Եթե 25 տարեկանը կարող է դառնալ պատգամավոր, ինչո՞ւ չդառնա դատավոր

Եթե 25 տարեկանը կարող է դառնալ պատգամավոր, ինչո՞ւ չդառնա դատավոր

Արդարադատության 28-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է երիտասարդացնել դատական համակարգը, այնպես, որ իրենից տարիքով ավելի երիտասարդ մարդիկ էլ լինեն դաշտում։ Հավանաբար, ամբիցիայի ու կոմպլեքսների խնդիր է։

Խոսքը Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի մասին է, որով նախարարությունն առաջարկում է դատավորների տարիքային շեմը 28-ից դարձնել 25։ Այսինքն՝ դատավոր կարող են դառնալ արդեն 25 տարեկանից սկսած,ոչ թե 28։ 

Սա, օրինակ, ոլորտի ներկայացուցիչների կողմից ընկալվում է ավելի շատ արդարադատության 28-ամյա նախարարի անձնական ամբիցաների դրսևորման փորձ՝ երիտասարդ նախարարը թերևս որոշել է իրենից տարիքով ավելի երիտասարդ, գրեթե մանկապատանեկան տարիքի դատավորներով համալրել համակարգը, որ իր ձայնը նոր Հայաստանի «անկախ» դատավորների մոտ ավելի հատու և ազդեցիկ հնչի։ Կամ էլ երիտասարդ նախարարն ու իր թիմակիցները հավանաբար ունեն բուհը նոր ավարտած և դեռևս անգործ կամ անպաշտոն իրավաբան ընկերներ, որոնց համար այս փոփոխությամբ դատարաններում աշխատատեղ են փորձում ապահովել։ Ու հետաքրքիր է, թե 25 տարեկան, անփորձ ու «մանկապատանեկան» դատավորներն ինչպես են վստահություն առաջացնելու հասարակության շրջանում իրենց ու ողջ դատական համակարգի հանդեպ։ Մանկապատանեկան, ի դեպ, բոլոր 25 տարեկաններին չի վերաբերում։

Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, որն, ի դեպ, դարձյալ 28 տարեկան է և նախարար Ռուստամ Բադասայնի կուրսընկերն է, Hraparak.am-ի հետ զրույցում այս փոփոխությունն այսպես մեկնաբանեց․ «Դրա նպատակը նոր շունչ հաղորդելն է դատական համակարգին և նոր մասնագետներով լրացնելը։ Այսինքն՝ հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին, եթե ԲԴԽ-ն իր բարդ ընթացակարգով կտեսնի, որ այդ թեկուզ 25 կամ 26 տարեկան անձնավորությունը համապատասխանում է, նոր կընդունվի Արդարադատության ակադեմիա, հետո նոր կքննարկվի նրա՝ դատավոր դառնալու հարցը»։

Ըստ փոխնախարարի, եթե իրենք տարիքային շեմն իջեցնում են, դա դեռ չի նշանակում, որ նրանք միանգամից նշանակվում են դատավոր․ «Դատավոր դառնալու համար կա բավականին բարդ ընթացակարգ՝ գրավոր քննություն, բանավոր քնություն, հարցում, ընդունելություն, հետագայում ակամեդիան ավարտել, նոր նշանակվելու պրոցես»։

Ռաֆիկ Գրիգորյանը դատավորների 25 տարեկան շեմը համեմատեց նաև ԱԺ պատգամավորների տարիքային շեմքի հետ։ «Եթե Ազգային ժողովի պատգամավորը 25 տարեկան թույլատրելի է, ապա կարծում եմ՝ կարելի է դիտարկել նաև դատավորի հարցը։ Դրա վերաբերյալ նախարարությունը, կարծում եմ, հանդես կգա հաղորդագրությամբ, որ մի շարք երկրներում նույնիսկ տարիքային շեմ նախատեսված չէ»,-ասաց Ռաֆիկ Գրիգորյանը։