Ռուբեն Խլղաթյանը կմնա կալանքի տակ

Ռուբեն Խլղաթյանը կմնա կալանքի տակ

Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը շարունակում է մնալ կալայնքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Գայանե Պապոյանը։

Նա նաեւ նշեց, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանավորման դեմ պաշտպանական կողմից տարած բողոքը։

Պաշտպանը նաեւ նշեց, որ հիմնավոր կասկածը առկա չէ եւ դատարանի որոշումն օրինական չէ։

Առաջիկայում հնարավոր է նրանք խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնեն դատարան, դա քննարկման փուլում է։

Հիշեցնենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք էր ներկայացվել, որն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, իսկ դատավոր Վահե Ջիվանյանը բարձրացրել էր ընդդատության հարցը՝ բողոքը փոխանցելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին, սակայն մինչ ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվեր, վարույթ իրականացնող մարմինը շտապել էր մեղադրանք առաջադրել Խլղաթյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել էր։