Համաշխարհային պատմության մեջ նման նախադեպ չկա

Իլհամ Ալիեւն օրերս հայտարարեց, որ Հայաստանի հետ «խաղաղություն» հնարավոր է, բայց մի պարագայում` եթե փոխվի Հայաստանի մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Նա չի թաքցնում, որ միջամտում է մեր երկրի գործերին եւ իրեն թույլ է տալիս գնահատականներ տալ մեր Սահմանադրությանը, հայտարարում է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրն Ադրբեջանի նկատմամբ «տարածքային նկրտումներ» է պարունակում։ «Հայաստանի Սահմանադրության եւ այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը Հայաստանին միացնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող ուղղակի կոչեր։ Այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանադրության մեջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Եթե մինչ այս մենք ընդամենը գուշակություններ էինք անում, թե ՀՀ Սահմանադրության փոփոխության խնդիրը թելադրված է մեր թշնամիների կողմից, սրանից հետո այլեւս պարզ դարձավ, որ հենց այդպես է` Ալիեւը սկսել է բաց խաղալ: Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ էության, չի թաքցնում, որ ՀՀ Սահմանադրությունը վերաձեւելու է Ալիեւի ցանկություններին համապատասխան։
«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում»,- ասել է Փաշինյանը։ Թե ինչ է հասկանում նա՝ ասելով «մրցունակ եւ ավելի կենսունակ», այլեւս կարեւոր չէ, քանի որ մի բան հստակ է՝ Հայաստանն այլեւս շարժվում է թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով։ Պարտադիր չէ, որ Ազգային ժողովի կամ կառավարության վրա «փողփողան» Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները։
«Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ այդպիսով ադրբեջանական կողմն իրավական հնարավորություն է ստեղծում՝ լեգիտիմություն ապահովել Հայաստանի Հանրապետություն հերթական ներխուժման համար։
«Եթե Անկախության հռչակագիրը մենք չեղարկում ենք, դե ֆակտո մենք մեր ձեռքով վերացնում ենք մեր պետությունը, մեր անկախ պետականությունը, մեր անկախությունն ենք ոչնչացնում։ Սահմանադրության նախաբանից հանելով Անկախության հռչակագրի մասին վկայակոչումը՝ մենք դրանով, փաստորեն, վերացնում ենք մեր անկախ պետականությունը։ Այդ հռչակագրի հիման վրա է ստեղծվել Հայաստանի երրորդ հանրապետությունը, եթե մենք հրաժարվում ենք այդ Հռչակագրից, նշանակում է, որ այդ տարածքը, որի վրա կա Հայաստանի Հանրապետությունը, դառնում է մի անտեր տարածք։ Ու դա հնարավորություն է տալիս ադրբեջանցիներին, քանի որ այստեղ որոշակի չէ, թե ինչ պետության տարածք է, ինչ տարածքի վրա է, այսպես կոչված, չորրորդ հանրապետությունը տարածվում, ասել, որ սա իր պատմական հայրենիքն է, ու ինքը ներխուժում է՝ իր պատմական հայրենիքն ազատագրելու համար։ Սա ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա իրականացնելու տեսանկյունից իրավական հիմքեր, լեգիտիմություն ապահովելու համար է Ալիեւը ստիպում Փաշինյանին անել։ Փաշինյանն էլ, բնականաբար, իր իշխանությունը պահելու համար, ժողովրդին պատերազմով վախեցնելով, գնում է այդ քայլին»,- ասաց Սողոմոնյանը։
Ալիեւը խոսել էր նաեւ միջազգային կառույցների հետ Հայաստանի Հանրապետության ունեցած պայմանագրերի մասին։ Եվ եթե Հայաստանը վերացնում է իր ստորագրած կոնվենցիաները, միջազգային պայմանագրերը՝ երկկողմ, բազմակողմ, ինչով ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը, դրանով էլ է պետության իրավական հիմքերը զրոյացնում։
«Այդ ամեն ինչը չեղարկելուց հետո ի՞նչ է լինելու․ պետությունը 3 հատկանիշ ունի՝ տարածք, բնակչություն եւ սուվերենություն, այսինքն՝ եթե մենք այդ սուվերենության հատկանիշը վերցնում եք այս պետության վրայից, տակը մնում են տարածքն ու բնակչությունը՝ մենք պետությունը վերացնում ենք մեր ձեռքով, մեր քվեարկությամբ»,- նկատեց Սողոմոնյանը։ «Հայաքվեի» անդամը նկատում է, որ համաշխարհային պատմության մեջ նման նախադեպ պարզապես չկա։ Մենք մեր անկախ պետականությունը վերակերտել ենք 1918 թվականին, որի հիմքի վրա էլ 1990 թվականին ընդունվել է Անկախության հռչակագիրը։
Արդյո՞ք ՀՀ-ին պարտադրվող նոր սահմանադրությամբ Ալիեւը նաեւ Հայաստանի ապառազմականացման խնդիր չի լուծի՝ հաշվի առնելով, որ Փաշինյանն այդ մասով արդեն հասցրել է ոչ միանշանակ հայտարարություններ անել։ «Որպես Ալիեւի պահանջ եւ որպես Փաշինյանի հանձնառություն՝ միանշանակ հավատում եմ, որ կարող է այդպիսի բան էլ լինել։ Չգիտեմ ինչպես կամրագրեն, բայց զինված ուժերին վերաբերող կետը, թե իրենցից ինչ են ներկայացնում զինված ուժերը, ինչ ֆունկցիա են իրականացնում եւ այլն, կարող է ընդհանրապես հանվել սահմանադրությունից։ Կարող է Հայաստանի առաքելական եկեղեցու կարգավիճակի մասին դրույթը հանվի, գրվի, որ պետությունը եկեղեցուց անջատ է, եւ որ բոլոր կրոնական կազմակերպությունները պիտի հավասար կարգավիճակ ունենան։ Կարող է ամուսնության ինստիտուտը եւս` որպես տղամարդու եւ կնոջ կամավոր միասնության գաղափար, հանվել՝ գրեն տղամարդկանց եւ կանանց, նկատի ունենալով, որ կարող են նույնասեռականներին էլ թույլատրել, եւ այսպես շարունակ»,- նկատում է մեր զրուցակիցը։
Այն, ինչը ՀՀ ազգային անվտանգությանն է վերաբերում, ազգային արժեհամակարգին, կարող են հանգիստ խարխլել: Խաղաղության մասին շինծու հիմնավորումներով կարող են մատուցել, որ տնտեսական զարգացումն է մեր առաջնահերթությունը, հետեւաբար, բանակի վրա չարժե փող ծախսել, այսպիսի հակահայկական ու կեղծ քարոզչական թեզերով հասարակության շրջանում այլ տրամադրություններ կարող են ստեղծել։
«Նման անհեթեթ ձեւակերպումներ տան եւ փորձեն իրենց դավաճանական քաղաքականության լեգիտիմության պայմաններ ապահովել»։
Կարծիքներ