է  մինչև 10 միլիոն  դրամը (ներառյալ) բնակարանների համար:  Այսինքն՝ 18․5 հազար դոլարանոց բնակարանների համար տարեկան  շուրջ 50 հազար դրամ։ 10 միլիոնից 25 մլն․ դրամը (ներառյալ)արժեքի բնակարանների համար  5000 դրամ+ հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0․1 տոկոսը՝ 30 հազար դրամ։   25-ից մինչև 47 միլիոն դրամանոց կամ  87 հազար եվրոյանոց բնակարանների դեպքում՝ 20000 դրամ+ հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանվող մասի 0․2 տոկոսը՝ 70 000։

Ի դեպ, 100 միլիոն դրամից բարձր տների համար սա կկազմի  տարեկան շուրջ 1 միլիոն 326 հազար։ Այսինքն՝ 326 հազար դրամ+ 1000 միլիոնի մեկ տոկոսը։ 2455 եվրո։  Այսինքն՝ Հայաստանում ու Լատվիայում մոտավորապես նույն գույքահարակն է։ Հիմա համեմատենք Լատվիայի և Հայաստանի նվազագույն և միջին  աշխատավարձերն ու թոշակները։2020թ․ Լատվիայում նվազագույն աշխատվարձը կազում է  370 եվրո կամ  շուրջ 201 հազար դրամ, Հայաստանում նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ է։ Միջին աշխատավարձերը․Լատվիայում՝ Ռիգայում կազմում է 936 եվրո կամ  509 հազար դրամ, Հայաստանում՝ Երևանում այն կազմում է շուրջ 190  հազար դրամ։ Ճիշտ է՝  լատվիական այլ քաղաքներում միջին աշխատավարձը ավելի ցածր է,  582-ից 678 եվրո, բայց համապատասխանաբար ցածր է նաև Հայաստանի մարզերում միջին աշխատավարձը։ Իսկ բազային կենսաթոշակը Լատվիայում կազմում է 80 եվրո կամ  43 հազար դրամ։  Ինչ վերաբերում է  որպես օրինակ բերվող մյուս երկրներին․ ԱՄՆ միջին աշխատավարձը 2020-ին կազմում է 3620 դոլար, Իսրայելում, որտեղ ըստ մասնագիտությունների ու շրջանների՝ խիստ անհատական է, ծրագրավորողները ստանում են 4790, բժիշկները 4505, բուժքույրերը 1940, էլեկտրիկները 3080, շինարարները 2510 դոլար, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են այլ շրջանների համեմատ միջին աշխատավարձը կազմում է շուրջ 80 հազար ռուբլի կամ 550 հազար դրամի։

ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից «Հրապարակը» փորձեց պարզել, թե ինչ կարծիք ունի նախկին փոխվարչապետը գույքահարկի բարձրացման կապակցությամբ, որի դեմ, ինչպես հիշում ենք՝ ֆլեշմոբ է ընթանում։ «Ընդհանրապես, գույքահարկը շուկայական արժեքներին մոտեցնելը շատ ճիշտ է, բայց իրականացման տեսանկյունից խնդիրներ ունենք»։ Այսինքն՝ Վաչե Գաբրիելյանը պարզաբանում է, որ անմիջապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում է օրենքն ընդունվում և երկրորդ՝ «դա պրոգրեսիվ է»։ Նա այս կապակցությամբ հավելեց․«Իմ կարծիքով՝ պրոգրեսիվ պետք է լինի եկամտահարկը և ոչ թե գույքահարկը»։ Նաև ասաց, որ գույքահարկը սահմանելիս տարբեր բաներ պետք է հաշվի առնվեն։Քանի որ նախկին փոխվարչապետը պատրաստվում է անձամբ  և շատ ավելի հանգամանալից այս խնդրին անդրադառնալ, ուստի՝ չցանկացավ այլ թվային և վերլուծական ցուցանիշներ փոխանցել։

Հ․Գ․ Վաչե Գաբրիելյանից նաև հարցրեցինք, թե արդյոք ինքը չի եղել այն փոխվարչապետը, որը 2018-ի ապրիլի սկզբներին զանգահարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել հետ վերցնել Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմումը։ Գաբրիելյանն ասաց՝ ես չեմ զանգահարել։