Պետք է շատ արագ բարեփոխել ոռոգման ցանցը

Պետք է շատ արագ բարեփոխել ոռոգման ցանցը

Արդեն ակնհայտ է, որ այս տարի, գուցե նաեւ՝ առաջիկա մի քանի տարիներին, տնտեսական ճգնաժամը խնդիրներ է ստեղծելու կորոնավիրուս տեսած երկրների կառավարությունների ու հասարակության համար: Թե ինչպես կհաղթահարվեն այդ խնդիրները, կախված է տուժած երկրների կառավարությունների փորձառությունից: Իսկ մեր երկրի կառավարությունը, մեղմ ասած, փորձառությունից կաղում է: Ուստի, հույս ունենալ, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամը հեշտությամբ է հաղթահարվելու, միամտություն կլինի: Միակ բանը, որի վրա կարելի է հույս դնել, գյուղաբնակների ակտիվ գյուղատնտեսական գործունեությունն է, ինչի արդյունքում հնարավոր է մեղմել երկրում գյուղատնտեսական պարենի ճգնաժամը: Մեր երկրի կառավարությունը, լուծարելով գյուղնախարարությունը, ցույց տվեց իր վերաբերմունքը գյուղոլորտի նկատմամբ, հետեւաբար, նրանից դժվար է սպասել լուրջ եւ հեռատես վերաբերմունք ոլորտի նկատմամբ: Կառավարությունը նորից մարդկանց ուղարկում է բանկեր՝ առաջարկելով անտոկոս վարկեր՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Արդեն իսկ վարկերի տակ կքած գյուղացու համար ռիսկային է նոր վարկ վերցնելը, չէ՞ որ այդ վարկերն էլ, թեկուզ՝ անտոկոս, պետք է վերադարձնել: Ինչեւէ, կլինեն մարդիկ, ովքեր կօգտվեն այդ վարկերիցն եւ, գուցե, դա կարող է արդյունավետ լինել:

Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Ժողովուրդ, էս տարի մի թիզ անգամ անմշակ հող չե՛նք թողում։ Լցվե՛ք դաշտերը, էս հողը՝ խոպան, սպասում է մեզ։ Չգիտենք, թե ինչ կլինի աշխարհի հետ վեց ամիս, մեկ տարի, երկու տարի հետո։ Միանշանակ, էլ նախկին աշխարհը, գյուղը, քաղաքը չենք ունենա։ Մեր հույսը մենք ենք, մեր հողը, Բարիք արարող Մարդը։ Մեկուսանալը ճիշտ է, բայց պարապ մի՛ նստեք գյուղերում։ Վե՛ր կացեք ու վարեք հողը։ Մեկդ ցորեն թող ցանի, մյուսդ՝ գարի, լոբի կամ կաղամբ, գազար կամ բազուկ, կտավատ կամ հաճար։Պարապ չմնա՛ք ու պարապ չթողե՛ք հողը»։ 

Կարապետյանի այս կոչը, իսկապես, տեղին է ու ժամանակին, քանի որ այսօր հողն է մեր հույսը: Գյուղացին ինքն էլ է հասկանում, որ այս տարի, ավելի քան նախորդ տարիներին, ինքը պետք է պահի ոչ միայն իրեն, այլեւ քաղաքաբնակներին: Նախորդ տարիների փորձից, սակայն, գյուղացին լավ գիտի, որ հող մշակելը կապված է շատ խնդիրների հետ, հատկապես՝ ոռոգման ջրի: Գյուղական համայնքներում, հատկապես Արարատյան դաշտավայրի, ոռոգման ցանցը շարքից դուրս եկած է, արտեզյան հորերը ցամաքել են դեռեւս նախկին իշխանության տարիներին, քանի որ ոմանք ընդերքի ջրերը ծառայեցրել են իրենց անձնական բիզնեսների բարգավաճմանը: Ոռոգման սեզոնին գյուղացիների մեջ հաճախ են լինում կռիվներ, վեճեր՝ ջուրը կտրելու համար: Հիասթափված գյուղացիներից շատերը վերջին տարիներին արդեն անմշակ էին թողնում իրենց վարելահողերը, անգամ՝ տնամերձները: Գարունն արդեն եկել է, եւ գյուղական աշխատանքներն արդեն սկսված են: Իսկ որպեսզի գյուղացին նորից սկսի մշակել հողը, առաջին հերթին ու հրատապ պետք է կարգի բերել ոռոգման ցանցը, մաքրել ջրատարները, նոր նավակներ տեղադրել նաեւ գյուղամիջյան տողատարածքների միջեւ, ջուրը հասցնել գյուղացուն, որոշ տեղերում ավելացնել համայնքային արտեզյան հորերը, որպեսզի հորին մոտ ապրողներն ավելի շահեկան վիճակում չհայտնվեն՝ ամեն օր ոռոգելով իրենց հողամասերը, իսկ հեռու հողատարածքները ջրի պակասից չորանան: Գյուղացին անձնական միջոցներ չունի նման խնդիրներ լուծելու: Սա այս պահին շատ կարեւոր քայլ է, որը պետք է անի պետությունը: Ոռոգման ցանցի բարեփոխումից հետո պետք է զբաղվել պարարտանյութերի ու թունաքիմիկատների ներկրման խնդիրներով, բանակցել ներկրող ընկերությունների հետ, որպեսզի կարգավորեն որակյալ ու գյուղացու համար մատչելի պարարտանյութերի ու թունաքիմիկատների ներկրումն ու վաճառքը: 

Այսօր գյուղերում շատ կան չմշակվող հողատարածքներ, որոնց տերերը կա՛մ արտերկրում են, կա՛մ այլ աշխատանքով են զբաղված եւ ժամանակ չունեն դրանք մշակելու: Մինչդեռ, քաղաքաբնակներից շատերը այս տարի ցանկություն ունեն զբաղվելու հողագործությամբ, բայց չունեն հնարավորություն, հողամասեր: Կարելի է համայնքային իշխանությունների միջոցով կազմակերպել եւ հայտարարությունների միջոցով այդ հողատարածքներն առաջարկել քաղաքաբնակներին: Այսօր այն իրավիճակն է, երբ մարդիկ պետք է մեկը մյուսին օգնության ձեռք մեկնեն, օգնեն՝ հաղթահարելու այս հոգեբանական եւ տնտեսական ճգնաժամը: