Դիվանագիտական հաղթանակ

Դիվանագիտական հաղթանակ

Կորստի վիշտը մտել է եթե ոչ ամեն տուն, ապա ամեն քաղաք ու գյուղ, ամեն փողոց ու բակ։ Սեւ ժապավենները մարդկանց ամեն քայլափոխի հիշեցնում են, որ ջահել-ջիվան երեխաներին ենք ճանապարհում, եւ մարդկային գիտակցությունը հրաժարվում է ընկալել անբնական այս ընթացքը, երբ ծնողը զավակին է հողին հանձնում, այլ ոչ թե հակառակը։ Մեկին օրհնելիս մեր մեծերն ասում են՝ չոր աչքով գերեզման մտնես։ Այս հրեշավոր պատերազմը մեզ զրկեց այդ իրավունքից, թաց աչքերով ու ցավից կուչ եկած սրտով հետեւում ենք, թե ով էր հերթական հերոսը, ում հողին են հանձնում դեռ չծերացած նրա ծնողները։ Եվ այս մղձավանջի մեջ այլեւս լսելի չեն այն էյֆորիկ կոչերն ու հաղթանակի սպասումները, որոնք տիրում են համացանցում։ Ոչ մի հաղթանակ չի կարող մոռացնել զավակ կորցրած մայրերի վիշտը եւ չի կարող կենդանացնել նրանց զավակներին։

Հասկանալի է, որ հաղթանակի սպասումը պայմանավորված է Արցախի ճակատագրի հանդեպ լավատեսությամբ։ Եվ հաղթանակ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք Արցախի անկախության ճանաչումն ու նրա ապագա խաղաղ եւ բարեկեցիկ կյանքը։ Տա Աստված, որ այս զոհերի արյան գնով գոնե այդ հարցում ունենանք ձեռքբերում, եւ նրանց անձնազոհությունն ապագա սերունդների ապահով կյանքով փոխհատուցվի։

Բայց մտածող մարդիկ հասկանում են, որ ռազմի դաշտում հաղթանակը դեռ բավարար չէ Արցախի հարցի լուծման համար։ Եթե բավարար լիներ, ապա 92-94 թվականների մեր հաղթանակի արդյունքում կամրագրվեր մեզ համար ցանկալի կարգավիճակը։ Բայց եթե 30 տարում մեր հաղթանակը չհաջողվեց ամրագրել թղթի վրա, նույն հաջողությամբ էլ այսօրվա հաղթանակը կամ պարտությունը ոչինչ չի նշանակելու։ Ուստի մեզ հարկավոր է հաղթանակ բացառապես դիվանագիտական ասպարեզում, եւ մենք ամեն ինչ պիտի անենք դրան հասնելու համար