Մենք առաջվանը չենք

Մենք առաջվանը չենք

Անցյալում էլ քաղաքական ուժերն ու անձինք սիրում էին ինտրիգներ ու մանիպուլյացիաներ անել, խաբել եւ մոլորեցնել հասարակությանը։ Պոպուլիզմն ու ժողովրդահաճո տեքստերը նախկինում էլ էին մեզանում հարգի։ Ե՛վ իշխանությունը, ե՛ւ քաղաքական կուսակցությունները մրցում էին միմյանց հետ՝ ժողովրդի սիրուն արժանանալու, փիառի եւ ռազմահայրենասիրական տեքստեր արտաբերելու հարցում։ Եվ ժողովրդի սիրուն, իմա՝ քվեին, արժանանալու համար բոլոր միջոցները կիրառելի էին, ոչ մի ճանապարհ մերժելի չէր։

Բայց սուտն ու խաբեությունն այսքան համատարած չէին, եւ մեր ժողովուրդն էլ դրա հանդեպ այսքան հանդուրժող չէր, ինչպես այսօր։ Ասենք, օրինակ, 2008 թվականին Արթուր Բաղդասարյանի քայլը՝ ընտրությունների երկրորդ փուլում Սերժ Սարգսյանի կողմն անցնելը, ժողովուրդն այդպես էլ չներեց։ Եվ հսկայական ընտրազանգված ունեցող ՕԵԿ-ը հենց այդ պատճառով դուրս մղվեց ասպարեզից։ Չներեց նաեւ Արտաշես Գեղամյանի ճամբարափոխ լինելը։

Լեւոն Տեր-Պետրոսյանին չներեցին 1996 թվականի ընտրությունների կեղծիքն ու Վազգեն Սարգսյանի հայտարարությունը, որ «անգամ եթե նրանք (ընդդիմությունը) հաղթեր 100 տոկոս ձայներով, ո՛չ բանակը, ո՛չ Ազգային անվտանգությունը եւ ո՛չ ներքին գործերի նախարարությունը չէին ընդունի ընտրվածներին»:

Ժողովուրդը չներեց նաեւ Սերժ Սարգսյանին, որը հայտարարել էր, թե երկրի կառավարման կարգի փոփոխությունից հետո այլեւս չի հավակնելու պետության ղեկավարի պաշտոնին, սակայն 2018-ին միտքը փոխեց։

Այսօր գրեթե չկա օր, որ իշխանության բարձր օղակներում նստածների եւ վարչապետի ստերն ու մանիպուլյացիաները չբացահայտվեն։ Մեզ հաշտեցրին ոչ միայն իշխանավորների դավաճանության եւ ստերի հետ, այլեւ հայրենիքի մի հատվածի կորստի, մի ամբողջ լուսավոր սերնդի զոհվելու, տնավեր ու անհեռանկար կյանքի հետ։ Թվում էր՝ այս փաստերից յուրաքանչյուրը պետք է դառնար պատճառ, որ հասարակությունը չներեր դրանց հեղինակներին, բայց ժողովուրդն այլեւս առաջվանը չէ՝ նույնքան արժանապատիվ ու պահանջատեր չէ իր իշխանությունների հանդեպ, ինչպես 90-ականներին կամ 2000-ականներին էր։