«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրաժարվել է Սրմաքեշից ետ վերցրած շենքից

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հրաժարվել է Սրմաքեշից ետ վերցրած շենքից

Անցյալ տարի, երբ Գյումրու ավագանին որոշում կայացրեց  քաղաքի սեփականություն հանդիսացող ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքը տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, շենքի տասնյակից ավել բնակիչների սրտերը հույսով լցվեցին: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից հավանության էր արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր ծրագիրը, որով զարկ էր տրվելու բնակարանաշինությանը:

Տարիներ շարունակ խարխուլ հանրակացարանում ապրող բնակիչներն անհամբեր սպասում էին ծրագրի իրականացմանը: Բայց որքան մեծ էր հիասթափությունը, երբ վերջերս մարզային իշխանություններից տեղեկացան, որ  շենքը հիմնանորոգելու որևէ հեռանկար չկա, ավելին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրաժարվել է ռադիոգործարանի շենքից: Շիրակի մարզպետարանից պարզաբանում են, որ  երկար քննարկումներից հետո եկել են  եզրահանգման, որ երրորդ աստիճանի վթարային շենքը վերանորոգելը արդյունավետ չէ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում փնտրում է նոր տարածք՝ բոլորովին նոր բնակարաններ կառուցելու նպատակով: Իսկ ահա  ռադիոգործարանի հանրակացարանի շենքի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ:

Հիշեցնենք, որ դեռևս մի քանի  տարի առաջ Գյումրու ավագանին երկար բանավեճից հետո այդ շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրեց  ժամացույց արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, որի նախագահը հայազգի հայտնի գործարար Վարդան Սրմաքեշն է։

Անցյալ տարի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց եւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունից հետ վերցրեց ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքը՝ այն տրամադրելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մեր տեղեկություններով, սակայն,   ոչ թե ավագանին ետ վերցրեց իր նվիրաբերածը, ինչպես  նշվում էր,այլ Սրմաքեշն ինքն էր հրաժարվել ռադիգործարանի շենքից:Նա նախապես երկու շենք, ընդարձակ տարածք վերցնելու ցանկություն էր հայտնել, որն, ըստ իր ծրագրի,  վերածվելու էր դրախտավայրի, սակայն համայնքային իշխանությունը նվիրաբերեց մեկը, ինչից գործարարը դժգոհ էր մնացել: Անգամ լուրեր պտտվեցին,թե  ավագանու նիստից հետո Սրմաքեշի եւ համայնքային իշխանության հարաբերություններն այլևս նախկինը չեն: