Ինչպես է ընթանում պատրիարքական նախընտրական քարոզարշավը Կ․ Պոլսում

Ինչպես է ընթանում պատրիարքական նախընտրական քարոզարշավը Կ․ Պոլսում

Պոլսահայ «Ակօսը» գրում է, որ Նախաձեռնակ մարմնի հայտնի որոշումից հետո, կապված թուրքական իշխանության տված կանոնագրի չբողոքարկման հետ, պատրիարքական Աթոռի հիմնական թեկնածուներ, գործող տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս  Աթեշյանը  ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ են։ Նրանք տարբեր թաղերում հանդիպումներ են անցկացնում ժողովրդի հետ, փորձում իրենց ծրագրերի հետ կապված բացատրական աշխատանք տանել։

 Ուշագրավ է, որ երկու թեկնածուներն էլ հանդիպումներն անցկացնում են նույն օրերին եւ նույն ժամերին տարբեր շրջաններում։ Այսպես, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը խոստացել է, որ եթե պատրիարք ընտրվի, ապա մեկ քահանայով իրականացվող արարողությունների ժամանակ պատրիարքարանը որեւէ գանձում չի իրականացնելու։ Եպիսկոպոս Մաշալյանը նաեւ հայտարարել է, որ եթե իշխանությունների տված կանոնագրի վիճահարույց հարցերի շուրջ առարկություններ լինեին, ապա ընտրությունները եւս մեկ անգամ պետք է հետաձգվեին անորոշ ժամկետով,  «Ակօսը» գրում է որ իր համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է գործող տեղապահը նման հայտարարություն արել։